Հայաստանը Պետերբուրգում մասնակցել է «Քայլ ընդառաջ» միջազգային 4-րդ փառատոնին

PanARMENIAN.Net - Փառատոնին Հայաստանից մասնակցել են դաշնակահար Լևոն Կարապետյանը, ինչպես նաև ցուցադրվել են ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների աշխատանքներ

Մայիսի 14-19 «Երաժշտարվեստի ու կրթության աջակցման և զարգացման» հասարակական բարեգործական հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Քայլ ընդառաջ» ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների միջազգային 4-րդ փառատոնին:

Փառատոնին Հայաստանից մասնակցել է տեսողական խնդիր ունեցող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող, դաշնակահար Լևոն Կարապետյանը (Դասախոս` պրոֆեսոր Ս. Քեչեկ): Մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ դահլիճում Լևոն Կարապետյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի աշխարհահռչակ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի թիվ 3 կոնցերտը:

Մայիսի 15-ին «Ճարտարապետների տան» բրոնզե դահլիճում Լ. Կարապետյանը հանդես է եկել մենահամերգով, որն անցել է մեծ հաջողությամբ և արժանացել ներկաների բարձր գնահատականին:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի», «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» ու նաև «Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող սաների աշխատանքները:

Այդ օրերին անց են կացվել նաև մի շարք խորհրդակցություններ, որտեղ հայաստանյան պատվիրակության ղեկավարը ներկայացրել է մշակութային կրթության ոլորտում ՀՀ մշակույթի նախարարության նպատակային ծրագրերը: Փառատոնի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին աշխարհահռչակ արվեստագետներ` Սանկտ Պետերբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յու. Թեմերկանովը, Պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Մ. Պիատրովսկին, հանրահռչակ այլ գործիչներ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---