Ինչ է արվել պատերազմից հետո

Ինչ է արվել պատերազմից հետո

Ապրիլին հաջորդած 2 ամսում կատարված աշխատանքը

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում, որոնք հետագայում ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, հայկական կողմը տվեց ավելի քան 90 զոհ և մոտ 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք:

PanARMENIAN.Net - Քառօրյա պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց անհապաղ ու արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հասարակությունն էլ մոբիլիզացվեց` ցուցաբերելով թե նյութական, թե բարոյական ու ֆիզիկական աջակցություն բանակին, վիրավորներին, տեղահանվածներին: PAN-ն ամփոփում է անցած 2 ամիսների արված աշխատանքները:

Վերականգնումը

Ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ էր կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ էին վնասվել: Քաղաքապետ Միշա Գյուրջյանը հունիսի 1-ին հայտարարել է, թե ամբողջությամբ վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են: Նրա խոսքերով՝ երկու-երեք օրվա ընթացքում կավարտվեն 10 տան վերականգնման աշխատանքները: Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը ևս պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին: Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են: Շուտով սկսելու են նաև որոշ փողոցների ասֆալտապատումը, նախորդ տարի ևս քաղաքի փողոցները բարեկարգվել են:

Ինչ վերաբերում է ավերված Թալիշին, գյուղի վերականգնումը և թալիշցիների վերադարձը հենց իրենց գյուղ ԼՂՀ կառավարության համար առաջնահերթություն է, թեև այս պահի դրությամբ կառավարությունը և հենց թալիշցիները գտնում են, որ դեռևս չարժե վերադառնալ: ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, թե պետք է ժամանակավոր, միջնաժամկետ ինչ-որ լուծում գտնել։

Նրանց առաջարկում են բնակվել Շուշիում, Ալաշամում, ևս 2-3 գյուղում տների կառուցման գործընթացն ավարտվում է, տարբեր թաղամասեր են կառուցվում, որոնք հետագայում մոտակա ամիսներին կամ շաբաթներին նրանց կառաջարկվեն:

Պաշտոնանկություններ ու քրգործեր

Ապրիլյան մարտերի ավարտից մոտ 20 օր անց` ապրիլի 26-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ավելի ուշ` մայիսի 23-ին, ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Մոտ մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը ձերբակալվել են: Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, ձերբակալված ՊՆ գեներալն ու գնդապետերը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, անգործության կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ:

Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, իշխանությունը չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայութան պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին: Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։

Վիրավորները

Կառավարությունն ապրիլի 21-ի նիստում սահմանեց ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Բացի այդ, վիրավորներին նեղ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով այստեղ էին եկել Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները, Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատները:

Մայիսի 11-ին առողջապահության նախարարի հետ հանդիպմանը վիրավոր 2 զինվորի ծնողները ցանկություն էին հայտնել բուժումը շարունակել արտերկրում: Արդյունքում 19-ամյա Արման Լազգիյանը մայիսի 21-ին բարեհաջող տեղափոխվեց Համբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունք: Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են:

19-ամյա Ռուբեն Առաքելյանին ևս ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։ Նա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն է կատարվել։ Արտերկրում բուժման համար անհրաժեշտ է 90.000 եվրո գումար, որից 43.000 պակասում է։ ՊՆ Սեյրան Օհանյանը խոստացել է փոխանցել անհրաժեշտ գումարը:

Կամավորները

Շփման գծում տեղի ունեցող զինված գործողությունների մասին առաջին լուրերին հաջորդեց կամավորական աննախադեպ հոսքը ԼՂՀ. մեր զինվորներին սատարելու, նրանց կողքին կռվելու էին մեկնում անկախ տարիքից, բնակության վայրից, առողջական վիճակից ու սեռից: Սակայն կարճ ժամանակ անց նրանք ևս խնդրի առաջ կանգնեցին. կամավորներից շատերին հեռացնում էին աշխատանքից կամ պահում աշխատավարձը` աշխատանքից բացակայությունը համարելով անհարգելի: Շուտով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդես եկավ իրավիճակը շտկող ու հետագայում նման խնդիրները բացառող օրենքի նախագծով. Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ նախարարի, առաջնագիծ մեկնող կամավորականների աշխատանքային իրավունքների լիրաժեք պաշտպանությունն է և դրանց իրավական հիմքերի ապահովումը: Մայիսի 25-ին Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առաջարկվող փոփոխությունները:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ մայիսի 31-ին հայտարարեց, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար արցախցի կամավորներին վճարվելու է 5000 դրամ՝ առանց եկամտահարկի:

Օրենսդրական փոփոխություններ

Ապրիլի առաջին օրերն անցան շփման գծում հնչող կրակոցները հաշվելով: Այնուհետև հարցը տեղափոխվեց օրենսդրական դաշտ և վերստին արծարծվեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը: Մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օր­ինա­­գծի վերաբերյալ եզրակացությանը: Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավորները հստակեցրեցին, որ իրականում ԼՂՀ ճանաչման հարց չի եղել, այլ օրենքով սահմանված կարգով անդրադարձ է եղել պատգամավորների նախաձեռնությանը: Ըստ էության` սա սթափության կոչ էր Ադրբեջանին. եթե շարունակի նույն կերպ, ԼՂՀ անկախության ճանաչումը իրականություն կդառնա: Մայիսի 16-ին էլ հայտնի դարձավ, որ օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից չի ստացել դրական եզրակացություն և ԱԺ օրակարգ չի մտնի:

Բացի այդ, ԱԽ նիստում Սերժ Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է գործակցել ԼՂՀ ԱԳՆ հետ և աշխատել ԼՂ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ. «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել ԱԺ»: Հետագայում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է:

Քառօրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո կրկին բարձրաձայնվեց այն փաստը, որ առաջնագծում զոհվածների ճնշող մեծամասնությունը անապահով ընտանիքներից են: Իրավիճակը ՊՆ Սեյրան Օհանյանը բացատրեց բարձրագույն կրթություն ստանալու, հետբուհական կրթությունը շարունակելու և սոցիալական ապահովվածության միջև առկա ուղիղ կապով` արդիական դարձնելով ԲՈՒՀ-երից տարկետման իրավունքը վերացնելու և 18 տարեկանների համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնելու գաղափարը: Այն նոր չէ, նախկինում էլ շրջանառվել է, սակայն ապրիլյան պատերազմից հետո կառավարությունը պատրաստակամություն հայտնեց հստակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մինչև ԱԺ նստաշրջանի ավարտը:

Դրամահավաքներ և օգնություն

Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից սկսվեց հասարակական կամավոր դրամահավաք և օգնության հավաքագրում: Յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում օգնել ինչով կարող է` լինի դա գումար, սնունդ, թե մեկ տուփ ծխախոտ: Սկզբնական շրջանում օգնության հավաքագրումը կատարվում էր անկանոն` հիմնականում կենտրոնանալով Մաշտոցի պուրակում: Հետագայում Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որին ապրիլի 4-ից մայիսի 18-ը ժամանակահատվածում 5.990 իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4.220.811.596 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 18-ին՝ 23.634.993 դրամ՝ փոխանցված 59 անձի կողմից: Ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

Բացի այդ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մայիսի 14-ին արտահերթ հեռուստամարաթոն էր կազմակերպել Արցախին աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում, հանգանակվել է 1.1 մլն դոլար:

Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե ֆինանսական աջակցությունից բացի, երևանաբնակ զոհված զինվորների՝ վարձով ապրող ընտանիքները բնակարան կստանան: Արդեն ամսի 25-ին հայտնի դարձավ, որ նման 3 ընտանիք ապահովվել է բնակարանով:

Հարյուրավոր մարդիկ, տասնյակ նախաձեռնություններ ու ընկերություններ օգնում են բանակին, վիրավորներին, զոհվածների ընտանքիներին կամ տեղահանվածներին՝ ուժերի ներածի չափով: Այսպես, «SOS Գյումրի» բարեգործական ծրագրի շրջանակում բնակարան է նվիրաբերվել ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին՝ նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը։ Grant Thornton Armenia ընկերությունն էլ հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախում զոհված զինվորներից մեկի ընտանիքին։ Ընկերությունը ամենամսյա դրամական փոխանցում կկատարի նրա երկու անչափահաս երեխաների (2 և 3 տարեկան) հաշվեհամարներին մինչև նրանց 16 ամյակը՝ հաշվեհամարների տնօրինող նշանակելով վերջիններիս մորը։

Սպառազինություն

Քառօրյա պատերազմի մասին խոսելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր զինվորները ինքնապաշտպանությունն իրականացրել են 80-ականների զենքով, ինչն անմիջապես դարձավ ամենաքննարկվող հարցերից մեկը: Դեռևս 2015-ի հունիսին Երևանում հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Հրադադարի ռեժիմի վերականգնումից հետո հարց ծագեց` ուր է խոստացված զինամթերքը և երբ այն կլինի Հայաստանում:

Մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, թե հայկական կողմն աշխատում է զենք ձեռք բերելու վերաբերյալ վարկային համաձայնագրի շրջանակում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Բացի այդ, լրագրողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը նշել է, թե ԼՂՀ ՊԲ դիրքերը մշտապես համալրվում են գիշերային տեսանելիության սարքերով, ջերմատեսիլ սարքավորումներով, որպեսզի մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացվեն:

Բացի այդ, ապրիլի 27-ին վերջապես Հայաստան հասավ դեռևս 2014 թվականի տանկային բիատլոնի ժամանակ հայկական թիմի շահած Տ-90 տանկը:

Խնայողության խիստ ռեժիմ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Որպես առաջին քայլ` առաջարկվեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը. դրանք կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Արդյունքում կրճատվել են մեքենաները, թե` ոչ, դեռ հայտնի չէ:

Պարգևատրումներ

Ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններից հետո «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել 6, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 12, Արիության մեդալով՝ 14, մարտական ծառայության մեդալով՝ 3 զինծառայող: Նրանց թվում կան թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներ: Բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի ընկած 5 ժամկետային զինծառայողի վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ: Բացի այդ, բազմաթիվ զինծառայողներ պարգևատրվել են հետմահու:

Հիշատակ

Մայիսի 31-ին Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է հուշակոթող՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: Այն բացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորն էլ մշակել է ազատության խորհրդանիշ արտ ինստալացիան` նվիրված Արցախի համար քառօրյա պատերազմում զոհված 90 հերոսի հիշատակին: Ամեն մի փետուր մի կյանք է` տրված հանուն ազատության:

Բացի այդ, տարբեր համայնքներում ապրիլյան հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների անունով են վերանվանվել փողոցներ, դպրոցների դասասենյակներ:

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---