Հայաստանի ԿԲ Խորհուրդը հնարավոր է համարում դրամավարկային քաղաքականության խստացումը

Հայաստանի ԿԲ Խորհուրդը հնարավոր է համարում դրամավարկային քաղաքականության խստացումը

PanARMENIAN.Net - 2010 թ. դեկտեմբերի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել աֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: 2010 թ. նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.6%: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական և միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%, ընդ որում, մրգի և բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, հացամթերքի գների աճի ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 6.7 տոկոսային կետ:

Խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածի գերակա ազդեցությունների պահպանման ներքո ուժեղանում են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունները և գնաճային սպասումները, որոնք առաջիկա ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձևավորման առումով կարող են էական դառնալ:

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում և նախանշված ռիսկերի նույն տեմպերով դրսևորման պարագայում էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում:

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների և դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---