Մարդկային ստեղծարար գործունեությունը հնարավոր է դարձրել օբյեկտների մեջ ներդնել արհեստական ինտելեկտ

PanARMENIAN.Net - Զարգացող տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում հաշվարկման համակարգի ներմուծումը մարդուն շրջապատող միջավայր և առօրյա առարկաներ` օբյեկտների մեջ ներդնելով արհեստական ինտելեկտ: «Բացենք մեր միտքը» խորագիրը կրող սեմինարաշարի ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում, բանախոսներ Հյուն-Յուլ Լին ու Ֆլորան Ազիոսմանովը ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված ժամանակն ու պատմությունը միահյուսող առարկաները:

«Նորագույն տեխնոլոգիաներն անթերի ծրագրային միջավայրեր են, որ կամրջում են թվանշային, ֆիզիկական աշխարհներն ու մարդու պահանջները` դրանց տալով ստեղծագործական արտահայտություն և դիզայն»,- ընդգծել են բանախոսները:

Հյուն-Յուլ Լին ու Ֆլորան Ազիոսմանովը ներկայացնում են մարդկային ստեղծարար գործունեության և արտադրության նոր բնագավառ, մի նոր տնտեսություն, որն առաջին անգամ ներկայացվել է Չինաստանում կայացած «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարում: Այս բնագավառը նորովի կներկայացվի նաեւ Հարավային Կորեայում կայանալիք «Էքսպո-2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:

Բանախոսները տեխնոլոգիայով հագեցած առարկաների և միջավայրի կոնկրետ օրինակներ բերեցին` ցույց տալով, որ դրանք արդեն իսկ ներգործում ու հարստացնում են բիզնեսը, նաև` քաղաքային ու տնային միջավայրները: Նրանք անդրադարձան մի շարք հարցերի, այդ թվում` տեխնոլոգիաներով հագեցած առարկաների ներուժին, որոնք ընկալում են իրավիճակն ու փոխազդում մարդկանց հետ շատ ավելի խորը մակարդակում, քան թույլ կտար դրանց անշունչ էությունը:

Սեմինարաշարը կազմակերպել է «Լույս» հիմնադրամը` Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---