ՄԻ պաշտպանը կուսակցություններին իր խորհրդատվական աջակցությունն է առաջարկել

ՄԻ պաշտպանը կուսակցություններին իր խորհրդատվական աջակցությունն է առաջարկել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` հանդիպմանը քննարկվել են ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները` առաջարկելով համագործակցություն նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում:

«Միավորված հայեր» կուսակցությունը մատնանշել է նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաև մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը հիմնականում բավարարված էր նախընտրական զարգացումներով և էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա որոշ անճշտություններից:

Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:

Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավարի հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---