Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին

Պիտեր Սեմնեբի.

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը գնալով ավելի շատ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ անկայուն ներքաղաքական իրավիճակը Վրաստանում ոչ միանշանակ արձագանք են ստացել ԵՄ-ում եւ, որպես հետեւանք, առանձնակի ուշադրությունն է այն երկրների հանդեպ, որոնք ներգրավված են Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) վերջին զեկույցը:

Ես համաձայն եմ ՄՃԽ-ի հանձնարարականներին հատկապես այն մասով, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի այն առաջարկներին, որոնք այժմ բանակցությունների սեղանին են: Ես նաեւ գտնում եմ, որ պետք չէ օգտագործել Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները հակամարտության կարգավորումը ձգձգելու համար: Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն ազդեցության բոլոր միջոցներն ունի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, սակայն մենք կարող ենք աջակցել միայն հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատմանը: Ենթադրվում է, որ կողմերը չեն օգտագործի ԵՄ-ն որպես ճնշման միջոց հակամարտության կարգավորման համար: Մեր դիրքորոշումը մնում է նույնը` ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի շրջանակներում:

Թույլ տալիս եք արդյո՞ք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն ղարաբաղյան հակամարտության գոտում:

Քանի դեռ չկա ոչ մի գոնե նախնական համաձայնագիր կողմերի միջեւ, պատերազմի հավանականությունը միշտ պահպանվում է: Իրավիճակը կարող է կայուն թվալ, սակայն միջադեպեր հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լինում են գրեթե ամեն շաբաթ: Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է մարտական գործողությունների պատճառ դառնալ: Պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ն չունի միջադեպերին հետեւելու մանդատ եւ մոտ ապագայում չի ունենա:

Կարո՞ղ է արդյոք ռազմական բյուջեների աճը պատերազմ հրահրել:

Մեզ շատ է մտահոգում Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների աճը: Ադրբեջանն արագ զարգանում է եւ իրեն ուժեղ է զգում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով կամ տնտեսական ճնշման միջոցով: Ադրբեջանի այդ հույսերը չափազանցված են, Հայաստանը եւս զարգանում է, եւ բնականաբար, ավելացնում է ռազմական ծախսերը: Իրավիճակն աշխարհում մշտապես փոխվում է, եւ իրավիճակը, որը կայուն էր թվում 1-2 տարի առաջ, այժմ կարող է փոխվել: Ես կարծում եմ, որ այստեղ առիթ կա վերաիմաստավորելու իրավիճակը:

Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս ներքաղաքական իրավիճակը Վրաստանում:

Ես Երեւան եմ ժամանել Թբիլիսիից եւ չէի ցանկանա շահարկել այդ թեման, սակայն իրավիճակն այնտեղ արդեն կայունանում է: Նախագահը նոր վարչապետ է նշանակել, ընդդիմության հետ երկխոսություն է գնում: Սակայն լարվածությունը պահպանվում է եւ երկու կողմերն էլ պետք է զգուշավոր լինեն:

Նոյեմբերի 17-ին Կոսովոյում ընտրություններ տեղի ունեցան, որից հետո Խաշիմ Տաչին, որի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին կհռչակվի Կոսովոյի անկախությունը Սերբիայից: Ինչի՞ կարող է հանգեցնել այդ քայլը:

Ես հուսով եմ, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացնող գործոն չի դառնա Բալկաններում: ԵՄ-ն այդ հարցում ելնում է նրանից, որ Կոսովոյի խնդիրն առանձնահատուկ է: Ի դեպ, դա վերաբերում է բոլոր չլուծված հակամարտություններին: Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն, իր առանձնահատկությունն ունի եւ հարկավոր է գտնել համապատասխան լուծում յուրաքանչյուրի համար առանձին, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը: Կոսովոյի խնդրի լուծումը չպետք է ազդի այլ հակամարտությունների կարգավորման վրա, սակայն, հավանաբար, անխուսափելի է այն, որ Կոսովոն հույսեր եւ մտավախություններ կառաջացնի այլ չլուծված խնդիրների դեպքում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմ է ցանկացած հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի տեսակետից:

Դուք արդեն խոսել եք ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման մասին: Ինչպե՞ս են դա պատկերացնում ԵՄ-ում:

Ես համոզված եմ, որ կարելի է վստահելի հարաբերություններ հաստատել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ: Ես չգիտեմ, երբ իր վերջնական լուծումը կստանա ղարաբաղյան հարցը, սակայն շատ կարեւոր է, որ ժողովրդները կարողանան նորմալ շփվել մինչ լուծումը, այժմ: Դուք միշտ կողք կողքի եք ապրելու, դա է իրականությունը: Երբ հարեւան ժողովրդները չեն շփվում, ստեղծվում է աննորմալ եւ վտանգավոր իրավիճակ: Լավագույն դեպքում արդեն սերունդ է մեծացել, որ չի ճանաչում միմյանց, վատագույն դեպքում` ստեղծվել է թշնամու կերպար: Եթե դա այդպես է, ապա գնալով ավելի դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել:

Նույնը կարող եմ ասել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Իրավիճակը գրեթե նույնն է, սակայն այստեղ կարելի է ավելին անել: Թուրքիան առավել բաց պետք է լինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա իր կողմից կարող է ընդունել այն թուրքական առաջարկները, որոնք չեն վերաբերում կարեւոր խնդիրներին: Ճիշտ է, շատ ավելի լավ եւ դյուրին կլիներ, եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, այն ժամանակ, Հայաստանը կլիներ եվրոպական մի երկրի հարեւան: Սակայն Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին շատ եւ շատ երկար գործընթաց է, եւ ոչ ոք չգիտի թե երբ այն կավարտվի:
---