Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը

Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ ու նորաձևության ոլորտի փորձագետներ: «Սա հիանալի ծրագիր է, և լավ հնարավորություն է ընձեռում օտարերկրացի մոդելավորողներին ծանոթանալ միմյանց մշակույթի հետ: Այն Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ նման փոքր և ոչ հարուստ երկրում շփումը այդքան էլ մեծ չէ օտարերկրյա գործընկերների հետ: Ճիշտ է, հիմա կա համացանց, որն ահագին հեշտացնում է գործը, բայց այն չի փոխարինի անմիջական շփմանը»,-լրագրողներին է ասել Հայաստանում Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Այս ծրագիրը ինձ հնարավորություն է ընձեռում ավելի շատ ուսումնասիրել և ճանաչել հայոց մշակույթը, մասնավորապես հայկական տարազը: Ես իմ հագուստներում օգտագործում եմ ռումինական տարրեր, բայց ինձ համար հետաքրքիր կլինի այն համադրել հայկականի հետ»,-PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրա Քլիցանը:

Ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող եվրոպացի հինգ գործընկերների հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներ օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---