Երևանի կենտրոնում Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարում

PanARMENIAN.Net - Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարում: Այդ մասին եկեղեցու հիմնարկեքի արարողությունից առաջ հայտնել է լրագրողներին «Չիլինգարյան Դիզայն» ՍՊԸ տնօրեն, եկեղեցու նախագծի հեղինակ Վահագն Մովսիսյանը:

«Եկեղեցին նման է ավանդական հայկական եկեղեցիներին, փորձել ենք պահպանել Սուրբ Աստվածածնի ճարտարապետական ոճը, և այն պատվիրատուի կողմից հավանության է արժանացել»,- նշել է Մովսիսյանը:

Նրա խոսքերով, Սուրբ Աննայի նախագիծը մի քիչ փոխվել է նախնական տարբերակի համեմատ: «Նախկին հատակագիծը ուղղանկյուն էր, այժմ խաչաձև գմբեթավոր է: Եկեղեցու բարձրությունը կազմելու է 33 մետր»,- հայտնել է Վահագն Մովսիսյանը:

Ապրիլի 30-ին կկայանա եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: 16 քար օծվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից և տեղադրվելու է եկեղեցու հիմքում:

Երևանի կենտրոնում` սբ.Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում սկսված սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 16-17 դարին պատկանող կավե երեք կարասներ: ԻնչպեսPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքների ընթացքին հետևող, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը, կարասները ամբողջական չեն, և արդեն կոտրված են գտնվել: Ապրիլի 20-ին կարասները պետք է տարվեն Երևան քաղաքի պատմության թանգարան: Հնագետը նաև ավելացրեց, որ կարասները մեծ հնագիտական արժեք չեն ներկայացնում, սակայն վկայում են, որ եկեղեցու մոտ կարող էր լինել մառան: Այն հարցին, թե ինչի համար են նախատեսված եղել կարասները, հնագետը նշեց, որ դժվար է կոնկրետ ասել, բայց դրանք կարող են լինել գինու կամ ցորենի պահպանման կարասներ: Կարասները գտնվել են եկեղեցու 17 դարի կցակառույցի տակ: Գագիկ Սարգսյանը նաև հավելեց, որ դեռ շինարարական աշխատանքների ընթացքում կատարվող փորման աշխատանքները շարունակվում են, և դեռ այդքան խորը չի փորվել: Մոտ հինգ մետր պետք է կատարվեն փորման աշխատանքները, որի ընթացքում ավելի կոնկրետ կարելի է ասել, թե հնագիտական շերտերը ինչքանով են կարևոր:

Բացի այս ամենից, ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ կառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկայի պատի մի դրվագ, այս բազիլիկան պայթեցվել է 1936 թվականին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Սակայն, Գագիկ Սարգսյանի խոսքով, չնայած հնագիտական գտածոներին, շինարարական աշխատանքները չեն դադարեցվելու, քանի որ առայժմ իսկական արժեք ներկայացնող որևէ արտեֆակտ չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---