Կրթության և առողջապահության նախարարություններն իրավասու չեն պատժել դպրոցներում ծխողներին

Կրթության և առողջապահության նախարարություններն իրավասու չեն պատժել դպրոցներում ծխողներին

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի Վահան Արզումանյանը` Կանաչաստանի ՀԿ-ի միջնորդությամբ, երեկ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որով դիմում էր ԶԼՄ-ներին հանրության և պաշտոնական մարմինների ուշադրությունը հրավիրելու հանրային վայրերում չծխելու մասին օրենքին և դրա իրավախախտումներին:

Արզումանյանը նշում է, որ իր երեխային ուղարկել էր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց և պարզել, որ այդ դպրոցի տարածքում ծխելն արգելված չէ: Այնուհետև, դիմել էր տնօրինությանը ծխելը դպրոցում արգելելու բողոք-խնդրանքով, սակայն նրա դիմումն արժանացել էր մերժման: Երեխային տեղափոխելով Հ.Դանիելյանի անվան Շահրվեստի դպրոց` նա կրկին հայտնաբերել էր, որ դպրոցի տարածքում ծխում են: Ըստ Վահան Արզրումանյանի` իր բողոք-պահանջն այստեղ ևս ուշադրության չի արժանացել:

PanARMENIAN.Net նախ խնդրի հետ կապված մեկնաբանություն ստացավ Կրթության և գիտության նախարարությունից: Նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ուսումնական հաստատություններում ծխելն արգելել, վերահսկելը ներքին կարգապահական խնդիր է, և նախարարությունը որևէ իրավասություն չունեն այս հարցում:

Իսկ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը հավելեց, որ առողջապահության նախարարությունն այս դեպքում որևէ միջամտություն չի կարող իրակնացնել: Փաստորեն, Առողջապահության նախարարությունը միայն զգուշացնում է

Վահան Արզումանյանի նամակում նշված փաստերի իսկությունը պարզելու համար PanARMENIAN.Net կապվեց Սպենդիարյանի անվան երաժշտական և Դանիելյանի անվան արվեստի դպրոցների տնօրենների:

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ներկայիս տնօրեն Մարինե Վարդանյանը պատմեց, որ դպրոցի տնօրենին ուղղված՝ Արզումանյանի դիմումը կապված է եղել այն փաստի հետ, որ գիշերային հերթափոխի ժամանակ պահակը ծխել է: Դիմումին արձագանքելով՝ նախկին տնօրենը ժողով է հրավիրել և խիստ նախազգուշացրել բոլորին, որ դպրոցի տարածքում չծխեն: «Այժմ էլ դպրոցի ներսում չեն ծխում և, համաձայն օրենքի, կան փակցված պաստառներ»,- նշեց դպրոցի այժմյան տնօրենը:

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Գեորգի Շահնազարյանն էլ հավաստիացրեց, որ դպրոցում 67 աշխատակիցներից ծխում են միայն երկուսը, նրանք էլ` փետրվարի 1-ից ծխել են միայն դրսում. «Մինչև փետրվարի մեկը եղել է մի դեպք, երբ պահակը ծխել է դպրոցի ներսում, սակայն նրան զգուշացվել է, իսկ ծխելն արգելող նշաններ մեզ մոտ վաղուց կախված են»:

Տեղեկացնենք, որ համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝ ծխելն արգելվում է կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական եւ այլ հաստատություններում: Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելը արգելելու վերաբերյալ հայտարարության բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, հոդված 173.3): Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---