Նախագահը անընդունելի է համարում, երբ վերամշակողները գին են քննարկում գյուղացու հետ

Նախագահը անընդունելի է համարում, երբ վերամշակողները գին են քննարկում գյուղացու հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Մայրաքաղաքի և մարզերի ավելի քան երկու տասնյակ վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ «Երևան գարեջուր» ՓԲԸ-ում անցկացված խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարները, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ հանրապետության խոշոր տնտեսվարողների և հարկատուների հետ իր նախաձեռնած հանդիպումները նպատակ ունեն անմիջականորեն տնտեսվարողների հետ քննարկել իրենց խնդիրները, խոսել տարբեր ոլորտների այդ ընկերությունների ներկայի և ապագայի, զարգացման ծրագրերի, նաև՝ կառավարության հետ համագործակցության մասին: Երկրի ղեկավարի խոսքով, հանդիպումների ընթացքում իր կողմից կարևորվել և այսուհետ էլ կարևորվելու են պետական եկամուտների կոմիտեի հետ աշխատանքներն ու ընդհանրապես, հարկային մուտքերի հետ կապված ամբողջ գործընթացը: «Գործընթաց ասելով` նկատի չունեմ զուտ միջոցների ներգրավում պետական բյուջե, այլ` այդ գործընթացի պարզեցում, տնտեսվարողների համար ավելորդ հոգսերից ձերբազատում, ակնկալելով, որ տնտեսվարողներն իրենք գիտակցաբար կանեն առավելագույնը, որպեսզի իրենց հարկային պարտավորությունները կատարեն, քանի որ մենք եկամուտների, թոշակներ, աշխատավարձեր վճարելու, պաշտպանության ծախսեր կատարելու այլ աղբյուրներ չունենք»,- հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանը գտնում է, որ վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների, սեփականատերերի հետ հանդիպումները ավելի արդյունավետ կլինեն, եթե տեղի ունենան ոչ թե արդեն ամռան վերջին, աշնան սկզբներին, երբ անհրաժեշտ է մթերումները կազմակերպել, երբ կան ժամանակային ճնշումներ, և հնարավոր չի լինում որոշակի խնդիրներ լուծել, այլ հիմա:

«Շատ լավ տեղյակ եմ, որ պարբերաբար հանդիպում եք գյուղնախարարի հետ: Գյուղնախարարը նախկինում լինելով ձեր ոլորտից` կարծում եմ, լավագույնս տիրապետում է այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն ոլորտում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ գոյություն ունեն մի քանի կարևոր դրույթներ: «Սկսենք նրանից, որ անընդունելի է, երբ դուք պայմանագրեր եք կնքում գյուղացիների հետ, այնուհետև, կապված իրավիճակից՝ բերքի քանակից և այլն, սկսվում են որոշակի քննարկումներ գների վերաբերյալ: Եվ մի տեսակ տարօրինակ պատկեր է ստացվում, երբ երկու հարևան մարզերում, որոնք իրարից էապես չեն տարբերվում, մենք գրանցում ենք գյուղմթերքի տարբեր գներ: Կարծում եմ՝ սա ճիշտ չէ: Կարծում եմ, որ ամենաճիշտ մոտեցումն այն է, երբ հենց սկզբից սկսեք պայմանագրերի կնքումը, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, թե իրենց արտադրանքն ի՞նչ գնով են վաճառելու, նաև ձեզ համար պարզ կլինի ձեր ապագայի ծրագրերը կազմելու համար»,- հայտարարել է նախագահը:

Մեր այսօրվա խորհրդակցությանը, մյուս խորհրդակցությունների նման, մասնակցում է նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Կարծում եմ, որ պարոն Խաչատրյանն իր ելույթի ընթացքում կանդրադառնա նաև այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են համակարգում և այն խնդիրներին, որ կան կոնկրետ ոլորտում, որի ներկայացուցիչներն եք դուք: Ինչպես նշեցի, այդ փոփոխությունները միտված են կանոնակարգելու դաշտը, միտված են նրան, որպեսզի ավելորդ քաշքշուկներից ձեզ ձերբազատենք, որպեսզի ավելի քիչ ժամանակ ծախսեք պետեկամուտների հետ հարաբերությունների կարգավորման վրա և ձեր թանկագին ժամանակն ուղղեք ավելի շատ արտադրանք թողարկելու վրա»,- ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Նախագահը:

Այնուհետև հանդիպման մասնակիցները Երկրի ղեկավարի հետ քննարկել են ոլորտի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, նաև` դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Մինչ խորհրդակցությունը Նախագահ Սերժ Սարգսյանը «Երևան գարեջուր» ՓԲԸ-ում ծանոթացել է ընկերության գործունեության արդյունքներին ու զարգացման ծրագրերին, շրջել` պտուղբանջարեղենի մթերման, վերամշակման և հյութերի արտադրամասերում, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը:

Նախագահը անընդունելի է համարում, երբ վերամշակողները գին են քննարկում գյուղացու հետ

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---