Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով եղել է Ավանում

Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով եղել է Ավանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում:

Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը: Քաղաքապետարանից հայտնում են, որ զեկուցվել է՝ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ: Սակայն բնակիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել Երևանի քաղաքապետի կոչին` սեփական նախաձեռնությամբ ազատելով զբաղեցրած տարածքները. «Ավանը միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով և բարեկարգ բակերով և ողջունելի է, որ դրանք շարունակում են ընդլայնվել հենց բնակիչների նախաձեռնությամբ: Ընդհանրապես, մենք բոլոր վարչական շրջաններում ենք բարեկարգման նման ծրագրեր նախատեսել և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և հարմարավետ մեր բնակիչների համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի և թփերի պահպանմանն ու խնամքին:

Մայրաքաղաքի կանաչապատման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը հստակ է. ծառատունկ իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվում նաև բակային տարածքներում. «Կանաչ տարածքների ստեղծման հարցում մեր պահանջը հստակ է. նախ իրականացնել ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ, ապա նոր նախաձեռնել այգու և կանաչ տարածքների հիմնման ու վերականգնման աշխատանքները: Միայն գործող ոռոգման համակարգի առկայության դեպքում է հնարավոր իրականացնել մեր կանաչ Երևան ունենալու ծրագիրը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ծրագրերով միայն այս տարի Ավան վարչական շրջանում շուրջ 65000 քմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվելու:

Աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը եղել է նաև Երևանի թիվ 52 նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվել են լուսամուտները: Մանկապարտեզի կոլեկտիվն ու ծնողները իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ ընդգծելով քաղաքապետի կարգադրությամբ երեխաների սննդի որակի նկատմամբ իրականացվող մշտական հսկողությունը:

Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում անդրադառնալով իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կատարման որակի ու սահմանված ժամանակացույցով աշխատանքներն ավարտելու վերահսկման հարցում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---