Արմեն Աշոտյան. Զոլյանն անհամաձայնությունը հայտնելիս անցել է բարեկրթության սահմանները

Արմեն Աշոտյան. Զոլյանն անհամաձայնությունը հայտնելիս անցել է բարեկրթության սահմանները

PanARMENIAN.Net - Մինչ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հանրային կապերի բաժինը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ռեկտոր Սուրեն Զոլյանին հայտարարած «խիստ նկատողությունը», Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է հետևյալը. «Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհանրապես վերջին ամիսներին Ս. Զոլյանը աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ցավում եմ, որ իր անհամաձայնությունը հայտնելու արտահայտչամիջոցների մեջ նա անցել է բարեկրթության բոլոր սահմանները»:

Նկատողությունից հետո Սուրեն Զոլյանը հայտարարել էր. «Չգիտեմ, թե ինչ նմանատիպ, աչքի ընկնող նվաճումներ ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն այդ հրամանի շնորհիվ այն հաստատ կարող է հավակնել Գինեսի գրքում հայտնվելուն: Իսկապես՝ ինչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամին խիստ նկատողություն հայտարարել Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եվ դա այն դեպքում, երբ համապատասխան Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը: Պարզից էլ պարզ է. դատարանը անվավեր կճանաչի այս անհեթեթ հրամանը, ուստի ես որեւէ անհանգստանալու բան չունեմ: Պարոն Աշոտյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, նույն հաջողությամբ նա կարող էր հրամայել ինձ գլխատել կամ աքսորել Լուսին: Սակայն այստեղ ես նաեւ դրական բան եմ տեսնում. դատաքննության ընթացքում կհրապարակվի այս որոշմանը նախորդած նամակագրությունը և ակներեւ կդառնա պարոն Աշոտյանի մտավոր եւ բարոյական մակարդակը, ինչից թող հետեւություններ անեն նրա գործընկերները կառավարությունում եւ կուսակցությունում: Դիմելու ենք նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ՝ վերացնի նշված հրամանը եւ որոշի պարոն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Թե չէ՝ ժողովրդի լեզվով ասած՝ հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում»:

Ըստ նախարարության, ռեկտորը մեղավոր է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` առանց նախարարության որոշման իր պարտականությունները և լիազորությունները ժամանակավորապես այլ անձի հանձնարարելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---