Ազատության թևերն ու դաշնամուրի ստեղնաշարը

Ազատության թևերն ու դաշնամուրի ստեղնաշարը

Ուրբանիստական նախագծեր` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին

Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը մշակել է ուրբանիստական նախագծեր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

PanARMENIAN.Net - Դրանցից կենտրոնականն ազատության խորհրդանիշ արտ ինստալացիան է` նվիրված Արցախի համար քառօրյա պատերազմում զոհված 90 հերոսի հիշատակին: Ամեն մի փետուր մի կյանք է` տրված հանուն ազատության:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Yerevan 2.0-ի համակարգող Գայանե Մանուկյանը նշեց, որ իրենց ներկայացրած առաջարկներով մի քանի խնդիր են փորձում լուծել:

«Փորձում ենք մի խորհրդանշական, մնայուն բան ստեղծել քաղաքի համար, ինչպես նաև` բարեկարգել տարածքն ու մարդկանց համար նոր ու հետաքրքիր վայր ստեղծել: Մտածեցինք, որ վեր հառնող թևերի տեսքով արտ ինստալացիան հետաքրքիր կլինի. այն հնարավորություն կտա մարդկանց լուսանկարվել դրա դիմաց` զգալով թևերի ուժը մեջքի հետևում` ազատության, անկախության ուժը»,- նշեց Գայանեն` հավելելով, որ որքան շատանան լուսանկարվելու կետերը` Selfie location-ները, այդքան կմեծանա քաղաքի գրավչությունը նաև զբոսաշրջային առումով:

Տեսքն ու վայրը

Ազատության թևերի ինստալացիայի համար դեռևս վերջնական էսքիզ չկա: Հայտարարված է մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հնարավոր տարբերակներից մեկն էլ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ էսքիզների մշակումն է: Տեղակայման վայրն էլ դեռևս հստակ չէ: Մտահաղացման հեղինակները երկու տարբերակ են դիտարկում, սակայն բաց են նաև այլ առաջարկների համար: Առաջին տարբերակով արտ ինստալացիան կտեղադրվի Անգլիական այգում.

«Այնտեղ մի կլոր թումբ կա, որի շուրջը ջուր է հոսում: Ցերեկն այն բավական մարդաշատ է, սակայն մութն ընկնելուն պես դառնում է բավական վտանգավոր վայր: Եթե այս նախագիծն իրականացվի, նաև շրջակա տարածքը կբարեկարգվի ու կլուսավորվի, և միաժամանակ մի քանի խնդիր կլուծենք»:

Լուսանկարը՝ SNKH Studio

Երկրորդ տարբերակը` ինստալացիան տեղադրել Կարապի լճի կղզյակի վրա, որտեղ հիմա հսկայական գովազդային վահանակ է` լուսամփոփի տեսքով:

Խոտածածկ ստեղնաշարը

Yerevan 2.0-ի ներկայացրած ուրբանիստական հաջորդ նախագիծը ևս վերաբերում է Կարապի լճին:

Լուսանկարը՝ SNKH Studio

«Այժմ այնտեղ արհեստական խոտից երաժշտական գործիքներ են: Այդ, այսպես կոչված, լանդշավտային լուծումն այդքան էլ գոհացնող չէ: Մենք մտածեցինք մի այնպիսի բան նախագծել, որն այդ տարածքին ավելի կսազի, ինչպես նաև չի աղավաղի դեպի Օպերայի և բալետի թատրոնի շենքը բացվող տեսարանը: Ցանկանում ենք բնական խոտից մարգագետին սարքել այդ վայրում` դաշնամուրի ստեղնաշարի տեսքով, իսկ կողքի հատվածում կլինի փոքրիկ ինքնաշխատ շատրվան, որի վրայով կարելի է քայլել, վազել, և այլն»:

Լուսանկարը՝ SNKH Studio

Էկո տաղավարը

Լուսանկարը՝ SNKH Studio

3-րդ նախագիծը. պատկերացրեք` որքան շատ մարդ կգնա Բուսաբանական այգի, եթե այնտեղ հայտնվի արևային էներգիայով սնվող, բջջային հեռախոսներն ու պլանշետները լիցքավորող, անվճար wifi-ով, էկո տաղավար: Ըստ հեղինակների` սա ևս մեկ քայլ է Երևանը smart city դարձնելու ճանապարհին:

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---