«Գազպրոմ». «Հրազդան-5»-ը նման ծավալի եզակի հզոր ծրագիր է

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին աշխատանքային այցով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ այցելեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը և նրա գլխավորած պատվիրակությունը: Նրանք շրջայց կատարեցին «Հրազդան-5»-ի շինարարական հրապարակում և ծանոթացան աշխատանքների ընթացքին:

Ըստ Վ. Գոլուբևի, «սա նման ծավալի եզակի հզոր ծրագիր է, եւ հիմնական աշխատանքները արդեն ավարտվել են: Էներգաբլոկը իրականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի, եւ ընդհանրապես ողջ Անդրկովկասի տարածաշրջանի համար: Այսօր շուկան կա, երկրները զարգանում են, Ռուսաստանում առկա է էլեկտրագեներացիայի զարգազման մեծ ներդրումային ծրագիր, եւ այն փաստը, որ Հայաստանը ետ չի մնում, եւ նույնիսկ, մի քայլ առաջ է, մեզ շատ ուրախացնում է եւ մեր համատեղ ձեռնարկության զարգացման հաջողության լավ հույս է տալիս»:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը: Աշխատանքների կազմակերպման նպատակով «Հրազդան-5»-ի տնօրինության կողմից կնքվել են 178 տարբեր պայմանագրեր, որոնցից 67-ը`արտասահմանյան ընկերությունների հետ:

Ներկայումս «Հրազդան-5»-ի շինհրապարակում աշխատում է շուրջ 1000 մասնագետ: Աշխատանքներն ընթանում են ֆունկցիոնալ 60 օբյեկտներում` սահմանված ժամանակացույցի համաձայն:

Արտասահմանից «Հրազդան-5»-ի շինհրապարակ են առաքվել ինչպես փոքր, այնպես էլ գերծավալուն տարբեր տեսակի սարքավորումներ և նյութեր` 213 երկաթուղային վագոններով և հատուկ բեռնափոխադրիչներով, 265 հատ 30 տոննանոց կոնտեյներներով և հատուկ ավտոմոբիլային հարթակներով: Կատարվել են նաև տեխնոլոգիական ցիկլում գործարկվող սարքավորումների պատվերները:

Անցած տարվա մայիսին «Հրազդան-5»-ի շինհրապարակ տեղափոխվեց 300 ՄՎտ գեներատորի ստատորը, որն արտադրվել է դեռևս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում և գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում: Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաև բեռի փոխադրման բոլոր մասնակիցների, առաջին հերթին, Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում 2009թ. մայիսի 5-ին 300 ՄՎտ գեներատորի ստատորը տեղափոխեց «Հրազդան-5»-ի հրապարակ:

«Հրազդան-5»-ի շինհրապարակ է առաքվել նաև հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը: 400 000 կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար: Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում:

«Հրազդան-5»-ի շինհրապարակում կառուցվել է 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փողը` հաշվարկված 9 բալ սեյսմակայունության համար, որը խոշորագույնն է Անդրկովկասում: Ավարտվել է «Հրազդան-5»-ի կաթսատուրբինային և էլեկտրատեխնիկական արտադրամասերի անձնակազմի վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ) և Մինսկի ՋԷԿ-ում: Շարունակվում են այլ արտադարամասերի համար անհրաժեշտ աշխատակիցների հավաքագրման և նախապատրաստման աշխատանքները:

«Հրազդան-5»-ի շինարարության ավարտի և արդիականացման ծրագիրը նախատեսում է ժամանակակից գազատուրբինների տեղադրում, ինչպես նաև շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում: էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ:

Մասնագետների և գործընկերների գնահատմամբ «Հրազդան-5»-ի նախագիծը իր տեխնիկական պարամետրերով և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախադեպը չունի համաշխարհային էներգետիկայում: Կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում է նորագույն, տեխնոլոգիապես բարդ և աննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

«Հրազդան-5»-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. կեսերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---