Սուրբ Սարգսի տոնը Երևանում կնշվի մեծ տոնախմբությամբ

Սուրբ Սարգսի տոնը Երևանում կնշվի մեծ տոնախմբությամբ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդի հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 19-ին: Վաղը ժ. 11.00-ին Ս. Պատարագ կմատուցվի և երիտասարդների օրհնության կարգ կկատարվի Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում: Օրվա խորհրդին նվիրված ցուցահանդեսներ կաբցվեն Նկարիչների միության տանը և Ժող. Արվեստի թանգարանում:

Ժամը 15.30-ին մեծ տոնախմբություն տեղի կունենա «Սիրահարների զբոսայգում»: Արարատյան Հայրապետական թեմը և «Պողոսյան» այգիները սիրով հրավիրում են մասնակցելու աննախադեպ տոնախմբության: Համերգային ծրագրին կմասնակցեն Արամեն, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը, Սարգիս Մանուկյանը, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, «Սասուն» ազգագրական համույթը, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» և «Արարատ» համախումբերը, Ասոն, Արսեն Սաֆարյանը: Այգում կլինի նաև ձիավոր` նվերներով և այլ անակնկալներ:

Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան), ուր հետագայում կառուցվում է երանելու անունը կրող եկեղեցի: Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում:

Ս. Սարգիս Զորավարի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս.Սարգսի տոնին հիմնականում նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված հնգօրյա Առաջավորաց պահքը (այս տարի փետրվարի 14-18ը):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---