Արտակ Հանեսյան.Վերափոխումն և վստահությունը կարևոր են ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար24 օգոստոսի 2021 PanARMENIAN.Net - Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսել է բանկի ռազմավարության, հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին: Global Markets. Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները: Ամերիաբանկի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլև այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռևս 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այդպես մենք առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի: Եվ դա է պատճառը, որ մենք հետևողականորեն ձգտում ենք թվային վերափոխման, որի ուղղությամբ արված ներդրումների շնորհիվ էլ կարողացանք դիմակայել նախորդ տարի բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին: Ամերիաբանկը հավատում է Հայաստանի տնտեսության ներուժին և ապագային: 2008-ից ի վեր մենք հսկայական դերակատարում ենք ունեցել Հայաստանում գործող ընկերությունների և մեր երկրի տնտեսության հզորացման գործում: Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է, որը մշտապես ձգտում է իր հաճախորդներին և գործընկերներին առաջարկել բանկային լավագույն ծառայություններն ու պրոդուկտները, հանդես գալ նոր ու ժամանակակից լուծումներով: Մեր աճն ու զարգացումը մշտապես հիմնված են եղել ոչ թե կարճաժամկետ շահերի, այլ երկարաժամկետ տեսլականի, ռազմավարության և մի շարք առանցքային նպատակների վրա: Ցանկանում եմ նաև շեշտել, որ մեր հաջողությանը նպաստել են մեր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի վստահությունը մեր հանդեպ և նրանց հետ ունեցած երկարաժամկետ փոխհարաբերությունները: Նրանք մեզ ոգեշնչել են դինամիկ զարգացման և ավանդական բանկից մարդկային կարիքների վրա հիմնված ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի վերափոխման: Global Markets. Որո՞նք են վերջին 12 ամիսների ընթացքում բանկի արձանագրած հիմնական ձեռքբերումներն ու հաջողված ծրագրերը: Թեև նախորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության առջև ծառացան էական դժվարություններ և մարտահրավերներ, այնուամենայնիվ մենք կարողացանք գործել արդյունավետորեն և ապահովել դրական արդյունքներ: 2021թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն, Ամերիաբանկը պահպանեց իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ըստ հիմնական բանկային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ, շահույթ և սեփական կապիտալ): Առաջին եռամսյակի ավարտին բանկի ակտիվների և սեփական կապիտալի շահութաբերությունը կազմեց համապատասխանաբար 1.5% և 14.2%: Մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում նաև ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 26%: Դեպի ունիվերսալ բանկի մոդելին անցում կատարելու մեր ռազմավարության համաձայն, բանկն ավելացրել է մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը: Բացի այդ, զգալի առաջընթաց ենք ունեցել հեռավար և թվային ուղիներով բանկային սպասարկման ոլորտում, որի արդյունքում ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը 2020թ. կազմել է 48% (աճ 12 տոկոսային կետով): Global Markets. Այս տարի Ամերիաբանկն առաջին անգամ հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի բանկը Հայաստանում կանաչ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ: Նախ նշեմ, որ Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի թողարկումը բանկի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 42 միլիոն Եվրո: Պարտատոմսերը թողարկվեցին մեր երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ: Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի համակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը միջազգային սկզբունքներին և համաշխարհային շուկայում գործող չափանիշներին: Կանաչ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում ֆինանսավորելու էկոլոգիական կայունությանը նպաստող ծրագրերը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր հետագա անելիքներին, նշեմ, որ մենք մտադիր ենք դառնալու առաջատար կանաչ բանկը Հայաստանում և ակնկալում ենք էլ ավելի խորացված համագործակցություն մեր գործընկերների հետ: Global Markets. Թվային ո՞ր տեխնոլոգիաներն է Ամերիաբանկն առավել հեռանկարային համարում: Որո՞նք են Ամերիաբանկի հիմնական առաջնահերթությունները 2021թ. համար և ապագայի ռազմավարական նպատակները: Հաջողության հասնելու համար ցանկացած բանկ պետք է հարմարվի արագորեն փոփոխվող պայմաններին: Ընթացիկ տարվա մեր առաջնահերթություններն են հետագա թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը: Ըստ այդմ, մենք հետևողականորեն ընդլայնում ենք հեռավար բանկային ծառայությունների մատուցման կարողությունները, բարելավում ենք թվային ծառայությունների որակը, մեծացնում ենք մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել վարկային պորտֆելի երկնիշ աճ: Դա կօգնի մեզ իրագործելու մեր ռազմավարական նպատակները, այն է` արդյունավետության բարձրացում, հիմնական ֆինանսական ցուցանիշների հետագա աճ, մեր հաճախորդների, գործընկերների, թիմակիցների և բաժնետերերի գոհունակության բարձր մակարդակի ապահովում, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկայում բացարձակ առաջատարի դիրքի պահպանում: Global Markets. Վերջերս մի շարք հարցազրույցներում ձեր միջազգային գործընկերները նշում են, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): Ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկն այդ ուղղությամբ: Վերջին մի քանի տարիներին մենք դարձել ենք երկրի ամենախոշոր բանկը և ապահովել ենք միջազգային գործընկերների հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Բացի այդ, մենք շարունակաբար բարելավում ենք մեր կորպորատիվ կառավարման համակարգը: IPO-ն շատ կարևոր ռազմավարական նվաճում կլինի մեզ համար և կնպաստի մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործմանը: Հանրային ընկերություն հանդիսանալը ենթադրում է նաև, որ մենք պետք է հետևենք լավագույն փորձին` կապված կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մենք արդեն իսկ գործում ենք որպես հանրային ընկերություն` հանդիսանալով Հայաստանի բացառիկ ընկերություններից մեկը, որի կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է IPO-ի համար սահմանված նախապայմաններին: Մենք մշտապես հետևում ենք կապիտալի միջազգային շուկաներին, բորսայում ցուցակված նմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններին և սահմանել ենք հաջողությամբ IPO իրականացնելուն ուղղված ուղենիշներ: Նշեմ նաև, որ բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը կմեկնարկի մեր միջնաժամկետ նպատակների իրականացումից հետո: Ժամկետները կախված կլինեն նաև շուկայական պայմաններից: Ցանկանում եմ նշել նաև, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեր աճին ու զարգացմանը, ունեն մեկ նպատակ` նպաստել կյանքի որակի բարելավմանը: Մեր հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է և վստահությունը մեր ընկերության ներուժի, մեր երկրի և տնտեսության հանդեպ, որում ապրում և աշխատում ենք: | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |