ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան (Մարտի 8) նվիրված ցուցահանդես: Դրա հիմքում ընկած է այս տարվա հիշատակման թեման` «Կրթության, գործնական ուսուցման, գիտության և տեխնոլոգիայի հավասար հասանելիություն. պատշաճ աշխատանք կանանց համար»:

Ցուցադրվել են հայ տաղանդավոր նկարիչներ Ֆլորա Բաղդասարյանի և Վլադիմիր Գրիգորյանի գունեղ կտավները: ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված նրանց արվեստի գործերը գրավել են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց` երիտասարդների, նկարիչների, միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության խմբերի, լրատվամիջոցների, ինչպես նաև լայն հասարակության ուշադրությունը:

Ցուցահանդեսի կազմակերպման նպատակն էր ողջունել պետության ջանքերը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես և Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումն է:

«Հայկական արվեստի գործերի միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել գենդերային հավասարության խթանման հարցին և գնահատել կանանց ունեցած ավանդը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում»,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

«Հայ կանայք գնահատում են գենդերային հավասարության խթանմանն ուղղված ՄԱԿ-ի կարևոր դերը»,- իր հերթին ասաց նկարչուհի Ֆլորա Բաղդասարյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի երեք շաբաթ` մինչև 2011թ. ապրիլի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ 12:00 -15:00, հաղորդում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---