Ժան Ֆուրնյե.

ՆԱՏՕ-ն բավարարված է Հայաստանի կողմից IPAP ծրագրի իրականացման գործընթացով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP) բավականին հաջող է իրագործվում Հայաստանում: Ծրագրի շրջանակներում անց են կացվում սեմինարներ, բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը եւ նախանշվել են Դաշինքի հետ համագործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն:
Կոնկրետ ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) իրականացումից:

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) գաղափարը նրանում է, որ մի կողմից իրագործի ՆԱՏՕ-ի քաղաքականությունը տարածաշրջանում: Մյուս կողմից մենք օգնում ենք տվյալ երկրին ժողովրդավարական եւ ռազմական բարեփոխումների առումով: Քաղաքական առումով դա ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացումն է, օրենքի գերակայության հաստատումը, բարեփոխումները պետական կառավարման ոլորտում: Ռազմական տեսակետից դա բանակի բարեփոխումն է այն միջազգային չափանիշներին մոտեցնելու, անվտանգության համակարգի ապահովման համար: Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն իրական հաջողությունների է հասել IPAP ծրագրի իրականացման առումով: Ընդհանուր առմամբ Դաշինքի ղեկավարությունը բավարարված է արդեն ձեռք բերված արդյունքներով, ինչի մասին են վկայում ՆԱՏՕ-ի փորձագետների միջանկյալ զեկույցները, որոնք հաճախ են լինում երկրում: Բնական է, մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չէ իրագործել ծրագրի ողջ ծավալը, սակայն, ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին IPAP-ում գրանցված բոլոր դրույթները կիրագործվեն:

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով Վրաստանի եւ Մոլդովայի դիմումներին: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ ինչ իրավունքներով:

ՆԱՏՕ-ում չկա ասոցիացված անդամակցության հասկացողություն, ինչպես, օրինակ, ԵՄ-ում: Այդ առումով ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամներ: Համագործակցությունն այդ երկրների հետ սահմանափակվում է նրանց մասնակցությամբ տարբեր ծրագրերին, ինչպիսիք են IPAP-ը, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերը: Նաեւ երկխոսություն կա Հայաստանի հետ 26+1 ձեւաչափով: Ես պետք է մեկ անգամ եւս ընդգծեմ, որ ՆԱՏՕ-ն չի բանակցում Ադրբեջանի հետ այդ երկրի անդամակցության հարցի շուրջ: Ադրբեջանն, ինչպես նաեւ Հայաստանը, բավականին հաջողությամբ համագործակցում է Դաշինքի հետ IPAP շրջանակներում, եւ դրանով էլ ՆԱՏՕ-Հայաստան եւ ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները սահմանափակվում են: Անդամակցությունը ՆԱՏՕ-ին բոլորովին պարտադիր չէ Ադրբեջանի համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա եւս չի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով:

Շահագրգռվա՞ծ է արդյոք ՆԱՏՕ-ն հայ-թուրքական սահմանի բացման հարցում եւ կարո՞ղ է արդյոք Դաշինքն աջակցել այդ գործընթացին:

Հայ-թուրքական սահմանի բացման հարցը ՆԱՏՕ-ի իրավասությունից դուրս է, դա երկու երկրների խնդիրն է: Անշուշտ, մենք կողմ ենք սահմանի ապաշրջափակմանը, սակայն հարկ չենք համարում միջամտել երկու երկրների հարաբերություններին: Դաշինքը նաեւ ողջունում է տարածաշրջանում համագործակցությանն ու երկխոսությանն, ինչպես նաեւ Հարավային Կովկասի պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը:

Ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունն է: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրով, սակայն մենք ուշադիր հետեւում ենք բանակցային գործընթացի զարգացմանը: Դաշինքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Ես պետք է ընդգծեմ, որ մենք երախտապարտ ենք Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղեկատվության համար, որը մեզ է տրամադրում Հայաստանի կառավարությունը IPAP շրջանակներում:
---