Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մի խումբ մասնակիցների

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի մի խումբ մասնակիցների և ժյուրիի անդամների` կոմպոզիտոր Միհրան Արգուսով (Ռուսաստանի Դաշնություն), պրոֆեսոր Էռնստ Առաքելով (Վրաստան), Մարսելի «Սահակ-Մեսրոպ երգչախմբի ղեկավար Խաչիկ Յըլմազյան, դասախոս Սոֆյա Բուգայան (Ռուսաստանի Դաշնություն), կիթառահար Հակոբ Քոլանյան (Հունաստան), դաշնակահար Արամ Մեհրաբով (Ռուսաստանի Դաշնություն) և այլք:

ՀՀ սփյուռքի նախարարության գործուն աջակցությամբ կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնի 7 անվանակարգերում ընդգրկված էր շուրջ 1200 մասնակից, այդ թվում` սփյուռքահայեր տարբեր երկրներից:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց նաև կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին նվիրված երաժշտագիտական կոնֆերանս:

Ողջունելով հյուրերին` Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում հայկական ազգային մշակույթի պահպանումը և տարածումը, այն օտարազգիներին ներկայացնելու անհրաժեշտությունը:

«Ուրախ եմ, որ փառատոնը միջմշակութային փոխառնչությունների, մշակութային երկխոսության, ինքնադրսևորման և ինքնաբացահայտման, արվեստի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման լայն հնարավորություն է ընձեռում: Դասական, ազգային մեղեդիներով «սնվելը» ինքնամաքրում է, և սերունդները մշտապես պետք է ուժավորվեն ազգային ինքնության հոգևոր-մշակութային կենսավշով, ազգային համամարդկային արժեքներով: Հայկական արվեստը, մշակույթն իր դարավոր պատմությամբ հպարտություն է հաղորդում յուրաքանչյուր հայի: Մենք պետք է հզորացնենք ոչ միայն Հայաստանը և Արցախը, այլև Սփյուռքը, որպեսզի պահպանենք ու զորացնենք հայի ոգին, հոգևոր Հայրենիքը», - նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքի հայ համայնքների մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր, կարևորվեց Սփյուռքում մշակութային կյանքն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---