Ցեղասպանության հերքումը քրեականացնող պետությունները հակված կլինեն փոփոխել օրենսդրությունը

Լևոն Գևորգյան.

Ցեղասպանության հերքումը քրեականացնող պետությունները հակված կլինեն փոփոխել օրենսդրությունը

PanARMENIAN.Net - 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճիռը: Միջազգային մեծ արձագանք ստացած դատավճիռը բազմաթիվ լրացուցիչ մեկնաբանություններ ստացավ ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերից: Գործին որպես երրորդ կողմ հանդիսացող Հայաստանի պաշտոնական արձագանքի համաձայն՝ ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվել են դատարանի կողմից: ՄԻԵԴ վճռի իրավաչափության, հետևանքների և հայկական կողմի արդյունքների շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է «Լեգալատա» իրավաբանական ընկերության կառավարիչ, Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանի հետ:
Որո՞նք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճռի հիմնական իրավական կողմերը: Որքանո՞վ էր սպասելի գործի նման ելքը, և արդյոք օրինաչափ էր Փերինչեքի հաղթանակը Շվեյցարիայի նկատմամբ:
Դատարանի վճռի հիմնական դրույթները հետևյալն են. առաջին` Փերինչեքի ելույթը ռասիստական չէր հանդիսանում և չուներ հայերին վիրավորելու միտում, այն ուղղված էր առաջին հերթին արևմտյան պետությունների դեմ, երկրորդ` այսօր կենտրոնական Եվրոպայում չկա Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման անհրաժեշտություն, քանի որ Հայոց ցեղասպանությունից արդեն իսկ անցել է զգալի ժամանակահատված և, ըստ Եվրոպական դատարանի, վերջինիս հիշատակն այնքան թարմ չէ, որքան Հոլոքոսթի մասին հիշատակը, և եվրոպական պետություններն, ի տարբերություն Հոլոքոսթի, անմիջական առնչություն չեն ունեցել Հայոց ցեղասպանության հետ։ Թե ո´րը կլիներ Դատարանի գնահատականը, ինձ համար անկանխատեսելի էր ընդհուպ մինչև վճռի հրապարակման պահը։ Եվ կարծում եմ, որ դատավորների՝ 10 կողմ և 7 դեմ ձայների բաշխման պարագայում, կարող ենք ասել, որ օրինաչափություն այստեղ չկա։ Միայն երկու դատավորների կողմից այլ կարծիք հայտնելու դեպքում Շվեյցարիան կհաղթեր։ Չմոռանանք նաև, որ վճռի օգտին քվեարկած դատավորների կազմում են նաև Շվեյցարիայի և Ֆրանսիայի դատավորները, և եթե այս երկու դատավորները միանային մյուս 7-ին, բոլորովին այլ վճիռ կլիներ։

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին կայացրած դատավճռում ևս նշել էր, թե Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ Փերինչեքի խոսքի ազատությունը, քանի որ նման սահմանափակումը չի ունեցել «հրատապ սոցիալական նշանակություն» և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում հայերի ցեղասպանության զոհերի ժառանգների պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու համար: Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվել այս համատեքստում Մեծ պալատի կայացրած վերջնական վճռով:
Մեծ պալատն իրականում որևէ կետով չի հերքել ստորին պալատի եզրակացությունները և գնահատականները։ Սա շատ կարևոր է հասկանալ, հատկապես, երբ տարածում է ստանում այն պնդումը, որ վճիռը մեր օգտին է։ Ստորին պալատը, այո, օգտագործել էր առավել խնդրահարույց ձևակերպումներ` նշելով, որ 1915թ. իրադարձությունները դասվում են այն միջադեպերին, որոնց վերաբերյալ միասնական դիրքորոշում լինել չի կարող և որոնք շարունակվող պատմական վիճաբանությունների կիզակետում են։ Ստորին պալատը նաև իրականացրել էր Հոլոքոսթի և Հայող ցեղասպանության անընդունելի տարբերակում` նշելով, որ առաջինի վերաբերյալ առկա են միջազգային ատյանների հաստատված վճռիներ, իսկ երկրորդի վերաբերյալ` ոչ, ինչը արդարացնում է ՄԻԵԴ-ի տարբերակված մոտեցումը։

Մեծ պալատը այս ձևակերպումները չի օգտագործում, սակայն, ինչպես արդեն նշեցի, ոչ էլ հերքում է։ Մեծ պալատը պարզապես ավելացնում է տարբերակման նոր չափանիշներ` աշխարհագրական և ժամանակագրական։ Առաջինի համաձայն՝ Հոլոքոսթը, տեղի ունեցած լինելով հենց եվրոպական պետությունների տարածքում, ստեղծում է վերջիններիս համար լրացուցիչ պարտականություն՝ պատժելու Հոլոքոսթի հերքումը, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը մի բան է, որի հետ այդ պետություններն անմիջական առնչություն չեն ունեցել, ինչն էլ, ըստ Եվրոպական դատարանի, հիմք է տարբերակված մոտեցում դրսևորելու համար։ Երկրորդ փաստարկի համաձայն, ի համեմատ Հոլոքոսթի՝ Հայոց ցեղասպանությունից առավել շատ ժամանակ է անցել, ինչը, ըստ Դատարանի, փոքրացնում է վերջինիս հերքման համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Ջեֆրի Ռոբերթսոնը և Ամալ Քլունին իրենց մեկնաբանություններում նշում են, որ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է, քանի որ Մեծ պալատը նշել է, որ այն չունի իրավազորություն՝ քննարկելու Հայոց ցեղասպանության եղելության հարցը։ Սակայն այդ նույն բանը նշել էր նաև Ստորին պալատը (2013թ. վճռի 101-րդ պարբերություն), և անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, որ ՄԻԵԴ-ը կարող էր ասել որևէ այլ բան։ Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզից էլ պարզ է, որ ՄԻԵԴ-ը չունի 1915թ. իրադարձությունները որակելու իրավասություն։ Եվ եթե նույն՝ առավել քան ակնհայտ բանի կրկնությունը կարելի է համարել հաղթանակ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք։

Մասնավորապես, որքանո՞վ էր օրինաչափ Դատարանի վճռի այն դրույթը, ըստ որի՝ «Փերինչեքը արհամարհանք կամ ատելություն չի արտահայտել 1915 թվականի իրադարձությունների զոհերի նկատմամբ և դրանք հեռու էին ատելության կամ անհանդուրժողականության կոչ լինելուց»:
Մեծ պալատի այս գնահատականի հետ դժվար է համաձայնվել։ Կարծում եմ, այս հարցում ՄԻԵԴ-ի դիրքորոշումը խիստ մակերեսային է. տպավորություն է ստեղծվում, որ Դատարանը գնահատական է տվել առանձին արտահայտություններին միայն` համատեքստից դուրս, և մոռացել Փերինչեքի ելույթի մնացած հատվածների մասին։ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է» արտահայտությունը ՄԻԵԴ-ը փորձում է մեկնաբանել ոչ թե որպես հայերի, այլ եվրոպական պետությունների դեմ ուղղված արտահայտություն, որով Փերինչեքն իբրև թե քննադատում է եվրոպական «իմպերիալիստական» տերություններին Հայոց ցեղասպանությունը «հորինելու» համար։ Իսկ Փերինչեքի հայտարարություններն առ այն, որ ինքը Թալեաթ փաշայի հետնորդն է, Դատարանը շատ հարմարավետորեն շրջանցում է։ Դատարանը շրջանցում է նաև այն փաստը, որ Փերինչեքն իր հայտարարությունների համար ընտրել էր հենց այն պետությունները, որոնցում առկա են մեծ հայկական համայնքներ, և որոնցում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացված է։ Եթե նրա թիրախն իրոք եվրոպական «իմպերիալիստներն» էին, որոնք իր իսկ խոսքերով քանդել էին Օսմանյան կայսրությունը, ապա Շվեյցարիան կամ Հունաստանը (որտեղ Փերինչեքին արգելեցին մուտք գործել) շատ տարօրինակ ընտրություն են։ Բոլորովին անհասկանալի է նաև Փերինչեքի ելույթների վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից մի շարք ապացույցների մերժումը գործի քննության ընթացքում. տպավորություն է ստեղծվում, որ Մեծ պալատն ընդունելի համարեց միայն այն, ինչ կնպաստեր նման վճռի կայացմանը և չցանկացավ ավելորդ ծանրաբեռնել իրեն այնպիսի նյութերի ուսումնասիրությամբ, որոնք առավել կընդգծեին Փերինչեքի իրական միտումները։

Ըստ Ձեզ, արդյո՞ք հիմնավորված է Դատարանի ներկայացրած բացատրությունում առկա այն պնդումը, թե ՄԻԵԴ-ը «հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել հայերի արժանապատվության հանդեպ հարգանքի պահպանման անհրաժեշտության (Կոնվենցիայի 8-րդ հոդված), և Փերինչեքի խոսքի ազատության իրավունքի պահպանման անհրաժեշտության միջև (Կոնվենցիայի 10-րդ հոդված)»:
Կարծում եմ այստեղ կրկին գործ ունենք մակերեսային ուսումնասիրության հետ։ Առանձին սոցիալական համայնքների արժանապատվության հարցը զուտ իրավական խնդիր չէ. այն պահանջում է հասարակագիտական, քաղաքագիտական և պատմագիտական ուսումնասիրություն։ Մի իրավիճակում, երբ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներն իրենց վրա կրում են Հայոց ցեղասպանության հետքը և ըստ էության արդյունքն են այդ Ցեղասպանության, ՄԻԵԴ-ի պարզունակ վերլուծությունը, որի համաձայն 1915թ. իրադարձություններից ողջ մնացած գրեթե ոչ ոք չի մնացել, և հետևաբար այն վաղ անցյալ է, և չկա սոցիալական անհրաժեշտություն՝ պաշտպանելու էթնիկ հայերի արժանապատվությունը Հայոց ցեղասպանության իրավական գնահատականը հերքող հայտարարություններն արգելելու տեսքով, բացարձակապես համոզիչ չէ։

Արդյո՞ք կարող է Դատարանի վճիռը նախադեպային դառնալ խոսքի ազատության իրավունքի համատեքստում ցեղասպանությունների ժխտման դեպքում պատասխանատվությունից ազատվելու համար: Մասնավորապես, ի՞նչ ազդեցություն կունենա վճիռը այն երկրների դեպքում, որտեղ ևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեկանացված է (Հունաստան, Կիպրոս, Սլովակիա):
Իհարկե ՄԻԵԴ-ը նշել է, որ տվյալ վճիռը վերաբերվում է միայն Փերինչեքի խոսքի ազատությանը Շվեյցարիայի կողմից իրականացված միջամտությանը և Դատարանը կարծես թե առանձին չի եզրակացնում, որ Շվեյցարիայի օրենսդրությունն ինքնին հակասում է Կոնվենցիայի պահանջներին: Սակայն մյուս կողմից ՄԻԵԴ-ն այս վճռով ըստ էության սահմանեց իր իսկ համար կիրառելի չափանիշներ։ Այդ չափանիշներից կենտրոնականն այն է, որ ըստ ՄԻԵԴ-ի՝ այսօր կենտրոնական Եվրոպայի պետություններում չկա Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման և ընդհանրապես դրա համար պատասխանատվության ենթարկելու հրատապ սոցիալական անհրաժեշտություն, քանի որ ըստ ՄԻԵԴ-ի՝ Հայոց ցեղասպանությունը վաղ անցյալ է, որից տուժած շատ քիչ անձինք են այսօր ողջ և, բացի այդ, այդ պետությունները չունեն Հայոց ցեղասպանության հետ անմիջական կապ։ Սրանք չափանիշներ են, որոնք ՄԻԵԴ-ը միանշանակ կկիրառի իր հաջորդ վճիռներում` հաշվի առնելով տվյալ ատյանի՝ իր իսկ նախկին որոշումներին հետամուտ լինելու միտումը։ Բնականաբար այդ փաստը գիտակցելով՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող եվրոպական պետությունները հակված կլինեն փոփոխել իրենց օրենսդրությունը` ապաքրեականացնելով այն` Փերինչեքի և նրա յուրայինների ապագա պրովոկացիաներից խուսափելու նպատակով։

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ գործին որպես երրորդ կողմ մասնակցած Հայաստանը դրականորեն արձագանքեց վճռին՝ հայտարարելով, թե բավարարված են հայկական կողմի սկզբունքային պահանջները:
Նման հայտարարություններն ինձ համար առնվազն տարօրինակ են։ Հայոց ցեղասպանության հերքման քրեականացումը ճանաչման գործընթացի բաղկացուցիչ մասն էր, այդ գործընթացի առավել ուժեղ և երևի թե միակ կիրառական իմպլեմենտացիայի միջոցը։ Փերինչեքի դատավճռով մենք ուժեղ հարված ստացանք և ըստ էության Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում մեկ քայլ ետ գնացինք, քանի որ ճանաչումն այսուհետև միայն դեկլարատիվ բնույթ ունեցող հայտարարություն է, որը չի ստեղծում իրավական հետևանքներ։ Անկախ նրանից՝ պետությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, յուրաքանչյուր ոք այժմ ազատ է մերժել Հայոց ցեղասպանության եղելությունն այդ պետությունների տարածքում` առանց հիմնավորումների և օգտագործելով հայերիս համար վիրավորական ձևաչափեր։ Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ ՄԻԵԴ-ը որևէ կետով չհերքեց ստորին պալատի վճռի հիմնավորվածությունը` պնդումն առ այն, թե մենք գոհ ենք վճռից, համարում եմ ինքնախաբեություն։

Ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի աշխատանքը և փաստաբաններ Քլունիի ու Ռոբերթսոնի՝ վճռի վերաբերյալ արված հայտարարությունները:
Աշխատանքի գնահատական տալ չեմ ուզում. միայն ցանկանում եմ նշել, որ հրապարակային լսումների ժամանակ մեր կողմի ելույթը չէր վերաբերվում ՄԻԵԴ-ի առջև քննարկվող խնդրին։ ՄԻԵԴ-ի կողմից քննարկման պետք է արժանանար Փերինչեքի խոսքի բնույթը և Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման սոցիալական անհրաժեշտությունը։ Այդ հարցերից ոչ մեկին մենք չանդրադարձանք։ Քլունին և Ռոբերթսոնը փոխարենը խոսեցին Հայոց ցեղասպանության եղելության, Թուրքիայում մարդուն իրավունքների պաշտպանության վատ վիճակի և այլ հարցերի մասին, որոնց բարձրաձայնումը գուցե և կարևոր քաղաքական նշանակություն ունի մեզ համար, բայց գրեթե որևէ իրավական նշանակություն և արժեք չուներ կոնկրետ գործի համար։

Քլունիի և Ռոբերթսոնի հայտարարություններն առ այն, թե Հայաստանը պետք է գոհ մնա արդյունքից, համարում եմ վիրավորական և մեզ մոլորեցնելու փորձ։ Նրանք պնդում են, որ մեզ համար վճիռը հաղթանակ է, քանի որ Մեծ պալատը հերքել է ստորին պալատի ձևակերպումները. կրկնում եմ՝ նման բան վճռում չկա, և Մեծ պալատը վճռի և ոչ մի պարագրաֆում չի հերքում ստորին պալատի գնահատականները, այլ պարզապես ավելացնում է նոր հիմնավորումներ նույն եզրակացությանը հասնելու համար։ Ի ապացույց իրենց դիրքորոշման՝ Քլունին և Ռոբերթսոնը մեր ուշադրությունն են հրավիրում վճռի այն մասին, որտեղ Մեծ պալատը նշում է, որ այն չունի իրավազորություն՝ քննարկելու Հայոց ցեղասպանության եղելությունը, իսկ Ռոբերթսոնն իր՝ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցի ժամանակ անգամ նշեց, որ հայկական կողմը ներկայացված էր ՄԻԵԴ-ում առաջին հերթին Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը հարվածի տակ դնելու համար։ Որպեսզի հասկանանք, թե որքան անտրամաբանական են այս հայտարարությունները, ընդգծեմ, որ ստորին պալատը նույնպես նշել էր, որ այն չունի Հայոց ցեղասպանության եղելությունը քննարկելու իրավազորություն (2013թ. վճռի պարագրաֆ 111), և ոչ ոք խելամտորեն չէր էլ կարող պնդել, թե ՄԻԵԴ-ը պետք է հայտարարեր, որ այն ունի Հայոց ցեղասպանության եղելությունը քննարկման առարկա դարձնելու իրավունք։ Իսկ Թուրքիայի քրեական օրենսդրությունն այստեղ ընդհանրապես քննարկման առարկա չէր և չէր էլ կարող լինել։ Նույն հաջողությամբ խոսքի ազատության վերաբերյալ ցանկացած գործից հետո կարելի է ասել, որ սա լուրջ հաղթանակ է, քանի որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն այժմ հարվածի տակ է. այն նույն չափ հարվածի տակ էր նաև 2013թ. ստորին պալատի վճռից հետո։ Ստացվում է, որ Քլունին և Ռոբերթսոնը ներգրավվել էին, որպեսզի ՄԻԵԴ-ն ասեր այն, ինչ արդեն ասել էր և յուրաքանչյուր դեպքում պետք է ասեր։ Ուստի ցավով պետք է ասեմ, որ անձամբ ինձ համար Ռոբերթսոնի և Քլունիի հայտարարությունները հնչում են որպես մեզ մոլորեցնելու փորձ և վիրավորական են։ Թեև մյուս կողմից, եթե վստահորդդ անհասկանալի պատճառներով գոհ է մնում, իրավաբանն էլ կարծեք թե կաշկանդված չի լինում իր գնահատականներում:

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
---