Ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունը դժվարացրել է խմելու և ոռոգման ջրի մատակարարումը

Ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունը դժվարացրել է խմելու և ոռոգման ջրի մատակարարումը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի Հայանիստ համայնքում տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստին մասնակցում էին նաև ««Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը, Հայանիստի և հարակից համայնքների, ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ), տարածաշրջանի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարները:

Քննարկվեց Հայանիստում և հարակից համայնքներում խորքային հորերի ապօրինի հորատման, հորերի` սահմանված նորմերի խախտումներով շահագործման հետևանքով ստեղծված իրավճակը: Նշվեց, որ ձկնաբուծական տնտեսությունների` ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերի խախտմամբ իրականացված գործունեության հետևանքով շատ համայնքներում դժվարացել է խմելու և ոռոգման ջրի մատակարարումը: Հանդիպման ընթացքում Արմեն Գևորգյանը ձկնաբուծական տնտեսություններին առաջարկեց պարտադիր կատարել ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերով սահմանված նորմերի պահանջները և պահպանել ջրահեռացման կանոնները: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց ձկնաբուծական ընկերությունների կողմից վերոնշյալ գործընթացի անհիմն ձգձգումն ու կայացված որոշումների վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ ծավալելու առաջարկությունները` հիշեցնելով, որ այդ խնդիրները քննարկվել են դեռևս մարտ- ապրիլ ամիսներին, և ՀՀ կառավարությունը, ընդառաջելով ձկնաբուծական տնտեսություններին, լրացուցիչ ժամանակ է տրամադրել ու պայմաններ է ստեղծել վերջիններիս գործունեությունը ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը ձկնաբուծական տնտեսություններից ակնկալում է վերոնշյալ քայլերի շուտափույթ իրականացում, միաժամանակ պատրաստակամ է քննարկել առանձին դեպքերը, երբ անհրաժեշտ է տեխնիկապես բարդ ջրահեռացման հանգույցների և լուծումների կիրառում:

ՀՀ փոխվարչապետը ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ խորհրդակցություն անցկացնել Հայանիստի, տարածաշրջանի համայնքների, ՋՕԸ- երի և «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարների մասնակցությամբ` տեղում խնդիրների քննարկման, անհրաժեշտ տեխնիկական լուծումներ տալու և ջրամատակարարման վիճակը բարելավելու նպատակով:

Նիստում քննարկվեց նաև «»Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի` Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով իրականացվող մի շարք նոր հորերի հորատման և ապօրինի ու ոչ արդյունավետ հորերի կոնսերվացման ծրագիրը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---