Վլադիմիր Կազիմիրով.Ժամանակաշրջանի եւ պայմանների կոնկրետ հաշվարկը զինված հակամարտությունների հանգուցալուծման գրավականն է18 մայիսի 2006 PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը վերջերս ակնհայտ է դարձել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը գնալով ավելի ինտենսիվ են դառնում եւ ակնհայտ է, որ միջնորդները փորձում են որեւէ լուծում գտնել հենց 2006 թ.: PanARMENIAN.Net-ի խնդրանքով իրավիճակը մեկնաբանում է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Իրոք այս տարի կարող է ճեղքում արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Այն, որ 2006 թվականը բարենպաստ է առաջխաղացման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ակնհայտ է: Ըստ իս, այն ծանրացած չէ նախընտրական քաղաքական արշավներով, որոնք կանցնե Հայաստանում եւ Ադրբեջանում 2007 եւ 2008 թվականներին: Սակայն այս ամենը չի նշանակում, թե հնարավոր է կտրուկ բեկում: Ուղղակի պետք է առավելագույնս օգտագործել այս տարվա հնարավորությունները գոնե նախադրյալներ ստեղծելով խաղաղ պայմանագիր կնքելու համար, որը կարող է տեղի ունենալ 2009-2010 թթ.: Սկզբունքորեն, բոլոր դժվարություններով հանդերձ, խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլ ուղղակի անհրաժեշտ: Ես կասեի` պարտադրաբար անհրաժեշտ: ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին: Որքանո՞վ է դա ճիշտ: Լեռնային Ղարաբաղի պատվիրակության դուրս մղման գործընթացը հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացից սկսվեց ԵԱՀԿ բուդապեշտյան գագթնաժողովից հետո: Այնտեղ 1994 թվականի դեկտեմբերին պետության ղեկավարները կայացրեցին ամենաբարձր եւ կոնկրետ որոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հենց հակամարտող կողմերի միջեւ բանակցություններ վարելու վերաբերյալ: (Ավելի ուշ ԵԱՀԿ որոշումները Ղարաբաղի վերաբերյալ ընդունվում էին միայն արտգործնախարարների մակարդակով եւ նույնքան էական չէին, որքան Բուդապեշտում): Պաշտոնական Բաքուն այն ժամանակ հայտարարեց, թե եթե ԼՂՀ-ն մասնակցում է բանակցություններին, ապա պետք է ներկայացված լինի նաեւ ադրբեջանական համայնքը, ոսակայն այն չէր կարող առանձին պատվիրակություն կազմել, քանի որ հակամարտության կողմ չէր եւ նրա դիրքորոշումը արտահայտում էր ԱՀ պատվիրակությունը: Այն ժամանակ Բաքուն պնդեց, որ բանակցություններից դուրս գա նաեւ ԼՂՀ հայկական պատվիրակությունը, ինչն էլ նրան ժամանակավորապես հաջողվեց, մտցնելով ՀՀ եւ ԱՀ նախագահների եւ արտգործնախարարների ձեւաչափը, որը վերջրես սկսել են անվանել «Պրահայի գործընթաց»: Եվ այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին պարտադիր է: Որքանո՞վ է ճիշտ, որ բանակցում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ես աննպատակահարմար եմ համարում պատասխանատվության կենտրոնացումը անձնապես երկու նախագահների վրա, առավել եւս, որ հակամարտության կողմերի հասարակական կարծիքը նույնիսկ պատրաստ չէ փոխադարձ եւ հավասարակշռված զիջումների: Իրենք էլ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանք չեն տանում: Այս պայմաններում ցանկացած զիջման համար նրանց միեւնույն է կմեղադրեն դավաճանության մեջ: Ավելի լավ է բանակցել թիմով, պատվիրակություններով, ինչը թույլ կտար բաշխել պատասխանատվությունը կայացվելիք որոշումների համար: Սակայն հատկապես կարեւոր է նախապատրաստել հասարակական կարծիքը փոխզիջումների` (ինչպես պատերազմի ընթացքում աշխատանք էր տարվում հակամարտության կողմերի խորհրդարանականների հետ, նպաստելու համար «խաղաղության կուսակցությունների» ստեղծմանը): Ի դեպ, շատերը չեն հասկանում, որ խորհրդարանների ղեկավարների «Բիշքեկի արձանագրությունը» ընդամենը քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ էր անում դադարեցնել մարտական գործողությունները եւ որը չունի ոչ մի իրավական հիմք` դա համաձայնագիր չէ հրադադարի մասին : Ինչո՞վ էր տարբերվում Հեյդար Ալիեւը Ալիեւ-կրտսերից Հեյդար Ալիեւը իրատես էր: Երբ նա դնում էր Ղարաբաղի մասին հարցը, ապա ի նկատի ուներ միայն 7 շրջաններն առանց Լեռնային Ղարաբաղի: Նրա որդու համար համաձայնագիրը հայերի հետ ավելի վտանգավոր է: Խուսափելու համար պայմանավորվածություն ձեռք բերելուց, նա համառորեն ԱՀ տարածքային ամբողջականության սկզբունքի մեջ է ներառում նաեւ բուն Լեռնային Ղարաբաղը: Հելսինկյան ամփոփիչ ակտի բոլոր 10-ը սկզբունքներն իրավահավասար են` դա վերաբերվում է եւ ազգերի ինքնորոշման իրավունքին եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Իսկ բախումնային իրավիճակներում շատ ավելի կարեւոր է վեճերի խաղաղ լուծումը, ուժ չկիրառելը եւ չսպառնալը: Եվ հետո, չի կարելի տառացիորեն ընդունել այդ սկզբունքները, հաշվի չառնելով ժամանակը, կոնկրետ պայմանները` պետք է դիտել դա զարգացման մեջ: Հելսինկյան ակտի սկզբունքներն ընդունվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ընդունվեցին միջուկային զենքի առկայության պայմաններում տարբեր համակարգերի պետությունների միջեւ հարաբերությունների նորմերը, երբ ցանկացած տարածքային փոփոխություն կարող էր բերել լայնամասշտաբ պատերազմի: 90-ական թվականները տեկտոնական փոփոխություններ առաջացրեցին համաշխարհային քաղաքականության մեջ եւ պետությունների փլուզման ֆորս-մաժորային հանգամանքներ, այդ թվում նաեւ համաշխարհային տերության` ԽՍՀՄ-ի: Կարելի՞ է արդյոք այս պայմաններում հավատալ բոլոր հելսինկյան ձեւակերպումների հրաշագործ ուժին: Դա նույնն է ինչ երկրաշարժի ժամանակ, երբ փլվում են կրող պատերը, հավակնել ինչ-որ ներքին պատնեշի անձեռնմխելիության: Անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակաշրջանը եւ իրավիճակը: Հեյդար Ալիեւի հետնորդները բորբոքում են ռազմատենչ արշավը Ադրբեջանում, ինչն այլասերում է ադրբեջանական հասարակության բարոյական հիմքերը, ճնշում է երիտասարդ սերնդի հոգեբանության վրա: Լարվածությունը պահպանելու համար ավելանում են միջադեպերը շփման գծում: Նախագահ Իլհամ Ալիեւը անձամբ է նախաձեռնում սպառազինությունների մրցավազքը: Ափսոս, որ ԵԱՀԿ-ն պասիվ դիտորդի դերում է: Եթե այդ կազմակերպությունը հանձն է առել խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ուրեմն պետք է հակազդի այն ամենին, ինչ խանգարում է իր խաղաղարար առաքելության կատարմանը: Շատ է խոսվում «կարգավորման Կոսովոյի մոդելի» մասին: Ի՞նչ եք կարծում, կիրառելի է այն ղարաբաղյան հակամարտության հանդեպ: Անընդունելի են երկու ծայրահեղ դատողությունները` ինչպես յուրաքանչյուր հակամարտության ինքնատիպության անտեսումը, այնպես էլ այն աբսոլյուտի վերածելը` այսինքն ընդհանուր գծերի կամ նմանությունների հերքումը: Ինչպես միշտ ճշմարտությունը մեջտեղում է: Իհարկե, չի կարելի կարգավորել հակամարտություններն առանց հաշվի առնելու նրանց յուրահատկությունները, սակայն կան լուծումներ, որոնք կարող են մասնակիորեն օգտագործվել եւ այստեղ, եւ այնտեղ: Ընդհանրությունն այստեղ կապված է միասնական պետության (ԽՍՀՄ, Հարավսլավիա, Չեխոսլովակիա) փլուզման հետ եւ նախկին միութենական պետության ինքնավարությունների ինքնուրույն ապրելու ցանկության հետ: Որտե՞ղ է գերիշխում տարածքային ամբողջականությունը: Գուցե, այն կգերակշռի Կոսովոյում կամ Չերնոգորիայում: Կամքի արտահայտությունը հաճախ ավելի բարձր է լինում: PanARMENIAN.Net գործակալությունը տեղադրում է Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցի վերանայված տարբերակը: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |