«Արք» հրատարակչությունը Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունները կթարգմանի անգլերեն

«Արք» հրատարակչությունը Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունները կթարգմանի անգլերեն

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին և գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն և հրատարակել:

Նախագահն ընդգծել է, որ կարևորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության և նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են և մեծ աշխատանք են կատարում` այդ պոեզիան տարածելու, ավելի մեծ թվով մարդկանց հասցնելու համար:

«Մեր բարդ ժամանակներում, այս արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհում, երբ շատ պարագաներում շուկան ինչ-որ տեղ, միգուցե, խեղդում է մեծ արվեստը, իհարկե, ձեր նման նվիրյալների կարիքը մարդկությունն, իրոք, ունի»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական հիշյալ հրատարակչությունը մասնագիտանում է ժամանակակից պոեզիայի ներկայացման բնագավառում` հրապարակելով Միացյալ Թագավորության և այլ երկրների ժամանակակից անգլալեզու պոետ¬ների աշխատանքները, նաև` աշխարհի տարբեր երկրների անհատ բանաստեղծների ու բանաստեղծական հավաքածուների անգլերեն թարգմանությունները, հանրապետության ղեկավարն ուրախությամբ է նշել, որ հայ պոեզիան ևս չի վրիպել հրատարակչության ուշադրությունից: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում անգլալեզու ընթերցողին կփոխանցվի ժամանակակից հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների ողջ ջերմությունն ու փիլիսոփայությունը:

Բրիտանական հրատարակչության տնօրենները նշել են, որ մինչ այս ծանոթ չեն եղել Դավոյանի ստեղծագործություններին, սակայն դրանք ընթերցելուց և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում բանաստեղծի մասին ավելին իմանալուց հետո, նրա ստեղծագործությունները հրատարակելու հստակ որոշում են կայացրել:

Սերժ Սարգսյանը հրատարակչության ղեկավարներին առաջարկել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարի հետ և քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում անցկացվելիք միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորությունները: Նկատի առնելով, որ «Արք» հրատարակչությունն ունի նաև առանձին երաժշտագիտական գրականության շարք` հանրապետության ղեկավարի երկրորդ առաջարկը եղել է Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու մասին անգլերեն գիրք հրատարակելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---