Երևանում մեկնարկում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-24-ը Երևանի Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայանալու է կարճ ֆիլմերի «Մեկ կադր» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում է 377 հեղինակ 45 երկրներից ՝ Հայաստանից, Ալժիրից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Արգենտինայից, Բելգիայից, Իտալիայից, Ֆրնասիայից, Իրանից, Լեհաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից եւ այլն: Ընդհանուր թվով մասնակցելու է 398 ֆիլմ: Փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տարիների ընթացքում մասնակիցների թվի աճից բացի բարձրացել է նաև ֆիլմերի որակը:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը առանձնացնում է «Մեկ կադր» փառատոնը, համարելով այն բարձր մակարդակի փառատոն: «Փառատոնը առանձնանում է մյուսներից: Այն ինքնահաստատվելու և ինքնաարտահայտվելու լավ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին»- ասաց Բոյաջյանը:

Բացմանը կցուցադրվեն երկու հեղինակների ֆիլմեր՝ Սոնա Պալասանյանի «Ինքնության սահմանները» (ԱՄՆ) և Էհրան Արիկի «Ալագյազ լեռը, հող, սենյակ, ձայն, հիշողությունը» (Թուրքիա): «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը չունի որևէ սահմանափակում, մասնակցում են բոլոր տարիքի ռեժիսորներ` ցանկացած ոլորտի ու թեմայի աշխատանքներով:

Փառատոնը ոչ մի թեմատիկ և տեխնիկական սահմանափակում չունի: Այսինքն փառատոնին մասնակցել կարող է ինչպես պրոֆեսիոնալ տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով նկարահանված ֆիլմը: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի ռեժիսորներ: Փառատոնի ընթացքում լինելու են նաև վարպետության դասընթացներ հայ և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ: Մրցույթը տեղի է ունենալու 4 անվանակարգում` «Մեկ կադր մեկ րոպե», մինչև 40 րոպե տևողությամբ «Կարճամետրաժ ֆիլմեր», «Կինո առանց սահմանների» և մասնակից հեղինակների մրցանակ: Հայաստանում կինոարվեստի զարգացմանը աջակցելու համար փառատոնի կազմկոմիտեն կհանձնի հատուկ շնորհակալագիր:

2003-ից անցկացվող փառատոնը տարիների ընթացքում աստիճանաբար ընդլայնել է անվանակարգերը: Բացի «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգից ավելացել են նաև «Կարճամետրաժ ֆիլմ» եւ «Կինո առանց սահմանների» անվանակարգերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---