Աշխարհահռչակ Կիմ Կի Դուկի, Ալմոդովարի նման ռեժիսորները կդասավանդեն Ռոման Բալայանի ռեժիսուրայի երևանյան կուրսերում

Աշխարհահռչակ Կիմ Կի Դուկի, Ալմոդովարի նման ռեժիսորները կդասավանդեն Ռոման Բալայանի ռեժիսուրայի երևանյան կուրսերում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բազայի վրա կստեղծվեն Ռոման Բալայանի ռեժիսուրայի բարձրագույն կուրսերը: Նախագիծը հայտնի ռեժիսորը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարարությանը և այն հավանության է արժանացել:

Այսօր` ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Ռոման Բալայանը նշեց, որ ընդունելության քննությունների հանձնաժողովի կազմում լինելու են երկու վրացի և երկու ռուս ռեժիսոր, որոնց անունները, սակայն Բալայանը չնշեց: Հանձնաժողովում է լինելու նաև ինքը` Ռոման Բալայանը և հայաստանցի ռեժիսոր Արամ Շահբազյանը: Մեկ տարի տևողությամբ դասընթացներին մասնակցելու է ամենաշատը 7 ուսանող:

Կուրսերն, ամենայն հավանականությամբ, կազմակերպվելու են երկու տարին մեկ: Կուրսերում վարպետության դասընթացներ կանցկացնեն այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Պեդրո Ալմոդովարը, Կիմ կի Դուկը և այլոք: Ընդունելության քննությունները կլինեն օգոստոսին:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշեց, որ այս նախաձեռնությունը ունենալու է հիմնադրամի կարգավիճակ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կաջակցի համապատասխան տեխնիկայով, Ազգային կինոկենտրոնը երիտասարդներին կօգնի ֆինանսապես:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---