Հայաստանում հնարավոր է անցկացվեն Լիբանանի հայ համայնքի օրեր

Հայաստանում հնարավոր է անցկացվեն Լիբանանի հայ համայնքի օրեր

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Գաբի Լեյունի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նախարարի խորհրդական Միշել դը Շատարևյանը և լիբանանահայ գրող, թարգմանիչ և գրաքննադատ Սարգիս Կիրակոսյանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Հակոբյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան ջերմ, բարեկամական հարաբերությունները` նշելով, որ մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի և նրա ժողովրդի ջերմ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայությանը ապաստան տալու, օրհասական պահին սատար կանգնելու և աջակցելու հարցում:

Գաբի Լեյունը նշել է լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և այլ ոլորտներում` ընդգծելով, որ լիբանանահայերը արժանի և օրինակելի քաղաքացիներ են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցերի: Քննարկվել է Հայաստանում Լիբանանի հայ համայնքի օրեր անցկացնելու հնարավորությունը:

Հրանուշ Հակոբայնը Գաբի Լեյունին է նվիրել սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որն ընդգրկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարներ և տեղեկություններ դրանց վերաբերյալ: Պատկերագրքում տեղ են գտել նաև Լիբանանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված յոթ հուշակոթողների լուսանկարները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---