Երևանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողները մասնակցեցին «BOOM» մրցութային համերգային ծրագրին

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «BOOM» խորագրով մրցութային համերգային ծրագիրը, որին մասնակցեցին 6 պետական և 13 ոչ պետական բուհերի շուրջ 31 ուսանողներ։ Համերգի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն: Մրցույթն իրականացվել է երգի, պարի, ասմունքի ոլորտներում։

Երիտասարդների կատարումները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին երգահան Էդգար Գյանջումյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Քրիստինե Հովհաննիսյանը, պրոդյուսեր Գևորգ Եղիազարյանը, ԵԹԿՊԻ-ի դասախոս Աննա Հեքեքյանը և ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Յուրաքանչյուր բնագավառի համար ներկայացված էր նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը։

Ծրագրի նպատակն էր համախմբել պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին՝ բացահայտելով շնորհալի երիտասարդների, վերջիններիս տաղանդն օգտագործելով ի նպաստ մշակութային միջոցառումների զարգացմանը։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է ակտիվացնել ուսանողների արտալսարանային կյանքը, անմիջական կապ ստեղծել պետական և ոչ պետական բուհերի միջև։ Մտադրություն կա մասնակիցների միջոցով համալրել բուհերում գործող մշակութային խմբերը, ուսանողական խորհուրդների շարքերը համալրել նոր ուսանողներով, լավագույն ուսանողներին հնարավորություն ընձեռել հետագայում մասնակցել միջբուհական տարաբնույթ միջոցառումների։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---