Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ոլորտ է

PanARMENIAN.Net - Հայաստանը մրցակցային առավելություններ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, ուր մտնում են էլեկտրոնիկան, կենսատեխնոլոգիաները, դեղերի արտադրությունը: Այդ մասին չորեքշաբթի օրը Երեւանում բացված «Գիտական հետազոտությունների առեւտրայնացումը» խորագրով սեմինարում հայտարարել է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` ներկայացնելով ՀԶԳ վերջին հետազոտությունները:



Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտ: «ՏՏ ոլորտի գրավչությունը արտերկրի ներդրողների համար կայանում է նրանում, որ այսետղ առկա են որակյալ աշխատուժը, այդ ոլորտում ձեւավորված ավանդույթները, ինչպես նաեւ այդ ոլորտում բարձրագույն կրթական հաստատությունների առկայությունը»,-ասել Հարությունյանը: Այդ առիթով նա հավելել է, որ հաճախ արտերկրի գործընկերները նշում են, որ եթե նրանք որեւէ խնդիր են առաջարկում հայ մասնագետներին, ապա մեկ ամիս անց ստանում են ոչ միայն նրա լուծումը, այլ նաեւ մի քանի հնարավոր տարբերակներ:



«Հայաստանի ՏՏ ոլորտի գրավչության լավագույն ցուցանիշը Հայաստանում այնպիսի խոշոր ընկերությունների գործունեությունն է, ինչպիսիք են «Սինոպսիսը», «Microsoft»,-ն ու մյուսները»,-ասել է գործակալության տնօրենը: Ինչպես հաղորդել է Հարությունյանը, այդ ոլորտում գործում են հիմնականում արտերկրի կապիտալով ընկերությունները, որոնք տեղական ընկերությունների հետ ապահովում են 25 տոկոս տարեկան աճ, իսկ միջին աշխատավարձը կազմում է շուրջ 1000 դոլար: Ինչ վերաբերում է կենսատեխնոլոգիաներին, ապա ըստ Հարությունյանի, Հայաստանն այն երկիրն է, որն այդ ոլորտում ունի փորձ եւ ձեւավորված ավանդույթներ: «Այդ մասնագիտությամբ շրջանավարտների թիվը տարեկան շուրջ 610 հոգի է»,-ասել է նա: Ըստ Մտավոր սեփականության գործակալության 2001-2004թթ. այդ ոլորտում արվել է շուրջ 168 գիտական գյուտ: Այդ կապակցությամբ Հարությունյանը նշել է, որ այսօրվա դրությամբ այդ ոլորտի հիմնական խնդիրը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունն է:



Հայկական զարգացման գործակալության տնօրենը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նվաճումները կներկայացվեն «Հայտեկ» ամենամյա կոնգրեսում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---