2009 թվականին գործազրկության մակարդակն ԱՊՀ երկրներում կաճի 35 տոկոսով

PanARMENIAN.Net - Իրավիճակն աշխատուժի շուկայում շարունակում է արագ վատանալ: Դեռեւս մարտին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հաղորդում էր, թե ֆինանսական ճգնաժամն ու տնտեսական ցնցումները կհանգեցնեն նրան, որ 2009-ին 24-54 մլն մարդով կավելանա գործազուրկների բանակը` 2007թ. համեմատությամբ: Այսօր այդ կանխատեսումները վերանայվել են: ԱՄԿ-ն մտավախություն ունի, որ 2009թ. ճգնաժամի պատճառով առանց աշխատանքի կմնա 39-59 մլն մարդ:



ԱՊՀ եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներում գործազրկության մակարդակը կաճի 35 տոկոսով:



Այս տարի գործազուրկների ընդհանուր թիվը կկազմի 210-239 մլն մարդ: 2008-ին գործազուրկների թիվն աշխարհում 190 մլն էր: Երիտասարդության շրջանում գործազուրկների թիվը կարող է աճել 14-15 տոկոսով:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կոչ է անում պետություններին առավել վճռորոշ ու համակարգված գործողություններ ձեռնարկել, որոնք ուղղված էին գործազրկության դեմ պայքարին: Այն խորհուրդ է տալիս պետություններին օգտագործել արդեն իսկ շատ երկրներում փորձված մոտեցումը, որը կապված է ավտոճանապարհների եւ շենքերի կառուցման ակտիվացման հետ եւ այդպիսով ստեղծել աշխատատեղեր: ԱՄԿ-ն առաջարկում է հունիսի 3-19-ը կայանալիք աշխատանքին նվիրված միջազգային խորհրդաժողովում քննարկել «զբաղվածության գլոբալ փաթեթի» ընդունման հնարավորությունը, որն ուղղված կլինի ճգնաժամի հաղթահարմանն աշխատաշուկայում:



ԱՄԿ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միջինում աշխատանքի շուկայի վերականգնումը կարող է 4-5 տարի պահանջել` տնտեսական աճի վերսկսումից հետո: ԱԿՄ-ն հիշեցրել է, որ ամեն տարի աշխատաշուկան ավելանում է 45 մլն-ով, իսկ դա նշանակում է, որ միայն նրանց աշխատանքի տեղավորման համար 2009-15թթ. պետք է ստեղծվի 300 մլն նոր աշխատատեղ:



2009թ. ապրիլին գործազուրկների քանակը Հայաստանում ավելացավ 6,5 տոկոսով 2008թ. համեմատ եւ կազմեց 81 200 հոգի:



Ընդ որում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, ապրիլին 2009թ. մարտի համեմատ այս ցուցանիշն աճել է 3,2 տոկոսով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---