Բելառուս երաժիշտներն անակնկալ մատուցեցին հայ հանդիսատեսին

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Հայաստանում Բելառուսի օրերի գագաթնակետը հանդիսացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած գալա համերգը, որին մասնակցեցին Բելառուսի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար Վալենտին Դուդկևիչ), «Չիստի գոլոս» վոկալ համույթը և ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Բելառուսի մշակույթի փոխնախարար, Բելառուսի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Կարաչևսկին համերգի ընթացքում կարդաց Բելառուսի մշակույթի նախարար Պավել Լատուշկոյի ուղղերձը:

Համերգի ընթացքում մասնակիցները հայ հանդիսատեսին անակնկալ մատուցեցին՝ բացի բելառուսական ազգային մեղեդիներից ակկորդեոնահար Իգոր Կվաշեվիչը, նվագեց Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», իսկ «Չիստի գոլոս» վոկալ համույթը երգեց Բաբաջանյանի «Երևան» երգը («Առաջին սիրո երգը» ֆիլմից):

Հայսատանում Բելառուսի օրերը մեկնարկել են մայիսի 19-ին «Մոսկվայի տանը» «Բելառուսֆիլմ» ընկերության արտադրած «Անաստասիա Սլուցկայա» ֆիլմով: Մայիսի 20-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի տանը տեղի ունեցավ Բելառուսի ժամանակակից արվեստի թանգարանի «Յուվելիրիկա» հավաքածուի ցուցահանդեսի և ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառի բացումը:

Օրերի շրջանակներում մինչև մայիսի 22-ը համերգներ տեղի կունենան նաև Արմավիրում և Գյումրիում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---