Մարաղայի իրադարձություններն Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության շարունակության անհերքելի փաստեր են

Մարաղայի իրադարձություններն Ադրբեջանի կողմից  Հայոց  ցեղասպանության շարունակության անհերքելի փաստեր են

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ կազմակերպած միջոցառումը նվիրված Մարաղայում ցեղասպանության 20-րդ տարելիցին: Այսօրվա միջոցառման նպատակն է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին ու նրանց հարազատներին, այլ, նաև նպաստել ողջ աշխարհում Ցեղասպանության դրսևորումների դեմ պայքարին:

Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ կազմակերպած միջոցառում նվիրված Մարաղայում ադրբեջանական իշխանությունների գործած ցեղասպանության 20-րդ տարելիցին: Իր խոսքում հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դահլիճում ներկա ականատեսներին, զոհվածների հարազատներին, Մարաղա գյուղի բնակիչներին ասել է. «Մենք բոլորս այսօր պարտք ենք ձեզ, քանի որ այդ հրեշավոր ոճրագործության պատասխանատուները դեռ պատիժ չեն կրել: Մարաղայի իրադարձությունները Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության շարունակման անհերքելի փաստ են»:

Պատգամավորը նշել է, որ կազմակերպությանը մեծ դժվարությամբ է հաջողվել տեղեկություններ հավաքել զոհերի ու գերված հայերի մասին: Այժմ գյուղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և այնտեղից տեղեկություններ ստանալն անհնար է, բացի այդ, գերեվարվածներին սովորաբար ստրկության են վաճառել մասնավոր անձանց, որտեղ նրանք դաժան ճակատագիր են ունեցել, ուստի կազմակերպությունը հաճախ չի հրապարակում այդ տվյալները՝ չցավեցնելու համար տառապած մարդկանց:

1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը հարձակման ենթարկվեց ադրբեջանական զինվորների կողմից՝ արդյունքում գյուղն ամբողջապես ավիրվեց, 59 մարդ սպանվեց, 57 հոգի գերեվարվեց, այդ թվում 9 երեխա և 29 կին, ևս 19 հոգի մինչ օրս համարվում է անհայտ կորած:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---