Արմեն Աշոտյան. Գիտակրթական հիմնարկները նաև պետություն են ներկայացնում

Արմեն Աշոտյան. Գիտակրթական հիմնարկները նաև պետություն են ներկայացնում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԿԳՆ լեզվի պետական տեսչություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգվել են: ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը շրջել է բարեկարգված սենյակներում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ:

Նա գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ` վերհիշելով այդ հաստատության աշխատանքի համար տարրական պայմանների բացակայութնունը: Տարեվերջին ՀՀ կառավարությունը նախարարության խնայողությունների հաշվին համապատասխան գումար էր հատկացրել` նշված հիմնարկները բարեկարգելու և կահավորելու նպատակով:

«Գիտակրթական հիմնարկները նաև պետություն են ներկայացնում և պետք է անել հնարավորը, որ տվյալ կառույցների աշխատակիցներն աշխատեն արժանավայել պայմաններում»,-ընդգծել է Աշոտյանը:

Այցի ընթացքում նախարարը խոսել է նաև Լեզվի պետական տեսչության և, մասնավորապես, ԲՈՀ-ի գործունեության մասին` նշելով, որ այն գտնվում է խորը բովանդակային փոփոխություննների մեջ, և վերջին երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, այն է` խստացվել են պաշտպանական գործընթացների նկատմամբ պահանջները` և' թեկնածուական, և' դոկտորական աստիճան ստանալու համար, վերակազմակերպվել են գիտական խորհուրդները, ինչպես նաև վերանայվել է գիտական ամսագրերի նկատմամբ քաղաքականությունը, փոխվել են վկայագրերը և այլն:

«Ձեռնարկված խստացումները բերել են նրան, որ այսօր շատ դժվար է դարձել պաշտպանել, և պատահական չէ, որ այս տարի ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված պաշտպանությունների թիվը նվազել է մոտ 20 տոկոսով»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով գիտական ամսագրերի` նա նշել է, որ հունվարի 1-ին ԲՈՀ-ը հրապարակել է գիտական ամսագրերի ցանկը, և հուլիսի 1-ից այն ամսագրերը, որոնք չեն ունենա ինտերնետային կայք, դուրս կմնան վերոնշյալ ցանկից:

«Զավեշտալի է, որ 21-րդ դարում գիտական ամսագիրը չունի ինտերնետային կայք, չունի գիտական տեղակատվությունը սփռելու անհրաժեշտ հնարավորություն: Բացի այդ պետք է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել, որ հայ գիտնականների աշխատանքը մատչելի լինի նաև արտասահմանցի գիտնականներին»,-նշել է նախարարը;

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---