Եթե Սահակաշվիլիի բլիցկրիգը հաջողվեր, ապա հարձակումը ԼՂՀ-ի վրա մի քանի ամիսների հարց կլիներ

Անդրեյ Արեշեւ.

Եթե Սահակաշվիլիի բլիցկրիգը հաջողվեր, ապա հարձակումը ԼՂՀ-ի վրա մի քանի ամիսների հարց կլիներ

PanARMENIAN.Net - «Հնգօրյա պատերազմից» հետո կովկասյան տարածաշրջանը փոխվել է եւ, հավանաբար, ավելի շատ կփոխվի: Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը տարածաշրջանը նոր մարտահրավերների առջեւ են կանգնեցնում: Որքանո՞վ գործուն կդառնա ռուսական նոր քաղաքականությունը Կովկասում եւ ինչպես դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է PanARMENIAN.Net-ին ներկայացնում ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը:
Կարելի՞ է արդյոք զուգահեռներ անցկացնել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

Անշուշտ, զուգահեռներ կան, եւ բավական էական: Աղբյուրները, քաղաքական-իրավական ասպեկտները, հակամարտությունների զարգացման դինամիկան շատ բաներով նման են: Մարտական գործողությունների ընթացքում Ղարաբաղում ստեղծվեց վերահսկման չընդհատվող գոտի եւ շփման առավելագույնս կարճ գիծ, որը հաշվի է առնում ռելյեֆի առանձնահատկությունները, իսկ ռազմականացված անկլավները Շուշիում եւ մի շարք այլ բնակավայրերում չեզոքացվեցին: Աբխազիայում եւ հատկապես Հարավային Օսեթիայում իրավիճակն այլ կերպ դասավորվեց, այդ պատճառով է, որ 2008թ. Ցխինվալը հայտնվեց մինչ Աղդամում բուֆերային գոտու ստեղծումը 1992-1993թթ. Ստեփանակերտի վիճակում: Վերջերս Բաքուն ուշադիր հետեւում էր Թբիլիսիի գործողություններին եւ շատ անգամ կրկնօրինակում դրանք: Կասկած չկա` եթե Սահակաշվիլիի բլիցկրիգը հաջողվեր, ապա հարձակումը ԼՂՀ-ի վրա մի քանի ամիսների հարց կլիներ, ընդ որում Բաքվում կարող էին հույս ունենալ, որ Արեւմուտքի դիրքորոշումն այնպիսին կլինի, ինչպիսին եղավ վրացական հարձակման առաջին երկու օրերին: Կարծում եմ, այստեղ պատրանքներ լինել չեն կարող:

Այժմ, վրացական հարձակման տապալումից հետո, ռազմական-ռազմավարական առումով իրավիճակը ինչ-որ բանով նմանվեց Ղարաբաղի իրավիճակին: Ոչնչացվեցին վրացական ռազմական անկլավները Լիախվիի դաշտավայրում եւ Վերին Կոդորիում (թեեւ Հարավային Օսեթիայում այժմէական է մնում Ցխինվալի արդյունավետ վերահսկման պահպանումը հեռավոր Լենինոգորսկի շրջանի հանդեպ` հավանաբար, վտանգ կա, որ ժամանակի հետ այն կարող է վերածվել ադրբեջանական զորքերի կողմից գրավված ԼՂՀ Շահումյանի անալոգին): Ինչպես եւ ղարաբաղյան հակամարտության դեպքում, տեղի ունեցավ բնակչության փոխանակում, որ սկսվել էր դեռեւս 1990-ականներին: Վրաստանի ներքին շրջաններից (Քվարելիի, Գորիի, Բորժոմի եւ այլ) օս փախստականների մասին նույնքան հազվադեպ էին հիշում, որքան Ադրբեջանական ԽՍՀ ներքին շրջաններից հայ փախստականների մասին: Փոխարենը, Հարավային Օսեթիայից վրաց փախստականների մասին, հավանաբար, բավականին շուտ կհիշեն` հենց որ սկսեն ճնշման լծակներ որոնել Ռուսաստանի կողմից ճանաչված պետության համար:

Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում մի իրավիճակ էր ստեղծվել, որը, հավանաբար, հնարավոր չէր փոխել այլ կերպ, քան վրացական ռազմական խմբավորման ջախջախման արդյունքում, որը բոլոր նախորդ տարիներին ակտիվորեն ավելացվում էր ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի առաքելությունների քողի տակ ձեւականորեն ապառազմականացված շրջաններում: Եթե ռուսական եւ օսական կողմերը խստորեն պահպանում էին Դագոմիսի պայմանագրերը (մասնավորապես, օսական զրահատեխնիկան կենտրոնացած էր Ջավայում` խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս), ապա վրացական կողմը բացահայտորեն խախտում էր դրանք, չհանդիպելով ոչ մի դիմադրության: Ղարաբաղում իրավիճակը մի փոքր այլ է, ԵԱՀԿ-ի գործառույթները սահմանափակված են կողմերի շփման դիտարկումներով, սակայն Մեթյու Բրայզան անում էր ամեն ինչ հակամարտությունը «ապասառեցնելու» համար` «արեւմտյան խաղաղապահ զորակազմեր» մտցնելու միջոցով: Կասկած չկա, որ եթե Բրայզայի եւ մյուսների ծրագրերը իրականություն դառնային, Ղարաբաղում կստեղծվեր պայթյունավտանգ իրավիճակ, ինչպես դա եղավ օգոստոսի սկզբին Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, ընդ որում շատ ավելի սեղմ ժամկետներում: Նախկին վրացական ինքնավարությունների, իսկ այժմ Մոսկվայի կողմից ճանաչված անկախ պետությունների տարածքում ամենաարդյունավետ խաղաղապահը ռուսական բանակն է, իսկ Ղարաբաղի գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին` Հայաստանի եւ ԼՂՀ Զինված ուժերը: Մնում է հուսալ, որ Ռուսաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում առավել ակտիվ կդառնա, որը հաշվի կառնի ինչպես ՀՀ եւ ԼՂՀ-ի շահերի ընդհանրությունը տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Օսեթիայի շուրջ օգոստոսյան իրադարձությունների արդյունքում ստեղծված նոր իրողությունները: Ամեն դեպքում, Մինսկի խմբի ձեւաչափը լիակատար անարդյունավետություն ցուցաբերեց, եւ բանակցությունները, որի ակտիվ մասնակիցն է պարոն Բրայզան, որը Թբիլիսիում դիմավորում էր «հումանիտար օգնությամբ» ինքնաթիռները, հազիվ թե ինչ-որ քաղաքական իմաստ ունենա, առավել եւս` իրական «ելք»: Բավական է նշել, որ ԱՄՆ-ն, որ դիտարկում է ղարաբաղյան խնդիրը բացառապես իր գլոբալ նպատակների համատեքստում, գերակայում էր բանակցություններում (եթե դա կարելի է այդպես անվանել), իսկ Իրանը իր քաղաքական շահերով, Հարավային Կովկասում պատմական եւ մշակութային կապերով եւ տնտեսական ծրագրերով (այդ թվում Արաքսի շրջանում) նույնիսկ ներկայացված չէր Մինսկի խմբում: Միթե՞ սա անհեթեթություն չէ: Ի դեպ, Իրանի հետ Ռուսաստանի համագործակցության ամրապնդումը կարող է լրացուցիչ խթան ստանալ, նույնիսկ առաջարկություններ են հնչում երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշինք կնքելու մասին:

Արդյոք Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը ժամանակին արված քայլ էր: Ինչպե՞ս պետք է այդ դեպքում վարվի Հայաստանը:

Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի պաշտոնական հայտարարությունն արվեց օգոստոսի 26-ին: Ի դեպ, շատ քաղաքական գործիչների համար, այդ թվում Հայաստանում, ՌԴ ղեկավարության նման որոշումը եղավ ինչպես ամպրոպը պարզ երկնքում: Իրոք, մինչ օգոստոսի 7-8 իրադարձությունները Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հեռանկարները, մեղմ ասած, անորոշ էին, թեեւ որոշ առաջխաղացում գրանցվեց Կոսովոյի ճանաչումից հետո: Միեւնույն ժամանակ, վրացական հարձակման անխուսափելիությունն ակնհայտ էլ բոլորի համար, ով ուշադիր հետեւում էր իրադարձությունների դինամիկային Կովկասում վերջին մի քանի ամիսներին: Հիշեցնեմ CNN ընկերությանը Վ.Պուտինի տված հարցազրույցից մի հատված. «...Չեմ թաքցնի, այստեղ գաղտնիք չկա, իհարկե, մենք նախապես ուսումնասիրում էինք իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում նաեւ ուղղակի ագրեսիան վրաց ղեկավարության կողմից»: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան չլսեց, կամ ձեւացրեց, թե չի լսում, ապա դա իր խնդիրն է:

Վրաց ագրեսիայի ետ մղման հետ, որը փոխարինվեց Սարկոզիի խորամանկ միջնորդությամբ (որի ակնհայտ նպատակն էր փրկել Սահակշվիլիին վերջնական ջախջախումից), տեղի ունեցան անդառնալի փոփոխություններ: Բոլորովին ակնհայտ դարձավ, որ ճանաչումը տեղի կունենա, ընդ որում ավելի շատ շուտ, քան ուշ, եւ «կախված» այս հարցը չի մնա: Ինչն էլ տեղի ունեցավ` ցանկացած այլ որոշում նախկին վրացական ինքնավարությունների կարգավիճակի վերաբերյալ (ինչպես նաեւ որոշման բացակայությունը, ինչը կարող էր քողարկվել ՄԱԿ-ում անարդյունք քննարկումներով) ավելի շատ վնաս կհասցներ Ռուսաստանին, քան Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի պաշտոնական ճանաչումը:

Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա ստեղծված իրավիճակում նա շատ նեղ դաշտ ունի գործելու համար: Մի կողմից` Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է, որ Հայաստանի հետ նույն` ՀԱՊԿ կազմակերպության մեջ է: Մյուս կողմից` հայտնի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից: Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակ է, եւ օդային հաղորդակցությունը ստիպված իրականացվում է նաեւ Ադրբեջանի տարածքով: Անշուշտ, այս հարցը ժամանակի հետ կլուծվի, սակայն առկա պայմաններում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը զուսպ կլինի եւ դա կարող է բավական երկար տեւել: Սերժ Սարգսյանի հայտարարություններն լիովին համարժեք էին ստեղված իրավիճակին, այն դեպքում երբ նրա հայտնի ընդդիմախոսի «ռուսամետ» արտահայտությունները բացահայտ պոպուլիստական եւ ոչ այնքան մաքուր բնույթ էին կրում:

Կարծում եմ, այժմ որոշ հնարավորություններ են ստեղծվում վիճահարույց հարցերի ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Ռուսաստանը ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրելով ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, կարող է հասնել ինչպես Երեւանի, այնպես էլ` Ստեփանակերտի որոշակի ակտիվացման` ի դեպ, ԼՂՀ ԱԳՆ-ում արդեն ողջունել են Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսի 26-ի հայտարարությունը: Անշուշտ, Մոսկվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցում կլինեն որոշ քաղաքական սահմանափակիչներ` ինչպես եւ Երեւանի կողմից Սուխումի եւ Ցխինվալի ճանաչման հարցում: Այդ սահմանափակումները կարող են գոյություն ունենալ բավական երկար ժամանակ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն, ասենք, հումանիտար հարցերի լուծմանը: Օրինակ, Վրաստանը, հայտարարելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, բոլորովին չի պատրաստվում դադարեցնել հյուպատոսական հարաբերությունները: Մինչդեռ, Ռուսաստանում բնակվող ղարաբաղցիների թիվը, գուցե, համեմատելի է վրաստանցիների թվի հետ...

Ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում ՆԱՏՕ-ի նավերի կուտակումը Սեւ ծովի ավազանում: Արժե՞ սպասել Արեւմուտիք հետ լուրջ դիմակայության:

Այդ նավերի կուտակումը ուժի սովորական ցուցադրում է (ինչպես, օրինակ, 1878թ., երբ Անգլիան, դժգոհ լինելով ռուս-թուրքական պատերազմի արդյունքներից, իր նավերը մտցրեց Կոնստանդինոպոլսի շրջանում): Հնարավոր է, նավատորմի քողարկմամբ որոշակի միջոցառումներ են անցկացվում, ուղղված վրաց բանակի մարտական ներուժի եւ ռազմական ենթակառուցվածքների վերականգնմանը, որոնք տուժեցին Վրաստանին խաղաղություն պարտադրելու ռուսական գործողության ընթացքում: Կարծում եմ, դեռեւս անմիջական ռազմական վտանգ ռուսական ափերի համար այդ արմադան չի ներկայացնում: ԱՄՆ-ն, իհարկե, գնալով անկանխատեսելի է դառնում, սակայն հազիվ թե նույնիսկ այնտեղ գտնվի մի մոլեռանդ, որ ընդունակ լինի հրահրել Ռուսաստանի ընդհարումը Սեւծովյան ավազանում: Միեւնույն ժամանակ նոր դիմակայության վտագը կաճի, եթե Թբիլիսիի ռեժիմը գնա նոր ագրեսիվ քայլերի: Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, ասում է նաեւ այն, որ Վրաստանը դուրս եկավ հրադադարի մասին բոլոր նախկին համաձայնագրերից (բացառությամբ «վեց սկզբունքների», որոնք Թբիլիսիում յուրովի են մեկնաբանում):

Ինչ վերաբերում է տարբեր տնտեսական պատժամիջոցներին, ապա հազիվ թե Եվրամիությունը շտապի հրաժարվել ռուսական գազի առաքումներից, եւ առավել եւս ետ կանչի իր մենեջերներին, որոնցով լի են Մոսկվայի շատ խոշոր եւ շահութաբեր ընկերություններ: Հաշվի առնելով Եվրոպայի տնտեսական զարգացման միտումները, դա շատ անգիտակից քայլ կլիներ: Մամուլում կամ փարիզյան սրճարաններից մեկում արված հիստերիկ հայտարարությունները հարկավոր է տարանջատել լուրջ քաղաքական գործիչների հայտարարություններից ու գործողություններից: Անշուշտ, նրանք փորձում էին ստուգել, թե որքան ամուր է Ռուսաստանը, եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականաչափ լավ է պատրաստվել ՌԴ նոր նախագահի մուտքին: Դե ինչ, եթե իրենք ցանկանում էին ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալ, ապա ստացան:

Կփոխվի՞ արդյոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, եթե հանրապետականներին փոխարինեն ժողովրդավարները:

Կարծում եմ, ԱՄՆ-ում կա որոշակի երկկուսակցական համաձայնություն արտաքին քաղաքականության հարցերի մեծամասնության վերաբերյալ, եւ առանձնակի փոփոխությունների պետք չէ սպասել: Ազնվորեն ասած, ոչ միայն ՄըքՔեյնի, այլ նաեւ Օբամայի շրջապատը լավատեսություն չի ներշնչում` վերցնենք թեկուզ Ռիչարդ Հոլբրուքի թեկնածությունը, որը Օբամայի ընտրվելու դեպքում ԱՄՆ Պետքարտուղարի հնարավոր հավակնորդն է: Ընդհանրապես, Հանրապետական կամ Ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող կոնկրետ նախագահի տեղն ու դերը ամերիկյան քաղաքական համակարգում հավանաբար, պետք չէ գերագնահատաել: Նախագահից բացի, կան խոշոր կորպորացիաներ, «ուղեղի տրեստեր», լոբբիստական խմբեր եւ այլն..Ընդանուր առմամբ, էներգառեսուրսների եւ դրանց տեղափոխման ուղիների համար սրվող մրցակցության պայմաններում ԱՄՆ-ի քաղաքականությունը գնալով կկոշտանա, ինչը հղի է նոր խոշոր հակամարտություններով ու պատերազմներով, այդ թվում, նաեւ Կովկասի տարածաշրջանում:

Ի՞նչն է այնումանեյանիվ գերակայում` ազգերի ինքնորոշման իրավունքը թե տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի տեսակետից:

Երկու սկզբունքներն էլ կախված են քաղաքական կոնյուկտուրայից, սակայն հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքն առավել հստակ է ներկայացված: Զարգանալով նախորդ հարյուրամյակներում որպես քաղաքական սկզբունք (նոր պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի առաջացման օրինականացում), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն առաջատար տերությունների ջանքերով վերածվեց ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ գրանցված իրավունքի հիմնական սկզբունքներից մեկի: Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում (1970 հոկտեմբերի 24) այս սկզբունքը հետագա զարգացումը ստացավ. «ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված ժողովրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի համաձայն, բոլոր ժողովրդները իրավունք ունեն ազատ, առանց արտաքին միջամտության որոշել սեփական քաղաքական կարգավիճակն ու իրականացնել իր տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը, եւ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը Կանոնադրության դրույթների համաձայն»: Նույն Հռչակագրում ասվում է, որ ինքնորոշման իրավունքի իրականացման միջոցներ կարող են հանդիսանալ «ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծումը, ազատ միացումը անկախ պետության կամ միավորումը նրա հետ, կամ ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի ընդունումը»: Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրում եւ 1966թ, հոկտեմբերի 19-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրում (հոդված 1) ասված է. «Բոլոր ժողովրդները ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի համաձայն նրանք ազատ կերպով հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը...Այդ համաձայնագրին մասնակից բոլոր պետությունները...պետք է ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրագործումն ու հարգեն այդ իրավունքը»:

Կարելի է հիշատակել նաեւ այլ կարեւոր փաստաթղթեր, ՄԱԿ-ի բանաձեւեր եւ այլն: Բնականաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը եւս հիշատակվում է դրանցից շատերի մեջ, սակայն ոչ մի տեղ չի ասվում որեւէ սկզբունքի գերակայության մասին: Իսկ Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի համաձայն, պետությունների գործողությունների մեջ «ոչ մի բան չպետք է մեկնաբանվի որպես այնպիսի գործողությունների թույլտվություն կամ հորդորում, որոնք կարող են հանգեցնել մասնատման կամ տարածքային ամբողջականության կամ ինքնիշխան ու անկախ պետությունների քաղաքական միասնության մասնակի կամ ամբողջական խախտման, որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքները»: Այլ կերպ ասած, կարելի է գալ այն եզրակացության, որ տարածքային ամբողջականության սկզբուքնը հազիվ թե հնարավոր լինի կիրառել այն պետությունների հանդեպ, որոնք իրենց քաղաքականության մեջ չեն ապահովում այնտեղ բնակվող ժողովրդների իրավահավասարությունը եւ թույլ չեն տալիս նման ժողովրդների ազատ ինքնորոշումը:

Ըստ 1975թ. Անվտանգության եւ համագործակցության Հելսինկիի եզրափակիչ ակտում ասվում է այն մասին, որ բոլոր սկզբունքներն «առաջնահերթ կարեւորություն» ունեն: Փաստաթղթում թվարկվում են 10 սկզբունքներ, որոնց թվում է` ուժի կամ սպառնալիքի չկիրառումը եւ վեճերի խաղաղ կարգավորումը: Այսինքն հենց այն սկզբունքները, որոնք կոպտորեն խախտել է վրացական կողմը: Իրականում, վեճերը այս կամ այն սկզբունքի գերակայության մասին ներկայումս ունեն զուտ կոնյուկտուրային քաղաքականացված բնույթ: Իրականում, այդ սկզբունքները, վերը նշվածը հաշվի առնելով, հազիվ թե շատ են հակասում միմյանց: Օրնակ, երբ 1990-ականների սկզբին Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա եւ հայտարարեց այն որպես նոր գավառ իրեն միացնելու մասին, նա խախտեց Քուվեյթի տարածքային ամբողջականությունը (ԱՄՆ-ի դերը, որը «քուվեյթյան որոգայթը» լարեց Իրաքի առաջնորդի համար, մենք այստեղ չենք դիտարկի): Իսկ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Օսեթիայի դեպքում մենք գործ ունենք ժողովրդների կամքի հետ, որը ձեւակերպած է այդ պահին գործող օրենսդրություններին համաձայն, իսկ այդ հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ռազմական գործողությունները արտաքին ագրեսիայի ետ մղում էր, ինչի իրավունքը նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ:

Ինչպե՞ս եք գնահատում որոշ աշխուժացումը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչպե՞ս այն կարող է կապված լինել այլ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ:

Որոշակի ջերմացումն Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում կարելի է դրական գնահատել: Թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է փուլ առ փուլ կարգավորվեն: Խորհրդակցությունները երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով դադարել են գաղտնիք լինելուց, Սերժ Սարգսյանն առաջարկեց իր թուրք գործընկերոջը ժամանել Երեւան ֆուտբոլային խաղի, Ա.Գյուլը այցելեց Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին, որն այժմ Թուրքիայի տարածքում է: Հայկական երկաթուղու ռուս կոնցեսիոներները հայտարարում են Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղը վերականգնենլու պատրաստակամության մասին: Արտերկրյա ԶԼՄ-ներում նույնիսկ տեղեկություններ են հայտնվել Հայաստանի հետ որոշ նավթայի ընկերությունների բանակցությունների վերաբերյալ` երկրի հյուսիսում (այլ կերպ ասած, շրջանցելով Վրաստանը) գազամուղի առավել անվտանգ ճյուղավորման շուրջ (մասնավորապես, նշվում է Այրում-Գյումրի-Ախուրյան երթուղին): Բնականաբար, դեռեւս սրանք ընդամենը հնարավոր տարբերակներ են, սակայն Վրաստանի եւ հատկապես ԱՄՆ-ի ապակառուցողական դերը տարածաշրջանում գնալով ակնհայտ է դառնում ոչ միայն Ռուսաստանի կամ Իրանի համար, այլ նաեւ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցների, ինչպիսին է Թուրքիան, եւ չի բացառվում, նաեւ Եվրամիության երկրների համար, որոնք մտահոգ են իրենց էներգետիկ անվտանգության խնդիրներով: Տարածաշրջանային անվտանգությունն ապահովող մեխանիզմների ընդհանուր ընկալումը անհրաժեշտ նախադրայլներ կստեղծի առկա վիճելի հարցերի կարգավորման համար:

Ապագայում հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի մասնակի ապաշրջափակումը չպետք է օգտագործվի որպես փաստարկ, որ թույլ կտա հարց բարձրացնել ՀՀ տարածքից ռուսական ռազմակայանի շուտափույթ դուրսբերման մասին: Հայ-թուրքական սահմանի բացումը պետք է ոչ թե ամերիկյան, այլ ռուսական նախագիծ լինի: Կարեւոր է ընդգծել հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության կայունացնող գործոնը չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պարագայում, ինչպես նաեւ այն փաստը, որ Անկարան որոշակի կախվածություն ունի Ադրբեջանի շահերից, կապելով Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը «անվտանգության գոտուց» ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերման պահանջների հետ:

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հայկական իշխանությունների ֆլիրտը, սեպտեմբերին սպասվող համատեղ զինվորական ուսուցումը հասկանալի է հաճոյախոսությունների քաղաքականության կոնտեքստում, բայց պետք է հստակ գիտակցել, որ արեւմտյան խաղացողները փորձելու են օգտագործել Կովկասի ժողովուրդներին` որպես սպառման հումք (դա է ցույց տալիս նաեւ վրացական օրինակը) : Որեւէ գայթակղիչ խոստումով Ռուսաստանի հեռացումը դժվար թե դրական կերպով կանդրադառնա Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգության վրա: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ՆԱՏՕ-ի օգնությամբ: Կովկասում Ռուսաստանի դիրքերի մասնակի վերականգնումը վրացական ագրեսիայից հետո, Թուրքիայի եւ Իրանի հետ ընդհանուր տեսակետները ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության հարցում, հնարավոր է, դրդեն պաշտոնական Բաքվին ղարաբաղյան խնդրի լուծման ավելի համապատասխան ճանապարհներ փնտրել: Բայց եւ այնպես, մոտակա ամիսների ընթացքում եւ մինչեւ Ադրբեջանի նախագահի ընտրությունները դա հաստատ տեղի չի ունենա»,- ընդգծել է Արեշեւը:
---