Մուսթաֆա Այդին.

1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հասարակությունների երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները, որ սառեցվեցին 1993 թվականին Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակմամբ, մինչ այժմ չեն կարգավորվել: Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջարկում, որոնց Հայաստանը չի կարող համաձայնվել: Հայկական կողմը միշտ ընդգծել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի: Փակուղային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը:
Ինչի՞ վրա է հիմնվում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների հանդեպ հիմնված է երկու հիմնական սկզբունքների վրա` երկրների տարածքային ամբողջականության եւ հարեւանների հետ նորմալ հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն Վրաստանի ու Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի հետ: Փետրվարի 19-ին Հայաստանում անցած նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կշարժվի տեղից: Այսպես, համենայն դեպս, կարծում են Թուրքիայում: Այդ մասին են խոսում նաեւ ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունները: Թուրքական ԱԳՆ-ն գտնում է, որ հայ դիվանագիտությունը շատ «խորհրդային է», հնաոճ եւ անբեկում է: Մեր դիվանագիտությունն ավելի շուտ արեւմտյան ոճի է, որը ենթադրում է համատեղ քայլեր: Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը թուրքական կառավարության շատ լուրջ քայլ է, եւ մենք պատասխան քայլեր ենք սպասում Հայաստանի կողմից: Նման քայլերից մեկը Հայաստանի դիրքորոշման մեղմումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անկարան հոյակապ հասկանում է, որ մինչեւ հակամարտության կարգավորումը շատ կա, սակայն Հայաստանը կարող էր դուրս հանել իր զորքերը Ադրբեջանի 7 շրջաններից: Նման դեպքում, Թուրքիան անմիջապես կբացեր սահմանը, որը փակվել է 1993 թվականին: Մինչդեռ, Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է հենց հիմա դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, սակայն թուրքական կառավարությունը լուրջ ճնշման է ենթարկվում եւ այդ պատճառով նա դեռ պատրաստ չէ այդ քայլին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը մոտենում է:

Հնարավո՞ է արդյոք հայ-թուրքական հարաբերությունների բարելավում տեսանելի ապագայում

Թուրքիան Հայաստանից բարդ հարաբերություններ է ունեցել Հունաստանի հետ, հատկապես Կիպրոսի հարցում: Հունաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում մեծ դեր է խաղացել երկու երկրների քաղաքացիական հասարակությունը: Ես տեսնում եմ` ինչպես է աստիճանաբար նորմալանում Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների երկխոսությունը, որ, վերջիվերջո, կղզին կդառնա միասնական: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը միշտ ցանկացել է միանալ կղզու հունական հատվածին միասնական հունա-թուրքական Կիպրոս ստեղծելու համար: Վերջին ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հայերի թիվը աճել է: Պարզապես կան մի շարք հարցեր, որոնք մինչեւ հիմա համաձայնեցված չեն եւ դրանցից մեկը Հայաստանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921 թվականի Կարսի համաձայնագրով: Բնական է, կա նաեւ 1915 թվականի ողբերգության խդնիրը, որը շատերի կողմից Թուրքիայում ընդունվում է որպես ժամանակակից Թուրքիայի հետ բացարձակ որեւէ կապ չունեցող պատմություն: 1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հանրություններին խոսել միմյանց հետ: Ըստ իս, կա եւս մեկ ասպեկտ, որ խանգարում է երկխոսությանը: Չափազանց ծանր է խոսել սփյուռքահայերի հետ, որոնք պնդում են, որ Թուրքիան պարտավոր է ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի ողբերգական իրադարձությունները: Հայաստանի հայերն, ինչպես ինձ է թվում, ավելի հանդուրժող են եւ նրանց հետ ավելի հեշտ է լեզու գտնել: Սակայն սա իմ անձնական կարծիքն է:

Թուրքիայի գլխավոր դատախազը հայցով դիմել է Սահմանադրական դատարան` ընդդեմ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ): Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ Թուրքիայում փակվի կամ կասեցվի իսլամիստական կուսակցության գործունեությունը:

Ինչպես հայտնի է, հայցի համար հիմք է ծառայել ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու թույլտվությունը, ինչը հակասում է Թուրքիայի Սահմանադրությանը: Մենք դեռեւս չգիտենք, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: Գլխավոր դատախազությունը հայցի քննությունը կսկսի հունիսի սկզբին: ԱԶԿ-ին մեղադրում են Թուրքիան իսլամիստական ճանապարհով տանելու համար, այլ ոչ թե աշխարհիկ, ինչը փաստորեն հակասում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարներին: Կուսակցությունը փակելու հավանականությունը բավականին մեծ է: Կա մի քանի սցենար: Կուսակցությունն ընդհանրապես կարող է փակվել, նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին կարող են արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դա ծայրահեղ միջոցն է: ԱԶԿ-ն կարող է փոխել անվանումը, ինչպես դա արդեն եղավ 80-ականներին, երբ արգելվեց Ռեֆաղ կուսակցությունը: Այդ դեպքում, Թուրքիային սպասում են նոր խորհրդարանական ընտրություններ: Դեռեւս վաղ է գուշակել, թե ինչով կավարտվի այս ամենը:

Թուրքիայի խորհրդարանը փոփոխություններ է կատարել ՔՕ տխրահռչակ 301-րդ հոդվածում, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այլակարծության համար: Որքանո՞վ են այդ փոփոխությունները համապատասխանում Թուրքիայի որդեգրած եվրաինտեգրման կուրսին:

301-րդ հոդվածում կատարվեցին փոփոխություններ: Ճիշտ է, ըստ եվրոպացի եւ թուրք փորձագետների, դրանք էական չեն: Սակայն եկեք չմոռանանք, որ նման տիպի օրենքները միանգամից չեն փոխվում, առավել եւս չեղյալ հայտարարվում: Դա տեւական գործընթաց է: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հավանականությանը, ապա ես չէի ասի, թե երկրի բնակչությունը դա ցանականում է: Ըստ սոցիոլոգիական հարցումների 2005թ. դեկտեմբերին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը կողմ էր բնակչության 75 տոկոսը, իսկ 2007-ի նոյեմբերին` ընդամենը 42 տոկոսը, եւ այդ թիվն էլ է նվազում: Կան նաեւ բազում այլ պատճառներ, թե ինչու Թուրքիան այլեւս այդքան էլ չի ձգտում անդամակցել ԵՄ-ին: Մեր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, Իսրայելի, Ռուսաստանի հետ: Այդ առումով Թուրքիան կարող է տարածաշրջանային տերություն դառնալ:
---