Վանաձորում տեղի է ունեցել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերող հանրային քննարկումը

Վանաձորում տեղի է ունեցել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերող հանրային քննարկումը

PanARMENIAN.Net - Վանաձորում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում երեկ տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերող հանրային քննարկումը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը:

Քննարկման մասնակցության հրավերն ուղարկվել էր շահագրգիռ հանրության տարբեր խմբերի մոտ 90 ներկայացուցիչների, որոնցից մասնակցել են մոտ 70-ը: Հրավիրվածների թվում էին նաև Թեղուտի անտառի պաշտպանության շարժման ակտիվիստները, որոնք հրաժարվել էին ներկա գտնվել քննարկմանը: «Մենք կարծում ենք, որ սա ընդամենը ձևական քայլ է, որը պայամավորված է նրանով, որ մարտի 27-31-ը Օրհուսի կոմիտեն Ժնևում քննարկելու է նաև Թեղուտի հանքի անօրինականությունների խնդիրը, և այդ հարցի հետ կապված ճնշումներ կլինեն կառավարության վրա: Սա ընդամենը ձևական քայլ է ցույց տալու համար, որ ինչ-որ քննարկումներ ընթանում են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախօրեին նշել էր շարժման ակտիվիստ Արփինե Գալֆայանը:

Միջոցառման սկզբում ցուցադրվել է հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ տեղեկատվական ֆիլմ: Ելույթներ են ունեցել և իրենց մտահոգող հարցերի մասին խոսել են Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, «Հայաստանի կանաչ տարածքների պաշտպանության դաշինք» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը և այլք:

Բարձրացված հարցերը վերաբերում էին ինչպես ծրագրի իրականացնման հնարավոր բնապահպանական հետևանքներին, այնպես էլ այն դերակատարմանը, որ ծրագրի իրականացումը կունենա Լոռու մարզի սոցիալ-տնտեսական կյանքում: Տեղեկատվական զեկույցներով հանդես են եկել ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ՀՀ արդարատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և այլք:

«Վալեքս» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Արզումանյանը ներկայացրել է հանքավայրում առկա իրավիճակը և պարզաբանումներ է տվել ներկաների բարձրացրած հարցերի շուրջ:

Քննարկումներին զուգընթաց շենքի ներսում շարունակվում էր նաև բնապահպան-ակտիվիստների ակցիան` Վանաձորում Թեղուտի հանքի շահագործման դեմ ցույց է կազմակերպվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---