IFC-ն համագործակցում է «Ինեկոբանկի» հետ` Հայաստանում առևտրի ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն այսօր «Ինեկոբանկի» հետ ստորագրեց պայմանագիր` առևտրի ֆինանսավորումը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների համար ընդլայնելու նպատակով:

IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելը և «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը ստորագրեցին պայմանագիր, որը բանկին հնարավորություն կտա տրամադրելու առևտրի ֆինանսավորման ավելի լավ լուծումներ իր ներկրող և արտահանող հաճախորդներին և ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները: Համաձայն պայմանագրի, IFC-ն իր «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագրի» միջոցով երաշխավորելու է առևտրի` «Ինեկոբանկի» ֆինանսավորած առանձին գործարքները:

«Առևտուրը տնտեսական զարգացման անկյունաքարն է», ասել է Թանելը պայմանագրի ստորագրման ժամանակ: «Որպես երկարաժամկետ գործընկերներ և բաժնետերեր, մեզ ուրախացնում է այն, որ առևտրի ֆինանսավորման աջակցությամբ մտնում ենք «Ինեկոբանկի» հետ համագործակցության մեկ այլ փուլ: Դա շահավետ կլինի և’ բանկի, և’ նրա հաճախորդների համար, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկությունները»:

IFC-ի համագործակցությունը «Ինեկոբանկի» հետ սկիզբ է առել 2006թ.: Այդ ժամանակվանից ի վեր IFC-ն բազմաթիվ անգամ բանկին տրամադրել է ֆինանսավորում: Տարեսկզբին IFC-ն օգնեց բանկին մեծացնելու վերջինիս միկրովարկերի տրամադրման կարողությունները կատարողականի վրա հիմնված դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը հնարավոր է դարձնում եռամյա ժամանակահատվածում տրամադրելու ավելի քան 71,000 նոր միկորվարկեր անհատներին և փոքր ձեռնարկատերերին, հիմնականում Հայաստանի գյուղական շրջաններում:

«Մենք երախտապարտ ենք IFC-ի կայուն գործընկերության և շարունակական աջակցության համար», ասաց Բալոյանն արարողության ժամանակ: «IFC-ի «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագիրը» մեզ կօգնի էլ ավելի զարգացնելու առևտրի ֆինանսավորմանն ուղղված մեր աշխատանքները` առաջարկելով առավել մրցակցային պայմաններ մեր հաճախորդներին և ընդլայնելով մեր միջազգային կապերը ծրագրին մասնակցող գործընկեր բանկերի համաշխարհային ցանցի միջոցով»: Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995թ.: IFC-ն տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է իրականացրել երկրում` տնտեսության մի շարք ոլորտներում ներդնելով 87 մլն ԱՄՆ դոլար` 18 ծրագրերի մեջ: Նախորդ ֆինանսական տարում` 2010թ. հունիսի 30-ի դրությամբ, IFC-ի ներդրումների տարեկան ծավալը Հայաստանում աճել է և կազմել 35.3 մլն ԱՄՆ դոլար, որը պատմականորեն առավելագույն գումարն է ` ի պատասխան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի: Ի լրումն իր ներդրումային գործունեության, IFC-ն Հայաստանում իրականացնում է նաև ակտիվ խորհրդատվական ծրագիր` ուղղված բանկային համակարգի զարգացմանը, կայուն էներգետիկայի ֆինանսավորմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---