Հոկտեմբերի 17-ին Արենի գյուղում կնշեն Գինու տոնը

Հոկտեմբերի 17-ին Արենի գյուղում կնշեն Գինու տոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին խաղողի բերքահավաքի և մթերման ավարտի շրջանում հայկական Արենի գյուղում կնշեն Գինու տոնը: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այդ տոնը Արենին նշում է երկրորդ անգամ և հույս է հայտնել, որ այն կդառնա ավանդական: «Դա ևս մեկ միջոց է Հայաստանը և նրա ավանդույթներն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Ապրեսյանը:

Իր հերթին, Արենի գյուղի գյուղապետ Ժիրայր Եղոյանը նշել է, որ Գինու տոնն այս տարի մեծ մասշտաբներ կունենա. սպասվում է ինչպես իշխանության ներկայացուցիչների, տեղի զբոսաշրջիկների, այնպես էլ արտասահմանյան հյուրերի մասնակցությունը, որոնք գալու են Հայաստան Տաթևի ճոպանուղու բացմանը ներկա գտնվելու համար:

Նա ավելացրել է, որ Գինու տոնը նվիրված է ոչ միայն հայկական «Արենի» գինու ճանաչմանը միջազգային ասպարեզում, այլ նաև ագրոտուրիզմի զարգացմանը և հայկական ավանդույթների վերածնմանը: Մասնավորապես, Եղոյանի խոսքերով, միջոցառան շրջանակներում նախատեսվում է գինու և պանրի համտես, ձիավարության մրցույթ: «Հայ աղջիկները, ոտքերին ածուխ քսելով, ճզմելու են խաղողը գինու հետագա պատրաստման համար»,- ասել է գյուղապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---