ՀՀ փոխվարչապետն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՊՀ գործերով «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման հարցեր: Դեսպանը նշել է, որ ռուսական կողմն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և կարևորել է կապերի խորացումը Ռուսաստանի նահանգների ու Հայաստանի մարզերի միջև:

Նման հարաբերությունների զարգացման հարցերով զբաղվում է «Ռոսսոտրունդիչեստվո» գործակալությունը, որը փորձում է ընտրել այն նահանգները, որոնց համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ առավել հեռանկարային և արդյունավետ կարող է լինել` առևտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման առումով:

Կողմերը մասնավորապես անդրադարձել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի ու ՀՀ Տավուշի մարզի միջև գործակցության հնարավորություններին, քննարկվել են նաև Արխանգելսկի, Նիժեգորոդսկի մարզերի հետ կապեր հաստատելու հեռանկարները: Նշվել է աշխատանքներին առավել կազմակերպված բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին, որպեսզի համագործակցությունը պայմանավորված լինի ոչ թե անձանցով, այլ համակարգային մոտեցումներով:

Քննարկվել են փոխայցելությունների կազմակերպման հարցեր, իսկ համագործակցության ամուր հիմքերի ստեղծման համար կարևորվել են հնարավորությունների ու ներուժի նախապես ուսումնասիրման խնդիրը: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---