Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի մրցամարտում շահել է 19 մեդալ

Ապրիլի 8-15-ը տեղի ունեցած սպորտային գլխավոր իրադարձությունները

Ծանրամարտ Ապրիլի 8-ին Մինսկում` Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հանդես եկան մինչև 44 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն` նվաճելով 3 ոսկե մեդալ: Մարտիրոսյանն իրեն հավասարը չունեցավ “պոկում” և “հրում” վարժություններում` բարձրացնելով համապատասխանաբար 165 և 195 կգ ու նվաճելով 2 փոքր ոսկե մեդալ: Իսկ երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրեց 360 կգ և դարձավ Եվրոպայի չեմպիոն` առաջ անցնելով իր մոտակա մրցակցից 9 կիլոգրամով: 2-րդ տեղը նվաճեց Խրիստոֆ Շրամնյակը` Լեհաստանից, 3-րդը` Միկոլայ Չեռնյակը` Բելառուսից:

PanARMENIAN.Net -

Ապրիլի 9-ին հանդես են եկել Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ), իսկ մինչև 85 կգ քաշային կարգում` Արա Խաչատրյանն ու Գևորգ Պողոսյանը: Ապրիլի 9-ին Մինսկում անցկացված Եվրոպայի առաջնությունում, հայ ծանրորդները նվաճել են 8 մեդալ, որոնցից 2-ը` ոսկե: Մելինե Դալուզյանի ելույթից հետո (69 կգ ք/կ), որը երեք արծաթ նվաճեց, մեկնարկեցին 85 կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ: Հայաստանը ներկայացնում էին աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության արծթե մեդալակիր Արա Խաչատրյանը, որը նախկինում հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում և աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Գևորգ Պողոսյանը: Արա Խաչատրյանը “պոկում” վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, իսկ Պողոսյանի արդյունքը ընդամենը 4-ն էր: Երկու մարզիկները բարձրացրեցին 165 կգ, սակայն անձնական ավելի թեթև քաշի շնորհիվ Խաչատրյանն առաջ անցավ Պողոսյանից: Հայ ծանրորդները փայլուն ելույթ ունեցան “հրում”վարժությունում: Չեմպիոնի կոչման համար պայքար էր ծավալվել երկու հայ ծանրորդների միջև: Արա Խաչատրյանը բարձրացրել է 203 կգ և մի քանի րոպե զբաղեցրել առաջին տեղը, սակայն բարձրացնելով 204 կգ` Գևորգ Պողոսյանն առաջ է անցել նրանից ու դարձել Եվրոպայի չեմպիոն` ընդհանուր առմամբ բարձրացնելով 369 կգ, նա նվաճել է նաև փոքր ոսկե մեդալը` “հրում” վարժությունում: Երկամարտի արդյունքում Արա Խաչատրյանը զիջել է նրան ընդամենը 1 կգ: Նա 3-րդ անգամ դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր` ցույց տալով երկրորդ արդյունքն այդ վարժությունում: Ապրիլի 14-ին ծանրամարտի Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, Եվրոպայի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը (77 ք/կ) և Գևորգ Պողոսյանը (85 ք/կ), ինչպես նաև արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը հանդիպել են լրագրողների հետ: Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 19 մեդալ` 7 ոսկե, 8 արծաթե և 4 բրոնզե: : Ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել մարզիկներին և մարզիչներին լավ ելույթի համար, իսկ հայ ժողովրդին` աջակցության համար: “Այդ արդյունքին մենք հասանք Ֆեդերացիայի, սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի համատեղ աշխատանքի շնորհիվ, հուսով եմ այդպես էլ կշարունակենք աշխատել”,- PanARMENIAN.Net ին ասել է Սամվել Խաչատրյանը: Հայաստանի ֆեդերացիան 2011-ին մտադիր է Երևանում անցկացնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների երիտասարդական առաջնությունը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին կամ նոյեմբերին: Խաչատրյանի խոսքերով, արդեն մայիսին Վալենսիայում, որտեղ տեղի է ունենալու պատանիների Եվրոպայի առաջնությունը, Հայաստանի ֆեդերացիան վերջնական պատասխան կտա Միջազգային ֆեդերացիային: “Առաջնությունն անցկացնելու համար անհրաժեշտ է մարզական գույք, որի ձեռքբերման համար կպահանջվի մոտ 120 մլն դրամ: Ես արդեն դիմել եմ Օլիմպիական կոմիտեին և սպորտի նախարարությանը”,- ասել է Խաչատրյանը: Իսկ հուլիսին տեղի է ունենալու ծանրամարտի Հայաստանի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են բոլոր ուժեղագույն ծանրորդները: “Գավաթից հետո կհստակեցվի Հայաստանի հավաքականի կազմը, որը սեպտեմբերին Անթալիայում մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Մենք հանդես ենք գալու ամբողջական կազմով` 8 ծանրորդ և 7 ծանրորդուհի”,- ասել է Խաչատրյանը: Հոկեյ Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել էր 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Առաջին խաղում Մոնղոլիան հանդիպել է Հյուսիսային Կորեայի հետ և պարտվել 22:1 հաշվով: Տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի հավաքականը` Դուգլաս Դեչեզարեի ղեկավարությամբ, մի քանի ուսումնամարզական հավաք է կազմակերպել: “Մեր վերջին հավաքը Լոս Անջելեսում էր, որտեղ մենք տեղի ակումբների հետ երկու ընկերային խաղ անցկացրինք: Առաջին խաղն ավարտվեց 7:7, իսկ երկրորդը` 2:2 հաշվով: Հավաքականի կազմում խաղում էին Հայաստանի եւ ԱՄՆ-ի հայկական համայնքի հոկեյիստները”, - ասել է Ջաղացպանյանը: Հայաստանի հավաքականի մրցակիցը ՀԱՀ հավաքականն էր: Բոլոր երեք շրջաններում հայ հոկեիստներն առավելություն ունեին և հաղթեցին 9:2 հաշվով: Հանդիպման լավագույն հոկեիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի 8 համարը` Հակոբ Ավետիսյանը: Ապրիլի 15-ին կայացել են Հայաստան- Հյուսիսային Կորեա և Մոնղոլիա- ՀԱՀ հավաքականների հանդիպումները: Բռնցքամարտ Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի շահերը ներկայացնող “Zauerland Event” փրոմոութերական ընկերությունը բողոք էր հղել Բռնցքամարտի համաշխարհային խորհրդին` WBC, պահանջելով փոխել մարտի 27-ին Դեթրոյթում կայացած Աբրահամ-Դիրել մենամարտի արդյունքները, հաղորդում է box-club.ru-ն: Այդ մենամարտում Աբրահամը որակազրկվեց արգելված հարվածի համար և հաղթանակը շնորհվեց Դիրելին: Աբրահամի փրոմոութերները պահանջում էին “չկայացած” համարել մենամարտը: Նրանք նաև պահանջում էին, որ WBC-ն ուշադրություն դարձնի մրցավարի գործողություններին, որը չէր արձագանքում Դիրելի գոտուց ներքև հարվածներին: Ըստ Աբրահամի թիմի, մրցավար Լոուրենս Քոուլը պետք է կանգնեցներ մենամարտը 11-րդ ռաունդում, մինչ Աբրահամի հարվածը, ինչը կկանխեր կանոնների խախտումը: Օգոստոսի 21-ին հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) “Super Six” մրցաշարի շրջանակներում անցկացնելու է իր վերջին մենամարտը Կարլ Ֆրոչի հետ (Անգլիա), հաղորդում է bild.de-ն: Մարտի համար հնարավոր տեղ կարող է ընտրվել բրիտանական Նոթինհեմը կամ Բեռլինը: Հայ բռնցքամարտիկը կողմ է երկրորդ տարբերակին: “ԱՄՆ-ում պարտությունից հետո ես ցանկանում եմ մենամարտն անցկացնել բեռլինյան O2 World մրցասպարեզում, դա իմ ամրոցն է”,- ասել է Աբրահամը: Աբրահամի ցանկությունն ավելի հեշտ կիրականանա, եթե Ֆրոչն ապրիլի 24-ին հաղթի Միկել Քեսլերին (Դանիա): Այդ հաղթանակը գրեթե ապահովում է Ֆրոչի մուտքը կիսաեզրափակիչ: Այս իրավիճակում անգլիացու թիմը կարող է զիջումների գնալ: Շախմատ Հայաստանի շախմատի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացրել Երևանում: Հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ պատրաստվում է Օլիմպիադային, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը` Խանտի Մանսիյսկում (Ռուսաստան): Հավաքներին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանն ապրիլի 4-14-ը մասնակցել է Դուբայում ընթացող միջազգային առաջնությանը: Նա ավելի ուշ կմիանա հավաքականին: Հայաստանի շախմատի հավաքականը (օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն` 2004թ. Թուրինում և 2008թ. Դրեզդենում) իր հավաքները կավարտի ապրիլի վերջին: Ապրիլի 13-ին Դուբայում տեղի է ունեցել շախմատի միջազգային փառատոնի վերջին տուրը, որտեղ հանդես են եկել 5 հայ շախմատիստ: Վերջին 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Էլթայ Սաֆարլիին և 7 միավորով զբաղեցրել 6-րդ տեղը: Մրցաշարի հաղթող Էդուարդո Իտուրիզագեին (Վենեսուելա), որը նույնպես ուներ 7 միավոր, Մելքումյանը զիջել է միայն լրացուցիչ արդյունքներով: Գաբրիել Սարգսյանը մրցաշարում զբաղեցրել է 10-րդ տեղը` հավաքելով 6,5 միավոր, Տիգրան Քոթանջյանը` 30-րդ տեղը, Տիգրան Պետրոսյանը` 41, Գևորգ Հարությունյանը` 50: Թենիս- Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարում, որը տեղի է ունենում Մոնակոյում ապրիլի 10-18-ը, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1/8 եզրափակչում հանդիպել է Միխայիլ Յուժնիի հետ (Ռուսաստան): Որոշիչ պարտիայի սկզբում Յուժնին եռակի բրեյկ-փոյնթ է ձեռք բերել, բայց Նալբանդյանը կարողացել է առավելությունն իր ձեռքը վերցնել և հաղթել 1:0 հաշվով: Արդյունքում հարաբերությունների պարզաբանումը վերածվել է թայ-բրեկի, որում ավելի հաջողակ էր Նալբանդյանը, հաղորդել է gotennis.ru-n: Հիմա ¼ եզրափակչում Մոնակոյի մայրաքաղաքում արգենտինացին խաղալու է իսպանացի Թոմի Ռոբրեդոյի հետ, որն ուժեղ էր սերբ Վիկտոր Տրոիցկուց (6:4, 6:3): Նալբանդյանը և Ռոբրեդոն պաշտոնական խաղերում հանդիպել են 6 անգամ, առավելությունը Նալբանդյանի կողմում է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,543,750 եվրո: Ֆուտբոլ Ապրիլի 11-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն լիգայի 3-րդ փուլի վերջին երկու հանդիպումը: “Միկան” ընդունել է “Կիլիկիային”, “Շիրակը”` “Գանձասարին”: Երևանում “Միկան” պարտության է մատնել “Կիլիկիային” 2:0 հաշվով: 46-րդ րոպեին գոլ է խփել Ուլիսես Մոնտենեգրոն, 88-րդ րոպեին` Էդնիլսոն Ժունիորը: Գյումրիի քաղաքային մարզադաշտում “Շիրակը” հանդիպել է “Գանձասարի” հետ և պարտություն կրել 0:1 հաշվով: Հյուրերի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Արսեն Ավետիսյանը: 3-րդ փուլից հետո Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում “Փյունիկը” և “Ուլիսն” ունեն 7 միավոր և զբաղեցնում են 1-ին և 2-րդ տեղերը, “Կիլիկիան” և “Միկան” 6 միավորներով 3-րդ և 4-րդ տեղերում են: Մարտի ամենագեղեցիկ գոլը համարվել է Հենրիխ Մխիթարյանի` կիևյան “Դինամոյի” դեմ մրցախաղում խփած գոլը: Այդ գոլին կողմ են քվեարկել 333 մարդ (66%):

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---