Արամ Մկրտչյան.

«Անելիք բանկը» նախատեսում է 2009-ին բարձրացնել իր գործունեության ավտոմատացման մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանում բանկային համակարգն իր վրա կրել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածները, ինչի արդյունքում շատ բանկերի շահույթը կրճատվել է մոտ 20 տոկոսով, նրանց կողքից չի անցել նաեւ դրամի մարտյան արժեզրկումը: Այնուամենայնիվ, առաջին եռամսյակն արդեն անցել է, եւ մնում է սպասել լավագույնին: Այն մասին, թե ինչպես է «Անելիք բանկը» լուծում առկա խնդիրները, ապագայի հետ ծրագրերով PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է բանկի կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:
Ինչպե՞ս է ազդել ֆինանսատնտեսական ճգնաժամը բանկի գործունեության վրա եւ «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի վրա

«Անելիք բանկը» հայկական այն յուրահատուկ բանկերից է, որն ունի սեփական «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը: Մեր դրամական փոխանցումների համակարգն աշխատում է ավելի քան 200 բանկերում, աշխարհի 100 երկրներում: Դրա համար բնական է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի վրա, որտեղ նկատելի է դարձել դրամական փոխանցումների նվազումը: «Անելիք» համակարգից օգտվում են նախկին շատ խորհրդային երկրներում, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում, իսկ Ռուսաստան-Հայաստան ուղղությունը դրա զգալի մասը չի կազմում: Հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի հետեւանքները` մեր գնահատմամբ ընթացիկ տարվա վերջում սպասվում է դրամական փոխանցումների նվազում 10-30 տոկոսով: Բացի դրանից, ճգնաժամն ազդել է բանկի այլ գործառույթների վրա. սառեցվել են որոշ գործընթացներ, որոնք, իմ կարծիքով, բնակչության բացասական սպասումների հետեւանք են, եւ ոչ այնքան ճգնաժամը, որքան արդյունքում առաջացած խուճապն է հանդիսանում բանկային ակտիվության նվազման պատճառը:

Որքանո՞վ է տուժել «Անելիք բանկի» շահույթը 2009-ի առաջին եռամսյակում

Որպես կանոն, բանկային համակարգում շահույթը եւ վնասները հաշվարկվում են ըստ միջին ցուցանիշների տարեկան կտրվածքում, քանի որ կան գործառույթներ, որոնք բանկն այսօր սկսում է, իսկ արդյունքները կուտակվում են եւ երեւան գալիս որոշ ժամանակ անց: Ինչպես եւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, մեր բանկն իր վրա զգացել է ճգնաժամի ազդեցությունը, եւ առաջին եռամսյակում բանկի շահույթները նվազել են անցյալ տարվա համեմատ:

Ինչպիսի՞ն է բանկի քաղաքականությունը վարկերի տրամադրման առնչությամբ

Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին: Կան հաճախորդներ, ովքեր ապրանքը ներկրում են դոլարով, հետեւաբար, նրանց համար ընդունելի է տարադրամով վարկը, իսկ կան հաճախորդներ, ում միջոցներ են հարկավոր ներքին շուկայում օպերացիաներ իրականացնելու համար, նրանց համար լավագույն վարկը դրամական տարբերակն է: Եւ այս տարի, չնայած ճգնաժամին, բանկն այնպիսի քաղաքականություն չի վարում, որն ուղղված է միայն դրամով կամ միայն դոլարով վարկեր տրամադրելուն:

Ինչպիսի՞ն է իրադրությունը երկարաժամկետ վարկերի հարցում, արդյո՞ք կա դրանք չվերադարձնելու ռիսկ

Այսօր բանկի վարկային պորտֆելը կազմում է մոտ 19 մլրդ դրամ: «Անելիք Բանկը» հաշվարկում եւ բաշխում է իր ռիսկերը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում մեր պոտենցիալ վարկ վերցնողների ֆինանսական դրությանը, նրանց գործունեության ոլորտին, տնտեսության ճյուղին եւ դրանից կախված մենք վարկեր ենք հատկացնում, ինչպես նաեւ վարկերի վերաբերյալ խորհրդատվություն տալիս (ժամկետները, պայմանները, տոկոսադրույքը, դրամը եւն), թե դրանցից որ մեկը նրանց համար առավել ընդունելի կլինի, որպեսզ հաճախորդն ինքը վստահ լինի, որ կկարողանա վերադարձնել այն:

Ինչպիսի՞ օպերացիաների, այդ թվում վարկերի տարատեսակների վրա է բանկը շեշտ դնելու այս տարի

Ելնելով մեր նախնական քաղաքականությունից եւ ուղղորդիչներից` բանկի համար նրա բոլոր հաճախորդները հավասար եւ կարեւոր են, իսկ բոլոր բանկային օպերացիաները` անհրաժեշտ եւ ընդունելի, եւ մենք ողջ ապրանքի հավասար զարգացում ենք ակնկալում: Դրա հետ մեկտեղ այս տարի մենք ծրագրում ենք բարձրացնել մեր բանկի ավտոմատացման մակարդակը, ինչպես նաեւ հասնել բանկային ծառայությունների լիարժեք մատակարարման: Օրինակ, անցյալ տարի ք.Երեւանում մենք ներդրեցինք կոմունալ ծառայությունների վճարման համակարգը, եւ այս տարի այդ գործընթացը շարունակվում է բանկի բոլոր մասնաճյուղերում: Չնայած, որ շահույթի ստացման տեսակետից բանկի համար դա այնքան էլ շահութաբեր գործիք չէ, բայց առաջնորդվելով մեր ուղղորդիչներով, մենք գտնում ենք, որ հաճախորդը, մտնելով մեր բանկի ցանկացած մասնաճյուղ, պետք է լիարժեք սպասարկում ստանա: Ուստի ընդհանուր առմամբ մենք շեշտը չենք դնում այս կամ այն գործիքի կամ բանկային ծառայության վրա, այլ ակնկալում ենք դրանց հավասար աճ:
---