Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կվերաբացվի Իվանա Շրամկովայի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Թանգարանային գիշերվա համար նախատեսված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ծրագրերը ներառում են նաև ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի վերաբացումը:

Հատուկ միջոցառումներ են նախատեսված նաև մայիսի 18-ի Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Հետևելով այս տարվա կարգախոսին ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կներկայացնի «Կասկադը հիշողության մեջ» ցուցադրությունը:

Իվանա Շրամկովան ծնվել է 1960թ. Չեխիայի Հանրապետությունում: 1967-1980թթ. նա սովորել է Ժելեզնի Բրոդի Կիրառական արվեստների քոլեջում: Հետագայում շարունակել է իր կրթությունը Պրահայի Կիրառական արվեստների ակադեմիայում` Ստանիսլավ Լիբենսկու ղեկավարությամբ: Արվեստագետը հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում և հիմնականում քանդակում է մարդկային ֆիգուրներ, կենդանիներ և բնապատկերներ: Շրամկովայի գեղարվեստական ոճի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ նա ապակու կտորները համադրելով` ստեղծում է մոնումենտալ ստեղծագործություններ, որոնց գունային լուծումները քանդակներին հաղորդում են պայծառություն: Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենեցիայի «Aperto Vetro»-ում, «Museo Correr»-ում, Նյու Յորքի «Հելլեր» պատկերասրահում:

Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը Երևանում առաջին անգամ ներկայացվել է 2010թ. նոյեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---