Դասական երաժշտությունը չի մահացել, մահացել են նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել նորը

Հովիկ Սարդարյան.

Դասական երաժշտությունը չի մահացել, մահացել են նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել նորը

PanARMENIAN.Net - 19-ամյա կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված իտալական մրցույթի հաղթող է ճանաչվել: Մրցույթը հայտարարել էր Իտալիայի Թուրին քաղաքի Քսենիա ասոցիացիայի կողմից անցկացվող Արևելք-Արևմուտք (Estovest) փառատոնը: Հաղթանակի առիթով Իտալիա այցելելուց հետո Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիրը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցեց իտալացիների կազմակերպած մրցույթին իր մասնակցության և արդի դասական երաժշտության մասին:
Մրցույթում հաղթելու առիթով մեկնել էիր Իտալիա, կպատմե՞ս մասնակցության ու հաղթանակի մասին:
Փառատոնի հայտարարած մրցույթին մասնակցելու համար ուղարկել էի իմ երկու ստեղծագործությունները՝ “Aquarelle” ջութակի և դաշնամուրի համար և “Fresco” ութ թավջութակների համար, որից հետո բոլորովին մոռացել էի մրցույթի մասին: Հունիսի 22-ին ինձ հայտնեցին, որ այդ մրցույթի հաղթող եմ ճանաչվել, և մինչև սեպտեմբերի 2-ը ժամանակ ունեի, որպեսզի որպես հաղթող մի նոր ստեղծագործություն գրեի, որը կկատարվեր փառատոնի շրջանակում անցկացվելիք համերգներից երկուսում: Գրեցի “Fuming flames”-ը (Ծխացող կրակներ) ալտի և դաշնամուրի համար, որոնց առաջին կատարման նախապատրաստության համար էլ Թուրին մեկնեցի հոկտեմբերի 24-ից 28-ը:

Ե՞րբ սկսեցիր առաջին քայլերդ երաժշտության մեջ:
Վաղ մանկությունից ունեցել եմ երաժշտական ընդունակություններ, ընդ որում՝ սովորել եմ մի քանի երաժշտական հաստատություններում, բայց ոչ մեկը չեմ ավարտել: 8 տարեկանից սկսել եմ շատ լուրջ զբաղվել երաժշտությամբ, քանի որ ապագաս այդ ոլորտում էի տեսնում: 2001-ին ընդունվել եմ ԼՂՀ Հադրութի շրջանի երաժշտական դպրոց` դաշնամուրի և վոկալ բաժին: Բայց այնտեղի ուսումն ինձ չէր բավարարում, ուստի 2004-ից որոշեցի տեղափոխվել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի թավջութակի բաժին: Դրան զուգահեռ 2004-2007թթ. երգել եմ «Արցախի ձայներ» երաժշտական նախագծում, և հենց նախագծի հիմնադիր Լիրա Քոչարյանի որոշմամբ կամ, կարելի է ասել, դրդմամբ էր, որ ես ընտրեցի դասական երաժշտության ճանապարհը, այլ ոչ թե փոփ, և սկսեցի նվագել թավջութակ: Իսկ որպես թավջութակահար 2008-2010թթ. նվագել եմ Արցախի պետական կամերային նվագախմբում:

Ինչպե՞ս եղավ անցումը թավջութակից կոմպոզիցիային:
Վարժարանում բոլոր ուսուցիչներս ինձ ապագայում տեսնում էին որպես թավջութակահար Հովիկ Սարդարյան: Բայց ես ընտրեցի թավջութակը, որովհետև մտածում էի, որ պետք է դիրիժոր դառնամ: Ես մինչև հիմա էլ կարծում եմ, որ մի օր պետք է ունենամ իմ նվագախումբը և ղեկավարեմ այն: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր դիրիժոր պետք է որևէ լարային գործիք նվագել իմանա, որովհետև դա նվագախմբի ամենակարևոր բաղադրիչն է: Իսկ կոմպոզիտոր դառնալու որոշմանը ես հանգեցի մի շատ կարևոր դեպքից հետո, որ տեղի ունեցավ 2007-ին:

Այդ ժամանակ մի քանի փոքրիկ պիեսներ գրեցի, որից հետո երկար ժամանակ ինքնուրույն և որոշ ուսուցիչների օգնությամբ ուսումնասիրում էի երաժշտության պատմությունը, գործիքագիտություն և դասական երաժշտությանը վերաբերող այլ տարբեր առարկաներ: Առաջին լուրջ գործս եղավ դաշնամուրային կվինտետը, որն էլ ներկայացրեցի Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա ընդունվելու համար և ահա արդեն երրորդ տարին ուսանում եմ կոմպոզիցիայի բաժնում՝ Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական դասարանում:

Քո ստեղծագործական դաշտը դասական երաժշտությունն է: Ո՞ր հեղինակներին կուզենայիր առանձնացնել՝ որպես բացարձակ արժեք քեզ համար:
Ընդհանրապես, այն ինչ մնացել է պատմության մեջ, արդեն արժանի է գնահատանքի: Եվ, իհարկե, բացարձակ արժեքների մասին խոսելը մի քիչ վտանգավոր է, մանավանդ, եթե խոսքը գնում է 20-րդ` բազմաէսթետիկ և բազմաժանր դարաշրջանի մասին:

Իսկ հայ արդի կոմպոզիտորներից որևէ մեկին կնշե՞ս:
Հայ արդի դասական երաժշտության մեջ ինձ համար անվիճելի մեծություններ են Տիգրան Մանսուրյանը, իմ դասախոս Աշոտ Զոհրաբյանը, ում համարում եմ շատ ինքնատիպ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունների նմանը չեմ լսել, Արթուր Ավանեսովը, Վաչե Շարաֆյանը, ինչպես նաև շատ կոմպոզիտորներ, ովքեր ինձ տարեկից են:

Ինչպե՞ս է, ըստ քեզ, ընկալում արդի դասական երաժշտությունը ոչ մասնագիտացած լսարանը:
Կան շատ մարդիկ, որոնք ասում են, թե դասական երաժշտությունը մահացել է: Բայց դա այդպես չէ. այդ նրանք են մահացել, եթե չեն կարողանում տեսնել ու լսել նորը: Երաժշտությունը, առհասարակ, կա և լինելու է այնքան, որքան իր գոյությունը կշարունակի մարդ արարածը և անգամ դրանից հետո. չէ՞ որ բնությունն ինքն է յուրահատուկ երաժշտություն ստեղծում, որի կատարման համար գործիքներ հարկավոր չեն: Իմ կարծիքով` որքան գոյություն ունենա օդի ալիքային շարժումը, այնքան էլ կլինի երաժշտությունը:

Կա՞ որևէ մրցույթ, որին կուզենաս ապագայում անպայման մասնակցել:
Կան մրցույթներ, որոնց երբևէ չեմ մասնակցի, որովհետև գիտեմ, որ դրանք շատ ցածր որակ են ապահովում, բայց և կան մրցույթներ, որոնց մասնակցելուն, ըստ իս, դեռևս պատրաստ չեմ և աշխատելու տեղ ունեմ: Իսկ առաջիկա մրցույթների և ստեղծագործական ընթացքի մեջ գտնվող գործերի մասին երբեք չեմ սիրում խոսել:

Տարածված կարծիք կա, թե մասնակցությունը մրցույթներին կարող է կոտրել երիտասարդ ստեղծագործողին: Ի՞նչ կասես այս առնչությամբ, և ի՞նչ է քեզ համար մասնակցությունը մրցույթին:
Բազմիցս ասել եմ, որ կոմպոզիտորների մրցույթները, առհասարակ, ամենասուբյեկտիվն են: Պետք է հստակ իմանաս՝ ով է դատելու ստեղծագործությունդ, որպեսզի այդ մրցույթին մասնակցելն անիմաստ ժամանակի վատնում չլինի: Ինձ համար մասնակցությունը մրցույթներին նշանակում է երկու բան՝ ներկայացնել ինձ, իմ ստեղծագործությունը հանրությանն ու պրոֆեսիոնալ շրջանակներին և ծանոթություն այլ կոմպոզիտորների հետ, փորձի փոխանակություն, որը շատ կարևոր է տեղում չդոփելու և զարգանալու համար:

Ըստ քեզ, ի՞նչ տեղ ունի կոմերցիան ստեղծագործության մեջ:
Դժվար թե ստեղծագործ մարդը դադարի գործեր գրել, եթե նրան չվճարեն դրա դիմաց: Բայց շատ կարևոր է, որպեսզի լուրջ կոմպոզիտորը ունենա լուրջ երաժշտության պատվերներ: Երբ կոմպոզիտորը գիտակցում է, որ իր ստեղծագործելու ժամանակը գնահատվում է, նա ավելի մեծ խանդավառությամբ է աշխատում:

Անի Պապոյան / PanARMENIAN News
---