Հանրության դատին ներկայացվեց Շուշան Արզաքանյանի «Ռուբեն Հախվերդյան» գիրքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ Շուշան Արզաքանյանի «Ռուբեն Հախվերդյան» գրքի շնորհանդեսը: Գրքում գրի են առված Հախվերդյանի մասին տարբեր բնագավառներում վաստակ ունեցող 64 ժամանակակիցների կարծիքներ, ինչպես նաև մի ամբողջ բաժնում հեղինակը զետեղել է երգչի մասին բոլոր այն նյութերը, որոնք հրատարակվել են տարբեր տարիներին զանազան ամսագրերում և թերթերում, որոնք երգչի մայրը հավաքել է տասնյակ տարիների ընթացքում: Գրքում զետեղված են Հախվերդյանի ձեռագիր նամակները, սևագրերը, հոդվածներ ու հարցազրույցներ, լուսանկարներ, առաջին անգամ ներկայացված է նրա ընդարձակ կենսագրությունը, հրատարակված աշխատանքների (ձայներիզների, գրքերի) ամբողջական ցանկը: «Ռուբեն Հախվերդյանը շատ անփույթ է իր քարոզչության հարցում: Նա նույնիսկ չէր հիշում, թե երբ է լույս տեսել իր այս կամ այն սկավառակը»,- լրագրողներին ասաց գրքի հեղինակը:

Շնորհանդեսին ներկա էին վերը նշված 64 ժամանակակիցներից ռեժիսորներ Հարություն Խաչատրյանը և Արմեն Էլբակյանը, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), երգիչ Դավիթ Ամալյանը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր և տնօրեն Նարեկ Հարությունյանը և այլք: Հեղինակը գրքի վրա աշխատել է մի քանի տարի: «Ռուբեն Հախվերդյան» գիրքը «Բյուրոկրատ» հրատարակչության կողմից հրատարակված առաջին գիրքն է, արժեքը` 6500 դրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---