Երևանում ներկայացվելու է Արևմտյան Հայաստանի հուշարձանների ոչնչացման մասին տեսահոլովակ

Երևանում ներկայացվելու է Արևմտյան Հայաստանի հուշարձանների ոչնչացման մասին տեսահոլովակ

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մայրիկ» տեսահոլովակի պրեմիերան: Արևմտյան Հայաստանում և Փարիզում նկարահանվել է մի երաժշտական տեսահոլովակ, որը փորձելու է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման վրա:

«Մայրիկ» տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել են 2010թ.-ին: Ընտրվել է ժամանակակից երաժշտական ժանրում գործիքավորված հայկական միջնադարյան «Ուր ես, մայր իմ» հոգևոր երգը` հայ երգչուհի Ռոզիի կատարմամբ, որին լրացնում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի ֆրանսերեն թարգմանությամբ ասերգը` ֆրանսիացի երգիչներ Ջիֆայի և Դեվոնի կատարմամբ: Տեսահոլովակի պատրաստմանը մասնակցել են ավելի քան 20 արհեստավարժ մասնագետներ Եվրոպայից և Հայաստանից:

Տեսահոլովակի սցենարիստը և ռեժիսորը ֆրանսիացի Ստեֆան Զինբերգն է, որը բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր և հեղինակ է:

Տեսահոլովակի օպերատորը պորտուգալացի Ռաուլ Ֆերնանդեսն է, որը մասնակցել է բազմաթիվ եվրոպական ֆիլմերի նկարահանման աշխատանքներին: Այժմ նա համագործակցում է France Télévision-ի հետ` իրականացնելով մի շարք ֆրանսիական հեռուստահաղորդումների նկարահանումներ:

Տեսահոլովակում երգում է Ռոզին, որը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Սովորել է Գրոնինգենի (Հոլանդիա) կոնսերվատորիայում, մասնակցել է բազմաթիվ համերգների ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում և Ուկրաինայում:

«Էֆ Էմ Էս Մեդիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնած «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» նախագծի շրջանակներում նախատեսվում է այլ երաժշտական տեսահոլովակների (մինի ֆիլմեր) պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը շոշափելու է համահայկական նշանակություն ունեցող կոնկրետ հիմնահարց (փակ սահմաններ, ցեղասպանություն, արցախյան հիմնահարց, շրջակա միջավայրի պահպանություն և այլն): Նախագծի նպատակն է նոր ձևաչափով ներկայացնել հայկական հիմնահարցերը համաշխարհային լսարանում, ինչպես նաև շոշափել համամարդկային հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներ` հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ, հաղորդում է «Նարեկացի» արվեստի միությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---