Պավարոտին ու Կալլասը կոչումներ չունեին. թող ես էլ չունենամ

Արաքս Մանսուրյան.

Պավարոտին ու Կալլասը կոչումներ չունեին. թող ես էլ չունենամ

PanARMENIAN.Net - Մեր զրուցակիցն է սոպրանո Արաքս Մանսուրյանը, ով արդեն 16 տարի է՝ ապրում է Ավստրալիայում, սակայն երբեք կապը չի կտրում հայրենիքի հետ: Նա ամեն տարի գալիս է Հայաստան: Երգչուհին ասում է, որ մի օր ընդմիշտ կվերադառնա հայրենիք, եթե այստեղ տուն ունենա:
Ինչո՞ վ եք զբաղված Ավստրալիայում
Այս պահին դասավանդում եմ և շատ քիչ ելույթներ եմ ունենում, որովհետև դասավանդմանը զուգահեռ երգելու էներգիան և ժամանակը չի հերիքում: Ձայնը «նախանձ» գործիք է: Եթե չսիրես, չփայփայես, չհետևես, այն քեզ չի ծառայի: Ես այն ուսանողներին եմ տալիս: Այս պահին ունեմ ուսանողներ, ում ապագան հստակ տեսնում եմ: Վեց աշակերտներս տարբեր երկրներում արդեն երգում են: Դա իմ ուրախությունն է. տալ և ստանալ:

Իսկ որտե ՞ ղ եք ելույթ ունենում
Ինստիտուտը որտեղ դասավանդում եմ, կիրակի օրերը կազմակերպում է համերգներ պատկերասրահում: Այդտեղ եմ երգում: Անցած տարի 2 համերգ ունեցա, մեկը Սիդնեյում` Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ, նրանց հյուրախաղերի ընթացքում, մյուսը՝ Մելբուռնում:

Հայերը ներկա ՞ են ձեր համերգներին
Այն տարիներին, երբ երգել եմ Սիդնեյի օպերայում, շատ քիչ հայեր են եղել դահլիճում: Հիմնականում օտարների համար եմ երգել: Պատկերասրահում ունենում եմ համերգներ, որտեղ հայերը գալիս են: Հայերի հետ շատ չեմ առնչվում:Ունեմ մեկ- երկու բարեկամ, որոնց հետ շփվում եմ: Որ մտնում ես աշխատանքի մեջ, խրվում ես, մոռանում ես և ժամանակ չես ունենում շփվելու:

Դասավանդում ե ՞ ք Կոմիտաս Ձեր աշակերտներին
Իհարկե: Իմ բոլոր ուսանողները պարտադիր երգում են Կոմիտաս: Սա իմ գործն է` օտար ուսանողների հոգու մեջ տարածել Կոմիտաս:

Իսկ լեզվական խնդիրներ չե ՞ ն ծագում
Ունենում են, բայց աշխատում են, ձայնագրում են, կարդում են: Կոմիտասյան երգերում բառեր կան, որ շատ դժվար է թարգմանել: Ինչպե ՞ ս ասես «Քելեր ցոլեր իմ յարը»: Ես, իհարկե, ելքը գտնում եմ:

Կոմիտասի երգերը բոլորն են ընկալում: Ամեն անգամ, երբ ասում են «ինչ գեղեցիկ է», սիրտս թրթռում է և ինձ ուժ է տալիս: Ուսանողներս խնդրում են, որ սովորեցնեմ երգել: Նույնիսկ հեռախոսում ունեմ ինդոնեզացի ուսանողուհուս ձայնագրությունը: Նա քննությանը երգել է «Քուն եղիր բալաս» և «Զուլո» երգերը: Կոմիտասը սիրվում է: Մյուս ուսանողուհուս` Լիսա Բելլի կատարմամբ «Կռունկը» հրաշալի են ընդունում:

Շատերն ասում են, որ մշակույթը առանց քաղաքականության պետք է լինի: Դուք ի՞նչ կասեք այս մասին
Ինչպե՞ս է Կոմիտասը հնչեցրել մեր մշակույթը: Դրանով են ճանաչել մեր երկիրը: Ես ինքս քաղաքականության մեջ չկամ, բայց երբ արվեստը մտցնում ես օտարների ականջն ու հոգին, դա արդեն քաղաքականության մասնիկ է: Դու ներկայացնում ես քո երկիրը արվեստի միջոցով, ասում ես, թե ով ես: Դա քո ստորագրությունն է:

Դուք այսքան մեծ ուղի եք անցել, սակայն չունեք ոչ մի կոչում: Ինչու ՞
Այս հարցից, ճիշտն ասած, հոգնել եմ: Ես ունեմ մեկ կոչում, որն ինձ համար շատ թանկ է: Դա Սփյուռքի նախարարության Կոմիտասի շքանշանն է: Ես կոմիտասյան շատ երգերի առաջին կատարողն եմ եղել: Կոմիտասյան «Անուշ» անավարտ օպերայի առաջին և միակ կատարողն եմ, և կարծում եմ՝ արժանի եմ այդ շքանշանին: Ես ինձ սփոփում եմ միայն նրանով, որ Մարիա Կալլասը կոչում չուներ, Պավարոտին չուներ: Կալլասը Կալլասն էր, Պավարոտին Պավարոտին էր: Իհարկե, մեր համակարգի մեջ դա կարևոր բան է, ու մարդիկ կան, որ Հայստանում չեն ապրում, բայց ունեն բազմաթիվ կոչումներ: Ավելի լավ է այս մասին չխոսենք: Ես ուրախ եմ այսպես, իրենք թող մտածեն:

Հայաստան վերադառնալու ցանկություն չունե ՞ ք
Այս հարցն ինձշատ են տալիս: Ասում եմ՝ այո: Բայց մտածում եմ, որ մի անկյուն պետք է ունենամ, որպեսզի գամ: Չեմ կարող գալ և հյուրանոցում ապրել: Հուսամ, որ անկյուն կունենամ, և կգամ: Դա ինձ համար կարևոր խնդիրն է: Ուսանողներիցս շատերն են ասում, որ կգան Հայաստան, եթե ես էլ գամ:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---