Ջոզեֆ Պենինգտոնը.

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում կասեցվի

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան հարաբերությունները բավականին արդյունավետ են զարգանում: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական բարեփոխումներին, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Միեւնույն ժամանակ արդեն 18 ամիս է ինչ Երեւանում Միացյալ Նահանգներ դեսպան չկա: Հայ-ամերիկյան հարաբերությունների եւ զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը:
Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը:

Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն իրենց պատմական կողմը` սփյուռքի հետ կապված խորը մշակութային կապերով եւ իհարկե կա այս հարաբերությունների քաղաքական կողմը տնտեսական, առեւտրային ու գործարար հարաբերություններ, ինչպես նաեւ ռազմական հարաբերությունները` ՆԱՏՕ-ի շրջանակում: Իհարկե հարաբերությունների այս բոլոր կողմերն էլ կարեւորվում են եւ մեր գործընկերային կապերը այս ոլորտների մեծ մասում վեր են կասկածից: Որպես ընդհանրական մեկնաբանություն ես կասեի, որ մեր հարաբերությունները շատ ամուր են այն առումով, որ մենք համագործակցում ենք բազմաթիվ հարցերի շուրջ:

Ինչպե՞ս կբնութագրեիք այդ հարաբերությունները քաղաքական, տնտեսական զարգացումների տեսանկյունից:

Կարծում եմ, տարիների ընթացքում, Հայաստանի անկախացումից ի վեր մենք ակնհայտորեն կառուցողական դերակատարում ենք ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման ու այստեղ ժողովրդավարության կայացման հարցում: ԱՄՆ կառավարությունը տարիների ընթացքում Հայաստանին հատկացրել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն: Դա շարունակվում է եւ այսօր, թե մեր երկկողմ աջակցության սովորական ծրագրերով, թե ՀՄԿ ծրագրի շրջանակում: Իհարկե ՀՄԿ ծրագրին անդրադառնում են նաեւ քաղաքական զարգացումներն ու բարեփոխումները:

Հնարավո՞ր է Հայաստանում ՀՄԿ ծրագրի կասեցում:

Եթե կարճ պատասխան տամ` այո, հնարավոր է, որ ՀՄԿ ծրագրի հետ կապված խնդիրներ լինեն եւ դրանց մասին դեսպան Դանիլովիչը հստակորեն նշել է նախկին նախագահ Քոչարյանին ու նախագահ Սարգսյանին ուղղված նամակներում: Ու դրա պատճառն այն չէ, որ Միացյալ Նահանգները փորձում է կրճատել իր աջակցությունը Հայաստանին կամ ինչ-որ կերպ պատժել Հայաստանին, այլ այն, որ ՀՄԿ ծրագիրն ինքնին հանդիսանում է համաձայնություն ԱՄՆ ու ՀՀ կառավարությունների միջեւ. այո, աջակցությունը կտրամադրվի, բայց այն պետք է ուղեկցվի ժողովրդավարական բարեփոխումներով: Իսկ ընտրարշավը, ընտրության օրը, վերահաշվարկները, ետընտրական իրավիճակը ի վերջո հանգեցրեցին բռնությունների ու արտակարգ դրության. այս ամենը այնպիսի գործոններ են, որ կասկածի տակ են դնում ընթացիկ իշխանությունների հանձնառությունները ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այն ինչ մենք ասել ենք կառավարությանը հրապարակավ ու առանձնազրույցներում այն է, որ մենք ցանկանում ենք, որ ՀՄԿ ծրագիրը շարունակվի, քանի որ այն օգնելու է գյուղական բնակավայրերի հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիների, բայց մենք կարող ենք դա անել միայն այն դեպքում, եթե իշխանությունները Հայաստանը վերադարձնեն դեպի զարգացման ժողովրդավարական ուղի` բաց չթողնելով ժողովրդավարական զարգացումների պահը:

Խոսեք խնդրեմ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին, թե ՆԱՏՕ-ի շրջանակում, թե այդ շրջանակից դուրս:

Անշուշտ, ռազմական համագործակցության ամենատեսանելի ու ամենահայտնի օրինակը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերության ծրագրի շրջանակում է, որի ուղղությամբ Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել` կատարելով այդ նպատակի համար իր ստանձնած հանձնառությունները: Բացի այդ առկա է նաեւ Հայաստանի համագործակցությունը ու մասնակցությունը դժվարին տեղերում, մասնավորապես Կոսովոյում ու Իրաքում, ինչը Միացյալ Նահանգները խիստ բարձր է գնահատում: Մենք մասնավորապես մեր գոհունակությունն ենք ուզում հայտնել այն փաստի վերաբերյալ, որ մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանը կրկնապատկեց իր ներկայությունը Կոսովոյում: Միաժամանակ, ԱՄՆ զինված ուժերը աջակցություն են ցուցաբերում մի շարք ասպարեզներում, ինչպիսիք են սարքավորումների տրամադրումը, ուսուցումը, ռազմավարական փաստաթղթերի մշակումը եւ այլն, ռազմական ուժերի քաղաքացիականացումը: Այսպիսով ռազմական համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով, որոնք բոլորն էլ կարծում եմ լավ են զարգանում:

Վաղը սկսվում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածության հետ կապված լսումները: Դրանք հաջողությամբ կպսակվեն թե՞ ոչ:

Նախ ուրախությամբ նշեմ, որ շատ լավ թեկնածու ունենք հանձինս դեսպան Յովանովիչի: Կարծում եմ, թեկնածուի հարցում բախտը ժպտացել է Հայաստանին: Մենք սպասում ենք նրա գալստյանը ու նա շատ լավ կաշխատի այստեղ: Իհարկե նաեւ տեղյակ եք, որ մեր համակարգում անհրաժեշտ է, որ սենատը հաստատի թեկնածությունը եւ դրա հետ կապված գործընթացը սկսվում է հինգշաբթի օրը: Հուսով եմ, որ գործընթացն առանց նշանակալի խնդիրների կանցնի, սենատը կհաստատի դեսպան Յովանովիչի թեկնածությունը, ու դա շուտ կլինի: Կարծում եմ, Հայաստանը արժանի է ունենալու ամբողջականորեն ներկայացված ԱՄՆ առաքելություն, որի կազմում կլինի նաեւ դեսպան, բայց իհարկե սենատն էլ իր աշխատանքն է կատարելու, որի արդյունքը ես անկարող եմ կանխատեսել: Այնուհանդերձ, հուսով ենք, որ որոշումը կլինի դրական եւ մենք շուտով դեսպան կունենանք: Դեսպանի գալու համար ամենաշատը թերեւս ես ուրախ կլինեմ:

Մենք մտավախություն ունենք, որ դեսպան Հոգլանդի հետ կապված պատմությունը կարող է կրկնվել:

Հուսով եմ` այդպես չի լինի: Դա բացասական կլինի թե Միացյալ Նահանգների, թե հայ-ամերիկյան հարաբերությունների համար, սակայն դա մեր ձեռքերում չէ, դա սենատի ձեռքին է ու տեսնենք, թե ինչ կլինի:

Որպես համանախագահ երկիր համակարծի՞ք եք ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:

Ճիշտ է, մենք տարիներ շարունակ ակտիվ մասնակից ենք եղել Մինսկի խմբի գործընթացին, ու դա համարում ենք կարգավորման պատշաճ ուղի: Մենք ուրախությամբ կառավարությունների հաղորդումների հիման վրա տեղեկացանք, որ վերջին հանդիպումը լավ է անցել: Եվ հուսով ենք, որ այդ հանդիպման շուրջ կարելի է կառուցել հետագա քայլերը: Համանախագահների տարածաշրջանային այցը նախատեսվում է թերեւս այս ամսվա վերջին, որով էլ կմեկնարկի գործընթացի նոր փուլը: Մեր կարծիքով, այլընտրանք չկա ու մենք կշարունակենք եռանդագին աշխատել մեր գործընկերների հետ:

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի արձագանքը:

Հարցը ենթադրություն է պարունակում, եւ ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Բայց պետք է հուսանք ու ակնկալենք, որ այդ ենթադրությունը երբեք չդառնա իրականություն:

Վերջերս հաշտեցման տարբեր ուղիներ են նկատվում Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունների մակարդակում: Հնարավո՞ր է, որ այս շփումները հիմք հանդիսանան հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Նախեւառաջ, ես կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր հարց է Հայաստանի ու Թուրքիայի, երկու երկրների ապագայի ու տարածաշրջանի կայունության համար: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես երկու երկրներում էլ աշխատել եմ, ուստի ես նաեւ անձնական հետաքրքրվածություն ունեմ այս հարցում: Դուք գիտեք, որ մենք` Միացյալ Նահանգները վաղուց ի վեր օժանդակել է մշակութային, սոցիալական կապերին, այսինքն այն կապերին, որոնք ներառում են շփումներ թուրք եւ հայ մարդկանց շրջանում: Մի օրինակ նշեմ, վաղը երեկոյան ես բացելու եմ Ստամբուլի «Բոսֆոր» քառյակի համերգը Երեւանի Կոմիտասի անվան համերգասրահում: Անցյալ շաբաթ Ստամբուլում համերգով հանդես եկավ «Կոմիտաս» քառյակը: Սա պարզապես օրինակներից մեկն է: Մենք կարծում ենք, որ այս կարգի շփումները` համաժողովներ, փոխանակումներ, գիտական բանավեճեր եւ այլն, նպաստում են հաղթահարել խոչընդոտներն ու առաջընթաց ապահովել քաղաքական գործընթացների համար: Մենք նաեւ շարունակում ենք աշխատել կառավարությունների մակարդակում` փորձելով խրախուսել կողմերին ձեռնարկելու քայլեր ուղղված տարաձայնությունների հարթմանը: Ու իհարկե հուսով ենք, որ ոչ հեռու ապագայում առաջընթաց կտեսնենք նաեւ այդ մակարդակում:

Դուք աշխատել եք Թուրքիայում: Ինչպե՞ս են վերաբերում հայերին: Ինչպիսի՞ն է վերաբերմունքը 1915թ. դեպքերի կապակցությամբ:

Հետաքրքիր հարց է: Ես նախ Թուրքիայում աշխատել եմ 1995-98թթ., 10-13 տարի առաջ, ու կարող եմ ասել, որ այդ բանավեճի շուրջ փոփոխությունը ներկայումս եւ այդ ժամանակ հստակորեն տեսանելի է: Կարծում եմ Թուրքիայի ժողովրդի շրջանում ավելի մեծ պատրաստակամություն կա անկեղծորեն խոսել անցյալի մասին ու ավելի բաց կերպով դիտարկել անցյալի իրադարձությունները: Եթե հետեւենք թուրքական լրատվամիջոցներին, կտեսնենք, որ Հայաստանի, Հայաստանի ու Թուրքիայի մասին աշխույժ բանավեճ է ընթանում: Սա Թուրքիայում քաղաքացիական հասարակության ակտիվացման ու ժողովրդավարայնացման առավել բաց գործընթացների համատեքստում է ընթանում: Իհարկե, դեռ կան խնդիրներ. տարիներ շարունակ մարդիկ են դատապարտվում 301 հոդվածի հատկանիշներով, դեռ կան մարդիկ, ովքեր դեմ են այս քննարկմանը եւ մարդիկ, ովքեր գնացին բռնության ընդդեմ Հրանտ Դինքի, երբ նա խոսեց այդ ամենի մասին: 2006թ Թուրքիայում աշխատելու իմ վերջին շաբաթվա ընթացքում ես հանդիպեցի Հրանտ Դինքին, ու նրա մոտեցումը այն էր, որ մեզ բոլորիս` հայերի, թուրքերի, միջազգային հանրության համար ամենակարեւորն այն է, որ Հրանտը համոզված էր, որ հարաբերությունները բարելավելու միջոցով կարող ենք խրախուսել, որ անկեղծ հայացք նետվի դեպի անցյալը: Ահա այն ուղղությունը, որով մենք փորձում ենք գնալ:
---