Կառավարությունը մտադիր է կարգավորել ավտոմեքենաների տեխզննման գործընթացի հետ կապված խնդիրները

Կառավարությունը մտադիր է կարգավորել ավտոմեքենաների տեխզննման գործընթացի հետ կապված խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը Օշականում կայացած արտագնա նիստում հաստատել է ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման և հաշվառման սկզբունքներում։

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է պետության կողմից երկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համապատկերում։ Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննությունը ձևական բնույթ է կրում, ավելին, քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ նույնիսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման։ «Հասկանալի է, որ կառավարությունը չէր կարող հանդուրժել այս իրավիճակը։ Մի բան պարզ է` մեր երկրի առնվազն 300 հազար քաղաքացիներ ոչ միայն կապահովեն երթևեկության անվտանգությունը, այլև կազատվեն տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից»,- ավելացրել է վարչապետը:

Նրա խոսքով, ընդունված որոշումը թույլ է տալիս, որպեսզի շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայաններից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը։ Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը։ «Մեծ հաշվով խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների անվտանգությանը, վթարների նվազեցմանը։ Կառավարության որոշմամբ առաջարկվող լուծումն առաջին քայլն է և իբրև լուծման նոր մեխանիզմ կարող է ճշգրտման կարիք ունենալ։ Համապատասխան աշխատանք պետք է կատարել տեխզննման կայանների հետ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---