Պարտադիր չէ սպասել, որ մի դար անցնի. ժամանակակիցներին պետք է լսել այսօր

Սվետլանա Նավասարդյան.

Պարտադիր չէ սպասել, որ մի դար անցնի. ժամանակակիցներին պետք է լսել այսօր

PanARMENIAN.Net - Հայ մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ճանաչում են բոլորը:Նա միշտ պատվով է պահել Խորհրդային միության, այնուհետև Հայաստանի Հանրապետության պատիվը: Արտիստուհին PanARMENIAN.Net-ի հետ կիսվեց իր մտքերով և կարծիքներով:

Նա բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, սակայն գտնում է, որ մրցույթը որպես երևույթ լավ բան չէ

«Դրանք ազդեցություն չեն թողնում, այլ ճանապարհ են բացում: Մրցույթն ընդհանրապես լավ բան չէ: Արտիստը պետք է հաստատվի նորմալ բեմի վրա, ոչ թե մրցակցության: Մրցակցության մեջ ճնշում կա, իսկ արտիստը պետք է լինի ազատ իր ներքինով, իր ստեղծագործության և ոգու մեջ: Ես կարծում եմ, որ դա կվերանայվի: Հիմա սա ավելի կոմերցիոն նշանակություն ունի:

Բոլոր դեպքում, իհարկե, հպարտություն և պատիվ է Էլիզաբեթ Թագուհու մրցույթում ներկայացնել երկիրը և հաղթել:: Ես խոսում եմ առհասարակ մրցույթի բնույթի մասին»:

Մեր երկրում վերջին տարիներին շատ են երաժշտական մրցույթներ անցկացվում, որին դեմ է Նավասարդյանը:

«Դեմ եմ դրան: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը թողենք մի կողմ, դա պետք է մեզ, և հուսով եմ, որ այն ավելի կամրանա և ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ կարձանագրի այն: Կան մի շարք մրցույթներ, հատկապես մանկական, որը միայն մինուս է, որովհետև կա տարիք, երբ երեխաները պետք միայն սովորեն: Բացի դրանից, մրցույթում ամբիցիոզ բաներ կան. այս մեկին հաղթել, այն մեկին հաղթել: Պատանիների մոտ բնավորության ձևավորման տարիներ են, և շատ կարևոր է, որ այն, ինչին ծառայում են, գնա իրենց առջևից, և ոչ թե հակառակը»:

Սվետլանա Նավասարդյանն իր ուսուցիչների մասին

«Ի սկզբանե ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ: Վաչե Ումր-Շատի մոտ առաջին անգամ նվագեցի 12 տարեկանում, հետո առաջին կուրսից Կոնսերվատորիայում: Ես նրա ղեկավարությամբ արդեն միջազգային մրցույթներում հաղթեցի:

Այնուհետև Մոսկվայում Յակով Զակն էր, որն իր սերնդի կարկառուն ներկայացուցիչն էր: Նա մեծ հորիզոններ բացեց, չնայած իմ հիմքն այնպիսին էր, որ կարելի էր հանգիստ կառուցել (ծիծաղում է-Ս.Խ.):

Սվետլանա Նավասարդյանը հայ դաշնակահարների մասին

Արմեն Բաբախանյանը վառ անհատականություն է` ընդծված ձեռագրով: Շատ շփում չունեմ Կոնսերվատորիայի հետ և չեմ կարող ոչինչ ասել ուսանողների մասին: Կարծում եմ կան լավ դաշնակահարներ նրանց մեջ:

Նավասարդյանը` երաժշտական կրթության մասին

«Շատ կարևոր է միջավայր ստեղծել: Դժբախտաբար մենք չենք հասել այն ավանդույթներին, որ կան Եվրոպայում կամ Ռուսաստանում:

Օրինակ` Ռուսաստանում հեղափոխությունից առաջ չորս ձեռքերի փոխադրմամբ գործեր կային, կոչվում էին «քույր և եղբայր»: Եվրոպայում բոլոր տներում համերգներից են խոսում, որ տունը մտնես, ձայնասկավառակներ կան:

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք անընդհատ զրոյից ենք սկսում: Մենք անում ենք, հետ ենք գնում, կրկին բացում ենք դպրոցական ֆիլհարմոնիա: Հանրակրթական դպրոցում այն պետք է ընդգրկված լինի: Թող շատանան դպրոցներ, բայց պետք է սեր սերմանել, որ եթե նույնիսկ երեխան չկարողանա նվագել, սիրի և կապվի երաժշտությանը: Այս առումով թե՛ ծրագրերի խնդիր է, թե՛ ուսուցիչներ պատրաստելու խնդիր է: Շատ անելիք կա: Դպրոցների մասին պետք է մտածել »:

Երաժշտական դպրոցների կրթական ծրագրերի մասին

«Ծրագրերը շատ գեղեցիկ են կազմված և հոյակապ աշխատում են: Ես կասեի, որ ավելի լավ կլինի, որ այդ «ուտելիքը» ավելի բազմազան լինի: Իմ կողմից կավելացնեի ժամանակակից երաժշտության տոկոսը, որովհետև մենք չենք կարող չնկատել, թե ինչ է կատարվում մեր շրջապատում: Դա անմիջական արտահայտումն է նրա, թե ինչ ենք մենք մտածում, ինչպես ենք մենք ապրում: Ես, որ կապված եմ Փարիզի հետ, ավարտական ժյուրիի անդամ եմ 5-6 տարի և այնտեղ 60 տոկոսը ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են: Սա բնական է և այս կարգի ծրագրերով համերգներին շատ մարդ է մասնակցում: Մենք էլ այսօր Բախի նման չենք շարժվում, Շոպենի նման չենք ձևարտահայտման առումով: Իհա՛րկե, գաղափարները, հույզերը, համամարդկային միշտ մնում են, ձևարտահայտումները` ոչ: Այսօր երաժիշտը հանդես է գալիս թարգմանչի դերում, նա հետ է գնում, և տեղավորում է այդ ստեղծագործությունը մեր միջավայրի մեջ: Այսպիսով, մենք մեզ ժամանակակից ենք համարում Բախին: Ապա ինչու՞ չպետք է ճանաչենք այն, ինչ մեր կողքին է կատարվում: Ինչու պետք է սպասենք երկու դար, հետո կատարենք: Չէ՞ որ մենք ժամանակակից պոեզիա ենք կարդում: Լիքը հատորներով երաժշտություն կա, բայց մարդ պետք է թարմացնի այդ հանրագիտարանը»:

Դաշնակահարուհու խորհուրդները երիտասարդ սերնդին

«Ես ոչ մի խորհուրդ չեմ տալիս: Ամեն մարդն ունի իր ճանապարհը և ժամանակը, և իսկապես, ինքնուրույն փորձ ձեռք բերելն ամենակարևորն է: Ամեն մեկը երազում է բացել իր աշխարհն առանց հապավումների և խորհուրդների: Եթե մեկն ունի իմ խորհրդի կարիքը, կարող է ինձ դիմել»:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---