2017-ին Երևանում 650 աշխատատեղ է ստեղծվել, Արարատում՝ 300, Տավուշում՝ 200

Վահագն Լալայան.

2017-ին Երևանում 650 աշխատատեղ է ստեղծվել, Արարատում՝ 300, Տավուշում՝ 200

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն ակնկալում է, որ 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում ՀՀ-ում կստեղծվի 10.000 նոր աշխատատեղ: Միևնույն ժամանակ, փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում արդեն իսկ ստեղվծել է 1800 նոր աշխատատեղ:

PanARMENIAN.Net ը զրուցել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի հետ՝ պարզելով՝ որտեղ և որ ոլորտներում են ստեղծվել նոր աշխատատեղերը և որքանով է իրատեսական մինչև տարեվերջ 10.000 նոր աշխատատեղ ունենալու մասին նախարարի հայտարարությունը:

Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում ստեղծվել է 1800 նոր աշխատատեղ: Կարող եք ներկայացնել՝ որտեղ, ինչ ձեռնարկությունում քանի նոր աշխատատեղ է ստեղծվել՝ մարզերով, համայնքներով:
Ինչ վերաբերում է կոնկրետ ձեռնարկությունների ցանկին, դա հրապարակման ենթակա չէ, որովհետև կոնկրետ ընկերություններ են՝ հստակ ցուցանիշներով, իսկ դա կարող է լինել իրենց առևտրային գաղտնիքի մի տարր: Եթե մենք այդ ցանկը հիմա հրապարակենք, գուցե ինչ-որ մի ընկերություն դեմ լինի: Հնարավոր է նաև, որ տվյալներն օգտագործվեն մրցակիցների կողմից: Հաջորդ անգամ արդեն այդ ընկերությունները մեզ չեն վստահի և մեզ հետ չեն գործակցի:

Բայց ամփոփ տվյալներ, իհարկե, կարող ենք ներկայացնել: Հարկ է շեշտել, որ խոսքն այն ծրագրերի մասին է, որոնք ինչ-որ աջակցություն են մեր կողմից ստացել՝ արտոնություն, ֆինանսական օժանդակություն և այլն, մենք էլ հավաքագրել ենք իրենց տվյալները: Առաջին եռամսյակում 1800 աշխատատեղ է ստեղծվել՝ 62 ծրագրով: Այս 62 ծրագրից 35-ը Երանում են, 7-ը՝ Սյունիքի մարզում, 6-ը՝ Կոտայքում, 3-ական ծրագիր էլ իրականացվել է Լոռիում ու Տավուշում, և այլն:

Ինչ վերաբերում է բուն աշխատատեղերին, այդ մոտ 1800-ից 650-ը Երևանում է ստեղծվել, Վայոց ձորում՝ մոտ 500, Արարատում՝ 300, Տավուշում՝ 200, Սյունիքում՝ 100, Գեղարքունիքում՝ 50: Մարզային ընդգրկվածությունը բավական լայն է: Ամեն դեպքում, Երևանը և՛ մայրաքաղաք է, և՛ տնտեսական կենտրոն է, և՛ ամենախիտ բնակեցվածն է: Այնունամենայնիվ, կարծում ենք՝ այս թվերը բավականին հավասարաչափ բաշխվածություն ունեն, ինչը հուսադրող է:

Ծրագրերը հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության ու գյուղատնտեսության ոլորտներում են:

Էկոնոմիկայի նախարարն ակնկալում է, որ 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 նոր աշխատատեղ. Սուրեն Կարայանն ինքն է այս մասին ասել: Ձեր գնահատմամբ, այս թիվն իրատեսակա՞ն է:
Նախարարն այս թիվն ընդհանուր նախարարության աշխատանքի հիման վրա է ասել: Ընդհանուր առմամբ սա շատ իրատեսական թիվ է, որը մենք կարող ենք ապահովել, անգամ՝ գերակատարել: Փորձը ցույց է տալիս, որ բացվող ընկերությունների կեսից ավելին իրենց նախատեսածից շատ աշխատատեղ են բացում: Օրինակ՝ պլանավորել էին 100 աշխատատեղ, բայց բացում են 200-ը: Մեր ունեցած ծրագրերի ցանկն ու քանակն ամեն օր թարմացվում է և ավելանում: Արդյունքում, տարեվերջին շատ ավելի շատ աշխատատեղ կարող է բացվել:

Նախարարը նաև հայտարարել է, որ իրականացվել է մոտ 80 մլն դոլարի ներդրում: Դրա ո՞ր մասն է արտասահմանից ներգրավված:
Ծրագրերից կեսից ավելին արտասահմանյան ընկերություններ են իրականացնում: Առավել խոշորներն արտասահմանյան ընկերություններ են՝ բրիտանական, ռուսական, սիրիահայերի բացած, տարբեր երկրներից սփյուռքահայերի ընկերություններ:

Ինչպես եք գնահատում ներդրումների հարթակի աշխատանքը: Ա՞յն արդարացնում է սպասելիքները:
Միանշանակ: Գոնե այն մի պարզ պատճառով, որ օտարերկրյա ներդրողներին կարողանում ենք ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ ոլորտային շատ լայն ընդգրկմամբ: Ներդրումային հարթակում արդեն 55 իրատեսական, նորմալ ծրագիր կա, որոնք կարող են ներդրումներ գրավել: Եթե սրանք սկսենք իրականացնել, մեր ցուցանիշներն անգամներով կաճեն: Դրանցից 3-4-ն արդեն իրականացման փուլում են: Ունենք անգամ շատ լուրջ ընկերությունների կողմից մշակված ծրագրեր:

Իսկ պոտենցիալ ներդրողներն ավելի շատ որ ոլորտներով են հետաքրքրված:
Հիմնականում` էներգետիկա, գյուղմթերքի վերաշակում, և տուրիստական, այսպես ասած՝ ծառայությունների ոլորտը՝ հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրի ոլորտ և այլն:

Կարդացեք նաև՝ Վահագն Լալայան. ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, հարկային օրենսգիրքը, կապիտալի արտահոսքն ու ներդրումային ծրագրերը

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
---