ԵԿԳ-ն վերջնականապես «հաշիվները կմաքրի ճգնաժամի» հետ և նոր 50-ամյա կոնյակ կարտադրի

Արա Գրիգորյան.

ԵԿԳ-ն վերջնականապես «հաշիվները կմաքրի ճգնաժամի» հետ և նոր 50-ամյա կոնյակ կարտադրի

PanARMENIAN.Net - 2009 թվականին հայկական ամենահայտնի «Արարատ» ապրանքանիշը ծանր ժամանակներ ապրեց` վաճառքի անկումը մեկ տարում կազմեց 35 տոկոս, սակայն ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին գրանցվեց վաճառքի ծավալի 10 տոկոս աճ: Նման անկման պայմաններում գործարանը կրճատեց խաղողի մթերման ծավալները ընդամենը 10 տոկոսով` հավանաբար «ԱրԱրԱտի» ղեկավարությունը լավատեսորեն է գնահատում վաճառքների ծավալն ապագայում: Ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս գալու համար Երևանի կոնյակի գործարանը մի շարք միջոցներ է ձեռնարկել` կոնյակի իրացման աշխարհագրության ընդլայնման և շշալցման արտադրամասի վերազինման ուղղությամբ, որի համար պահանջվեց 352 մլն դրամ: Առաջիկա ծրագրերի և նոր 50-ամյա կոնյակի արտադրության մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է պատմել ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա խաղողի բերքի ծավալներն ու որակը:
Ըստ մասնագետների գնահատման, այս տարի խաղողի բերքը լավն էր, ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով: Բարեբախտաբար, ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմանները, որոնք բացասաբար անդրադարձան գյուղատնտեսության ցուցանիշների վրա, չազդեցին խաղողի և նրա բերքի վրա, բացառությամբ Տավուշի մարզի: Հունիսին ուժեղ կարկուտի պատճառով տուժեց այդ մարզի բերքի մեծ մասը: Եղանակի պատճառով վնասներ կրած խաղողագործների թվում էին նաև ԵԿԳ հետ պայմանագիր կնքած խաղողագործները, որոնց 5,6 մլն դրամ պարտքը մենք չեղյալ համարեցինք: Բանը նրանում է, որ գործարանը, վերահսկելով խաղողոի որակական հատկանիշները ողջ տարվա ընթացքում, վարկ է տրամադրում գյուղացիներին պարարտանյութ, դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Այդ պարտքը սովորաբար մարվում է խաղողի մթերման ժամանակ:

Ինչպե՞ս է ընթանալու խաղողի մթերումը 2010 թվականին. Որքա՞ն խաղող է մտադիր մթերել ԵԿԳ-ն և ի՞նչ գնով: Կկատարի արդյո՞ք գործարանն իր ստանձնած պարտավորությունները, չի կրճատվի արդո՞ք պայմանագրերի քանակը:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող, և դա ոչ թե տնտեսական անհրաժեշտություն է, այլ բացառապես գյուղացիների հանդեպ սոցիալական պատասխանատվության արդյունք: Մթերման նախատեսված ծավալը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին մոտավորապես 10 տոկոսով (ԵԿԳ-ն 2009-ին մթերել է 31,5 հազար տոննա խաղող), սակայն եթե դիտարկենք այդ թվերը մթերման և իրացման ծավալների համակարգում, ապա, հաշվի առնելով վաճառքի ծավալների անկման նախորդ տարվա մակարդակը, ակնհայտ է, որ նման կրճատումը ուղիղ համամասնական չէ: Իրականում, 29 հազար տոննան 15 հազարով գերազանցում է այս տարի ձեռնարկությանն անհրաժեշտ քանակը, որի նպատակն է աջակցել ձեռնարկության հետ համագործակցող խաղողագործներին: Այստեղ կցանկանայի նշել, որ հումքի մթերում-արտադրանքի իրացում արտադրական շղթայում կարևոր տեղ է զբաղեցնում հումքի պահպանման փուլը, որը մթերվող խաղողի ծավալը ձևավորող գործոններից մեկն է: Այլ կերպ ասած, որոշելով մթերման ծավալները, հարկավոր էր լուծել նաև պահպանման հարցը: Այդ հարցն առավել արդիական դարձավ նախորդ տարվա իրացման տեմպերի դանդաղման արդյունքում, ուստի մենք ստիպված եղանք գնել լրացուցիչ 500 հազար լիտր տարողությամբ տարաներ: Կցանկանայի ընդգծել, որ գրագետ կազմված մթերման ծրագրի շնորհիվ, մեզ հաջողվեց խուսափել պայմանագրերի քանակի կրճատումից, այսինքն մթերման հայտարարված ծավալը հավասարապես կբաշխվի մեզ հետ համագործակցող ֆերմերների միջև: Ավելին, այս տարի մենք բազմաթիվ նոր պայմանգրեր ենք կնքել մի շարք խաղողագործների հետ, որոնց նոր տնկած խաղողի այգիներն այս տարի կտան առաջին բերքը: Ինչ վերաբերում է գնին, ապա չէի ցանկանա խախտել ավանդույքը և կհայտարարեմ այդ մասին սեպտեմեբրի 10-ից հետո կայանալիք մամլո ասուլիսում:

Վերականգնվո՞ւմ են արդյոք կոնյակի վաճառքի ծավալները տնտեսական ճգնաժամից հետո: Ե՞րբ վաճառքի մակարդակը կհասնի մինչճգնաժամային մակարդակին:
Կարծում եմ, այժմ գնահատելով տնտեսական ճգնաժամի ազդեցությունը արտադրության վրա, հարկավոր է ճշտել նրա ազդեցության ժամանակագրական ազդեցությունն այս կամ այն ոլորտի վրա: Եթե համեմատելու լինենք 2008-2010 ֆինանսական տարիների վաճառքի ծավալները, ապա կտեսնենք, որ անկումը կազմել է 35 տոկոս: Մինչդեռ, համեմատելով այս օրացուցային տարվա առավել սեղմ ժամկետները նախորդ տարվա նմանատիպ ցուցանիշների հետ, կարելի է նկատել որոշ դրական միտում: Այսպես օրինակ, 2010թ. հուլիս-օգոստոսի վաճառքի ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը 10 տոկոսով: Անշուշտ, նույնիսկ աննշան առաջընթացը լավատեսություն է ներշնչում: Իրականում, այս կամ այն հանգամանքների պատճառով, առաջին հետճգնաժամային փուլը ամենաբարդն է, այսինքն, այս փուլում կտրուկ առաջընթաց ակնկալել չենք կարող, վերականգնումը բավականին դանդաղ է ընթանում: Այնուամենայնիվ, հուսանք, որ մինչև տարեվերջ մենք վերջնականապես «հաշիվները կմաքրենք» ճգնաժամի հետ:

Ի՞նչ տեմպերով է առաջ ընթանում ձեր գործարանի կոնյակի իրացման շուկայի աշխարհագրության ընդլայնումը: Ի՞նչ շուկայական քայլեր են ձեռնարկվում իրացման շուկայի ընդլայնման համար:
Արտահանման ձևավորված սահմանների ընդլայնումը մշտապես ակտուալ խնդիր է մնում յուրաքանչյուր հաջողակ ձեռներցի համար: Չնայած նրան, որ «ԱրԱրԱտ» կոնյակների արտահանման քարտեզը գոյություն ունի արդեն մի քանի տասնամյակ, առաջնային խնդիրներից է նրա սահմանների ընդլայնման հեռանկարը: Սակայն, այս կամ այն երկիրը արտահանման ցուցակում ընդգրկելուց առաջ, հարկավոր է մանրամասն ուսումնասիրել նրա ալկոհոլային խմիչքների շուկայի կառուցվածքը: Որքան էլ տարօրինակ թվա, նոր շուկաները, որոնք առաջիկայում կբացվեն «ԱրԱրԱտի» համար, նաև ճգնաժամային տարում գցած սերմերի արգասիքն են: Անկասկած, ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշ չափով արագացրեց նոր շուկաների որոնման տեմպերը՝ կենտրոնացնելով մեր ուշադրությունն ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի վրա: 2010-ին «ԱրԱրԱտ» կոնյակները սկսեցին արտահանվել Ռումինիա, Վիետնամ: Այս պահի դրությամբ ավարտին են մոտենում Շվեդիայի շուկա դուրս գալու նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է մարքեթինգային քայլերին, ապա այստեղ ես կցանկանայի առանձնացնել երկու գլոբալ նախագիծ՝ դա «Աղթամար» ֆիլմն է, որն անցյալ տարի դուրս եկավ էկրաններ, և նոր ապրանքագծի թողարկումը: Մի ապրանքի համար, որի 92 տոկոսն իրացվում է արտաքին շուկայում, նման կարգի մարքեթինգային երևույթները բացատրվում են արտահանման առավելագույն ուղղվածությամբ: Ուրախալի է, որ «Աղթամար» ֆիլմն արդեն հասցրել է առավել հաջողակ մարքեթինգային նախագծերի թվում ընդգրկվել և ներկայացվել է հեղինակավոր Euro EFFIE 2010 և M&M AWARDS մրացանակների: Ընդհանրապես, խոսելով արտահանման մասին, հարկավոր է հաշվի առնել, որ ըստ միջազգային մարքեթինգային հետազոտությունների, այն օտարերկրացուն Հայաստանի հետ կապող հզոր մի գործոնի է վերածվել: Պատմականորեն ձևավորված այդ գործոնը հսկայական պատասխանատվություն է դնում մեզ վրա, որը հաճախ դուրս է գալիս պրոդուկտի շրջանակներից, և արդեն բավական չէ գործ ունենալ միայն նրա որակական բնութագրերի հետ: Այս առումով կցանկանայի ընդգծել «ԱրԱրԱտի» փաթեթավորման (շշերի, պիտակների) ողջ գամմայի նորացումը: Կարծում եմ, որ մեր փաթեթավորման որոշ նորացումը կնպաստի արտահանմանը: Արդեն նախնական պայմանավորվածութուն կա Մերձավոր Արևելքի երկրների հետ: Մասնավորապես, նոր գծի թողարկման հետ մենք մտադիր ենք արտահանման որակապես նոր մակարդակի դուրս գալ՝ արտահանելով մեր արտադրանքը Լիբանան, Իսրայել:

Որքա՞ն ներդրում է արդեն կատարել ԵԿԳ-ն տեխնիկական վերազինման համար և որքա՞ն է մտադիր կատարել ընթացիկ տարում: Ե՞րբ վաճառքում կհայտնվեն նոր շշերով և նոր փաթեթավորմամբ «ԱրԱրԱտ» կոնյակները: Ինչպե՞ս դա կազդի վաճառքի ծավալների վրա: Որքա՞ն կոնյակ կարտադրի ԵԿԳ-ն նոր տարում:
Ինչպես գիտեք, այս տարի փոխվելու է «ԱրԱրԱտ» կոնյակների փաթեթավորումը: Նախագիծը կարող է հավակնոտ թվալ, սակայն, պատճառները միանգամայն արդարացնում են նման ընտրությունը: Հասկանալի է, որ նման նախաձեռնության պատճառով մեր ներդրումային գործունեության գլխավոր օբյեկտներից մեկը դարձավ տեխնիկական վերազինումը: Մասնավորապես, մենք տեղադրել ենք շշալցման նոր հոսքագծեր: Շշալցման արտադրամասի վերազինման համար ծախսվեց 352 մլն դրամ: Ի դեպ, այժմ մենք արդենք վաճառքի ենք հանում 3 և 5-աստղանի կոնյակներ: Իսկ հոկտեմբերին կթողարկվի «ԱրԱրԱտ» կոնյակների ողջ տեսականին, որը կուղեկցվի իրազեկման մեծ արշավով և մի շարք միջոցառումներով: Ինչ վերաբերում է նոր փաթեթավորման ազդեցությանը արտադրության ծավալների վրա, ապա այսպես թե այնպես արտադրության ծավալները որոշող գլխավոր գործոնը իրացման ծավալն է: Հուսով եմ, նոր փաթեթավորման շնորհիվ վաճառքի կորագիծը դեպի վեր կբարձրանա:

Պատմեք, խնդրեմ, ԵԿԳ առաջիկա ծրագրերի մասին, կան արդյոք նոր գաղափարներ արտադրանքի տեսականու ընդլայնման, արտերկրում արտադրամասերի բացման վերաբերյալ:
Պատասխանս սկսեմ վերջից: Հայկական կոնյակի արտադրության արտադրամաս արտերկրում բացելն անհնար է և հարցն այստեղ արտադրական հզորությունների ներուժի բացակայությունը չէ՝ ցանկության դեպքում դա կարելի է կազմակերպել: Արգելքն, առաջին հերթին, օրենսդրական է: Համապատասխան օրենքում հստակ գրված է, որ հայկական կոնյակ է կոչվում միայն այն արտադրանքը, որը համապատասխանում է մի շարք պահանջների, այդ թվում՝ այն պետք է պատրաստված լինի Հայաստանում աճեցված խաղողի որոշակի տեսակներից, պահպանված և շշալցված լինի Հայաստանում: Ասպիսով, արտերկրում բաժանմունքի բացումը մեր դեպքում առաջին հերթին հակասում է օրենքին: Բացի այդ, Պեռնո Ռիկար ընկերությունում (1999թ. ԵԿԳ-ն Պեռնո Ռիկար խմբի մեջ է մտնում) որդեգրել են հետևյալ կարգախոսը՝ «տեղական արմատներ, գլոբալ նվաճումներ» (Local roots, global reach), որն իրեն արդարացնում է արդեն մի քանի տասնամյակ: Այս սկզբունքի էությունը նրանում է, որ ընկերության արտադրած այս կամ այն խմիչքը պետք է արտադրվի բացառապես նրա հայրենիքում:

Ինչ վերաբերում է տեսականու ընդլայնմանը, ապա իր արտադրական յուրահատկության պատճառով, պրոֆեսիոնալ կոնյակագործությունը չի կարող իրեն թույլ տալ պարբերաբար թարմացնել տեսականին: Այժմ զանգվածային արտադրության մեջ է «ԱրԱրԱտ» կոնյակի 7 տեսակ՝ 3-աստղանի, 5-աստղանի, «Անի», «Ընտիր», «Աղթամար», «Տոնական», «Նաիրի» կոնյակները: Պարբերաբար մեր գործարանի տարածքում գտնվող խանութում, ինչպես նաև Պեռնո Ռիկարի ֆիրմային խանութում խիստ սահմանափակ քանակով վաճառքի են հանվում «Դվին», «Էրեբունի», «Կիլիկիա», «Սպարապետ» կոնյակները: Նախատեսվում է նաև թողարկել 25, 30 և 50 տարվա երեք ուլտրա-պրեմիում դասի կոնյակներ, որոնք կթողարկվեն միասնական «Էրեբունի» անվան տակ:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ